Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի. Ավինյան
ԹեմաԵրևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը:
«Արդեն 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս Երևանում են։ Երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի այստեղ: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, փաստացի նույն հաղթողն է եղել մրցույթում»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ տրոլեյբուսների մակնիշը տարբերվում է նախորդից, բայց շատ մոտարկված է։
«Մեզ փաստացի տրանսպորտային բարեփոխումը վերջնականացնելու համար մնում է ընդամենը 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, Ավինյանն ասաց, թե այն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։
«Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Տրանսպորտի գնի փոփոխության մասին խոսելով էլ քաղաքապետն ասաց, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի։