«Ժողովուրդ». Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Տարեսկզբին, երբ կրկին Կոմիտասի շուկայի վաճառականներին ստիպեցին լքել շուկայի տարածքը, մամուլը գրեց, որ սեփականաշնորհող ընկերությունը GTB Holdings ՍՊԸ-ն է։
Իսկ ո՞վ է այդ արտոնյալ գործարարը: Շուկայի վաճառականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելիս պնդում էին, որ շենքի տարածքում բնակելի շենք է կառուցվելու, իսկ իրենք իրենց հանապազօրյա հացը չեն կարողանալու վաստակել: Այսինքն՝ շարքային բնակիչը տուժելու է, իսկ խոշոր գործարարի բիզնեսը՝ զարգանալու:
Իսկ ովքեր են GTB Holdings ՍՊԸ-ի սեփականատերերը. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգը։
Նոնո Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրն է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Նոնո Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում Կոմիտասի շուկայի աշխատակիցներին. սակայն չհաջողվեց, մեր հաղորդագրությունները մնացին անպատասխան։ Հավելենք, որ Նոնո Սարգսյանի ամուսինը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ խոշոր գործարար, որը անգամ դիվանագիտական անձնագրով ոչ վաղ անցյալում ազատ ելումուտ էր անում»։