Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան
ՀասարակությունԱյսօր հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նշենք, որ հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է նշված մանկավարժին ձերբակալելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը եւ իրականացվել է։ Իսկ թե ինչպես է իրականացվել, պարզապես, ցնցել է դպրոցի աշակերտներին ու վրդովվեցրել նրանց ծնողներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
— Որքանով տեղյակ ենք, Ձեր երեխաները սովորում են Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում: Որեւէ տեղեկություն ունե՞ք կատարվածից:
— Կատարվածի մասին տեղեկացա երեխաներիս ահազանգից, որ դպրոցում անհասկանալի իրավիճակ է, բոլորին տուն են ուղարկում (գոնե ցածր դասարաններին), վերջին դասաժամը չէին արել եւ եկել էին տուն: Բայց այստեղ նախ հարցն այն է, որ երեխաները բավականին լարված ու վախեցած են: Նույնիսկ ասում էին, թե՝ դպրոցում կա՛մ մարդ են սպանել, կա՛մ ինչ-որ ահաբեկչություն է տեղի ունեցել, որովհետեւ ոստիկանությունը լցվել ու գործողություն էր իրականացնում: Հետո արդեն մամուլից տեղեկացանք, որ տեղի է ունեցել ձերբակալություն՝ շատ կոշտ, անհամաչափ ուժի կիրառմամբ: Ամենեւին էլ կասկածի տակ չդնելով ձերբակալվածի կամ բերման ենթարկվածի անմեղության կանխավարկածը՝ նման գործելաոճ դպրոցում, այն էլ անչափահասների ներկայությամբ, անթույլատրելի է: Եվ սա ես նաեւ որպես մանկավարժ եմ ասում: Բայց, եթե կար որեւիցե խնդիր, իսկ տարբեր, այսպես ասած, տեղեկություններ կան, որ ինչ-որ խնդիր, ամեն դեպքում, եղել է, ապա կարելի էր, ուղղակի, քաղաքակիրթ կերպով հրավիրել այդ մանկավարժին բաժին՝ բացատրություններ տալու: Նոր հետո թող քննիչը որոշեր՝ ձերբակալում է, թե՝ ոչ: Մինչդեռ այս պարագայում՝ իրավապահներն անչափահասների ներկայութամբ ներխուժել են դպրոց եւ իրականացրել գործողություն: Կարծում եմ՝ այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում լինի՝ ե՛ւ քաղաքապետարանի կրթության վարչության, եւ ԿԳՄՍ նախարարության կողմից, որովհետեւ նման վարքագիծ՝ այն էլ կրթական օջախում, անթույլատրելի է: Երեւույթն է տգեղ, սա այլեւս չպետք է կրկնվի՝ այն էլ կրթօջախում: Եվ ամենասարսափելին է, որ անչափահասների ներկայությամբ հարվածել են մարդուն, ստորացրել, ռեպլիկ թողել, թե՝ «նման կինո դեռ չեք տեսել, հիմա տեսեք, թե ինչ կինո ենք նկարում»: Այս ամենը ոչ միայն նսեմացնում է ողջ իրավապահ համակարգն, այլեւ անթույլատրելի է մեր պետության մեջ:
— Սովորաբար, դպրոցում տնօրենի կամ ուսուցիչների հետ նույնիսկ լրագրողական հարցազրույց անելու համար, նկարահանում թույլ չեն տալիս, պահանջում են՝ քաղաքապետարանից թույլտվություն: Մինչդեռ այս պարագայում համացանցը շատ արագ ողողվեց ձերբակալության կադրերով: Էլ չասենք, որ այլ դեպքերում իրավապահները բավականին հարգալից են իրենց դրսեւորում՝ հանցագործների նկատմամբ: Ինչպե՞ս հասկանալ այս երկակի ստանդարտները:
— Անկեղծ ասած, ինձ համար էլ է մի փոքր անհասկանալի: Ես հիշում եմ, որ դեպք էր եղել, երբ հանցագործը պատանդներ էր վերցրել, եւ հետո ոստիկանությունը եկավ, համոզեց հանձնվի, ու նրան շատ հարգալից ուղեկցեցին դեպի մեքենան, անգամ մեքենայի դուռն էին նրա համար բացում, որ նստի: Ընդ որում՝ այն դեպքում, երբ խոսքն, ըստ էության, ահաբեկչական հատկանիշներով քրեական գործի մասին էր: Բայց այս պարագայում գործ ունենք մանկավարժի հետ, ով ընդամենը կասկածվում է ինչ-որ արարքներ կատարելու մեջ: Կրկնում եմ՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Եվ նաեւ անհասկանալի է, թե ո՞ւր են կրթության գծով այն բազմահազար փորձագետները, ովքեր օրնիբուն մտահոգված են դպրոցում բարեփոխումներ իրականացնելով, ո՞ւր են իրավապաշտպան կազմակերպությունները, ովքեր մի քանի տարի առաջ ընդամենը պառկում էին փողոցում եւ ցույց էին տալիս, որ իրավապաշտպանությունն իրենց կյանքի գլխավոր նշանաբանն է: Հիմա այդ մարդիկ եւ այդ կազմակերպությունները չկան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ