Դեռ չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է կրկնել Մխիթարյանի ուղին. Բերեզովսկի
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը Alpha News-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է մի շարք թեմաների մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին.
«Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ է, մարդ, ով երկար ժամանակով իր անունը գրել է Հայաստանի և եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ։ Դժվար է ասել, ով կարող է կրկնել նրա ուղին։ Միշտ հիացել եմ նրա աշխատասիրությամբ, մոտիվացիայով, կյանքով։ Նա միշտ միայն վեր է բարձրացել՝ առանց կանգնելու։ Մարզիկների մոտ լինում են շրջաններ՝ վերելքի և անկման, բայց Հենրիխին անկման շրջանը շրջանցել է։ Դեռ չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է կրկնել Մխիթարյանի ուղին։ Բայց հուսով եմ, որ այս խոսքերս ապագայում սխալ կլինեն, և որևէ մեկը կկրկնի այդ ուղին։ Մինչև վերջին խաղը, երբ նա գալիս էր հավաքական, միշտ նվիրված էր, ներդնում էր բոլոր ուժերը։ Խաղում էր տարբեր դիրքերում, եթե նույնիսկ դա հարմար չէր, միայն թե հավաքականին օգուտ տա»,- ասել է Ռոման Բերեզովսկին: