Նիկո՛լ, դու ո՞վ ես, որ փոխես Սահմանադրությունը, եթե անգամ նման իրավասություն չունես. Պողոսյան
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման վեց տարիների ընթացքում հակասական հայտարարություններ է արել Սահմանադրության մասին։ Առաջին անգամ չէ, որ նա խոսում է Մայր օրենքի փոփոխության կամ նորն ընդունելու անհրաժեշտությունից։ Սակայն 2018-ից մինչեւ օրս հուլիսի 5-ի շնորհավորական ուղերձներում ու հայտարարություններում երկրի Մայր օրենքի փոփոխությունները Հայաստանի ղեկավարը պայմանավորել է տարբեր իրավիճակներով ու հանգամանքներով։ Վերջին շրջանում եւս Սահմանադրությունը փոփոխելու թեման շարունակում է քննության առնվել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից, ով շարունակում է իր պահանջները ներկայացնել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխման շուրջ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
— ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Խաղաղության պայմանագրին հակասելու դեպքում՝ Սահմանադրությունը կփոխվի: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունը հակաօրինական եւ հակասահմանադրական է, առնվազն իր լիազորությունների գերազանցում է: Տեսեք, մենք Սահմանադրությամբ հստակ նախատեսել ենք, որ ցանկացած Միջազգային պայմանագիր՝ եթե կնքվում է ՀՀ-ի կողմից (անկախ նրանից, թե որ մարմինն է պայմանագիրը կնքում), անպայման պետք է համապատասխանի մեր Սահմանադրությանը, եւ դրա համար նախատեսել ենք Սահմանադրական նախնական վերահսկողության ընթացակարգ, որպեսզի ցանկացած պայմանագիր, որը ենթական է վավերացման՝ սկզբից ստուգվի սահմանադրականության տեսանկյունից եւ հետո նոր գնա Ազգային ժողով, որն արդեն քաղաքական որոշում է կայացնում, թե քաղաքական առումով որքանո՞վ է նպատակահարմար, որ Հայաստանը ստանձնի այն պարտավորությունները, որոնք ամրագրված են այդ միջազգային պայմանագրում: Այսինքն` Սահմանադրության ելակետը նրանում է, որ ՀՀ ցանկացած մարմին միջազգային պայմանագիր մշակելիս, նախապատրաստելիս եւ բանակցելիս պետք է ելնի նրանից, որ այդ պայմանագրի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը: Հիմա Փաշինյանն իր ելույթում ամեն ինչը գլխիվայր շուռ է տվել եւ ասել է, որ երբ մենք «խաղաղության» պայմանագիր կկնքենք Ադրբեջանի հետ, եւ հետո պարզվի, որ Սահմանադրական դատարանը կարծում է, որ դա հակասահմանադրական է, Սահմանադրությունը կփոխենք:
Այսինքն, Փաշինյանի խոսքերով ստացվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական խաղաղության պայմանագիրը գերակա պետք է լինի իր համար, Կառավարության համար, եւ այդ նպատակով իրենք պետք է Սահմանադրություն փոխեն: Պարզ լինելու համար՝ հետեւյալ օրինակը բերեմ. պատկերացրեք, Փաշինյանը ինչ-որ մեկին սպանում է, հետո ասում է՝ դե լավ, այդպես ստացվեց, սպանեցի եւ որպեսզի ես պատժի չենթարկվեմ՝ մենք Քրեական օրենսգիրքը կփոխենք եւ կգրենք, որ, ասենք, Փաշինյանը եթե մարդ է սպանում, ապա դա հանցագործություն չէ: Փաշինյանի ասածը հենց դա է իրականում: Չի կարող այնպես լինել, որ Կառավարությունն իմանալով հանդերձ, որ ինքը հակասահմանադրական միջազգային պայմանագիր է կնքել՝ արդեն նախօրոք ինքն ասի, որ այդ պարագայում մենք կփոխենք Սահմանադրությունը: Դու ո՞վ ես, որ փոխես Սահմանադրությունը: Դու անգամ իրավունք էլ չունես այդ Սահմանադրությունը փոխել, դու նման իրավասություն չունես: Դու կարող ես ընդամենը առաջարկ ներկայացնել` Սահմանադրությունը փոխելու, բայց նորից եմ կրկնում, որ խնդիրը դրանում չէ: Խնդիրն այն է, որ Փաշինյանը գլխիվայր կերպով շուռ է տվել Սահմանադրության տրամաբանությունը եւ Սահմանադրության հստակ տեքստը: Որեւէ կասկած չկա, որ հակառակը պետք է լինի: Եթե Փաշինյանը կնքի Խաղաղության պայմանագիր, որը կհակասի մեր գործող Սահմանադրությանը, ապա այդ պայմանագիրը չի կարող վավերացվել եւ վերջ:
— Ադրբեջանը չի դադարում պնդել այն մասին, որ Խաղաղության պայմանագրին խանգարում է հենց ՀՀ Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Մեր Սահմանադրության մեջ նման եզրույթ կա՞ իրականում:
— Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ չի պարունակում: ՀՀ Սահմանադրությունը պարունակում է համազգային նպատակ՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման կամ Արցախի ինքնորոշման փաստի վերաբերյալ: Դրանք տարբեր հասկացություններ են, եւ Միջազգային իրավունքում էլ ինքնորոշման սկզբունքը եւ տարածքային ամբողջականության սկզբունքը՝ երկուսն էլ առանձին-առանձին գոյություն ունեն ու ինքնորոշման սկզբունքի իրականացումը՝ անպայմանորեն չի ենթադրում, որ դրանով խախտվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց խնդիրը դա չէ:
Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները թելադրել են մի այնպիսի տեքստ՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով Անկախության հռչակագրի այդ համազգային նպատակները՝ փաստացի առոչինչ են ճանաչվել ոչ իրավաբանորեն: Այսինքն` Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ասում է, որ համազգային նպատակներ գոյություն չունեն:
Եթե համազգային նպատակներ գոյություն ունեն, ապա դրանք պետք է Սահմանադրության տեքստում ամրագրված լինեին, քանի որ դրանք Սահմանադրության առաջին հոդվածից սկսած՝ հետագա հոդվածներում որեւէ կերպ արտացոլված չեն: Մասնավորապես՝ Արցախի ինքնորոշման փաստը կամ հայ ժողովրդի երկու հատվածների միավորման փաստը: Դա նշանակում է, որ նման համազգային նպատակ գոյություն չունի: Այս առումով՝ Սահմանադրական դատարանը ոչ թե մեկնաբանել է մեր Սահմանադրությունը, Սահմանադրության նախաբանը, այլ պարզապես գերազանցելով իր լիազորությունները՝ փոխել է ՀՀ Սահմանադրությունը: Պարզ ասած՝ վերցրել գրիչով ջնջել է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի մեջ հաստատագրված համազգային նպատակները եւ բառերը: Ջնջել է եւ դրա իրավասությունը, բնականաբար, Սահամնադրական դատարանը չուներ:
— Ամիսներ առաջ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
— Շատ պարզ կերպով կարելի է մեկնաբանել՝ Ալիեւը տեսնում է, որ իր առջեւ ունի թուլակամ եւ դավաճան իշխանություն: Ինքը տեսել է, որ այս իշխանությունը միշտ գնացել է ցանկացած տեսակի զիջումների եւ միշտ պատրաստ է իր աթոռը պահպանելու համար անել ամեն ինչ եւ դրա համար ներկայացնում է նման լկտի պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ