«Հրապարակ». ՔՊ նիստը թեժ է անցել. Արփի Դավոյանին 2 կողմ, վեցը դեմ են քվեարկել
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2 ժամ քննարկել, ապա մերժել են արդարադատության նախարարի պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածու Արփի Դավոյանին: Նիստին ներկա են եղել նաեւ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց թեկնածություններն առաջադրել են կուսակցությունում` Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան, սակայն նրանք բացարկ են հայտնել։ Արուսյակ Ջուլհակյանը դժգոհել է, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու ստորագրահավաքի ժամանակ պետք էր նաեւ նոր թեկնածուի անունը գրել, որ թեկնածուի փնտրտուքի հարցում կուսակցությունը փաստի առաջ չկանգներ: Ակնարկել է, որ եթե ՔՊ-ում իմանային, որ Դավոյանը Մինասյանի «տակը փորում» է, որպեսզի ինքը նստի նրա տեղը, շատերի համար դա անընդունելի կլիներ: Նրան հակադարձել է Փաշինյանը՝ ասելով, որ դա պարտադիր չէ, չկա նման ձեւակերպում, որ պետք է թեկնածու էլ ներկայացնեին։
Դավոյանին բացատրել են, որ չի ձգի նախարարի պաշտոնին, դա ծանր գործ է, բազային լուրջ կրթություն է պահանջում։ Դեմ են եղել Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը։ Նախարարի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է, նոր անուններ են շրջանառվում՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում