«Փաստ». Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս հանգամանքը բավական շատ մեկնաբանությունների տեղիք տվեց: Թե՛ հայկական, թե՛ արտերկրյա մեծաթիվ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը «մեսիջ» են հղում ՌԴ-ին, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, միևնույն ժամանակ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ Արևմուտքին, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում բոյկոտելու է եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և, այսպես ասած, «ատամ» է ցույց տալու Մոսկվային։
«Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին՝ սեփական իշխանության պահպանման համար։ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը սեփական իշխանությունը պահպանելուն ուղղված միջոցառումների շղթա է՝ այսօր նա ռուսամետ է, վաղը՝ արևմտամետ։ Հայաստանը Փաշինյանի օրոք բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները, ժամանակ առ ժամանակ չի մասնակցում ԵԱՏՄ միջոցառումներին՝ դա փորձելով ներկայացնել որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, իսկ իրականում ՔՊ-ն կատարում է Արևմուտքի հակառուսական հրահանգները»,նշում են հեղինակներն ու հավելում, որ ԵԱՏՄ-ի կայացումն ու ինտեգրացիայի խորացումը չի բխում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անգլո-սաքսոնական ուժերի շահերից, քանի որ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Լոնդոնը ցանկանում են չեզոքացնել ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ ներկայությունը հետխորհրդային տարածքում և ողջ նախկին ԽՍՀՄ տարածքը վերածել «նոր Ուկրաինայի»՝ հակառուսական երկրների կոալիցիայի»: