Մտնում ես գյուղ ու քեզ թվում է, որ հայտնվում ռուսական գողտրիկ անկյունում.Գյուղ, որտեղ սպանելն՝ արգելում են, իսկ ամուսնությունը ողջ կյանքի համար է
ՀանդիպումԵթե դուք անգամ մեկ անգամ եղել եք Երեւանի ծածկած շուկաներից մեկում, որտեղ հիմնականում վաճառում են մրգեր ու բանջարեղեն, ապա հաստատ հանդիպած կլինեք սպիտակ-կարմրաթուշ դեմքերով եւ սպիտակ գլխաշորերով թթու վաճառող երիտասարդ կանաց ու աղջիկների: Երբեմն նրանք կանգնում են նաեւ մարդաշատ փողոցներում` խանութների հարեւանությամբ, եւ անցորդներին իրենց ցածր ու ամաչկոտ ձայնով առաջարկում մանր կտրտած կաղամբի կամ վարունգի թթուն: Նրանք մալականներն են, ովքեր ռուսներ են եւ իրենց հավատի պատճառով 19-րդ դարի 40-ական թվականներին ռուսական տափաստաններից աքսորվել են Արեւելյան Հայաստան, որն այդ ժամանակներում մաս էր կազմում Ռուսական կայսրությանը:
Մալականները Հայաստանում ամենախիտը բնակեցված են Լերմոնտովո գյուղում` Լոռու մարզում Գուգարքի շրջանի ամենացուրտ գոտում է` Աղստև գետի ձախ կողմում: Սկզբում գյուղը անվանել են Վոսկրեսենովկա, 1941 թվականին գյուղը վերանվանվել է Լերմոնտովո: Ռուս աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ և այժմ կազմում են բակչության 80 տոկոսը: Համայնքում նաև ապրում են հայեր (15%) և եզդիներ ( 5%):
Ի՞նչ խնդիրների հետ են բախվում մալականները Հայաստանում, ի՞նչ նիստուկացով են առանձնանում այս եւ այլ հարցերի շուրջ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել հենց մալականների կողմից հիմնադրված Լերմոնոտովո համայնքի հայազգի վարչական ղեկավար ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆԸ, նախ անդրադառնալով նրանց էությանը.
-Այստեղի ռուս բնակիչներին անվանում են մալականներ: Նրանք չեն ենթարկվել ռուսական ուղղափառ եկեղեցուն և չեն խաչակնքվել: Դրա համար Եկատերինա թագուհին բարկանում է և որոշում է պատժել և աքսորում է հեռավոր երկրներ: Մալականները ապրում են համեստ, բայց ազնիվ եւ աշխատասեր կյանքով: Նրանք չեն ձգտում հարստության, բայց անպայման օգնում են հարեւանին կամ բարեկամին: Նրանք կենցաղում ընդունում են սոցիալական արդարությունը, հավասարությունը: Նրանց տները մեծ չեն եւ ոչ էլ շքեղ, բայց հաստատ մաքուր են ու կոկիկ:
Այս անվանումը ռուսերեն «մոլոկո» բառից է առաջացել: Դա կապված է այն փաստի հետ, որ մալականները չեն հրաժարվել կաթից պահքի օրերին: Շաբաթ օրը նրանց մոտ բաղնիքի տոն է: Իսկ կիրակի օրը նրանք հագնում են սպիտակ գոգնոցներ ,գնում են եկեղեցի, հետո նրանք մտնում են իրար թև-թև և երգելով գնում- գալիս են:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, գազարի, կաղամբի և այլ կուլտուրաների մշակմամբ: Գյուղում առկա է միջնակարգ դպրոց, որտեղ կան հայկական և ռուսական դասարաններ:
-Ի՞նչ խնդիրների հետ են առնչվում մալականները:
-Հիմնականում նրանք խնդիրնեի, որպես այդպիսին չեն բախվում, նրաք շատ ինքնաբավ մարդիկ են, երբեք իրենց դժբախտությունն անգամ չեն օգտագործում ի շահ օգնության: Հիմնականում համայնքապետարան են գալիս հողային հարցերով` մեկին շատ հող հասավ, մյուսին, ով բազմազավակ ընտանիք ունի քիչ հողատարածք: Ի դեպ, որպեսզի հասկանաք, թե ինչքան հպարտ մարդիկ են մի փաստ էլ նշեմ: 80-տոկոս մալականներից 32 տոկոսը հրաժարվել է նպաստ, թոշակ ստանալուց, պատչառաբանելով, որ դա նրանց քրտինքը չէ, որ դա նրանք հանգիստ խղճով չեն օգտագործի:
Դուք կզարմանաք մալոկանների աշխատասիրությունից: ՙՕրինակ, եթե 1000 քառակուսի մետրից եթե հայը ստանում է 1.5 տոննա կաղամբ, ապա մոլոկանը ստանում է 4 տոննա: Շատ լավ են մշակում եւ չափազանց աշխատասեր են: Լավ գյուղատնտես լինելուց բացի, մալականներն ունիեն մեղմ բնավորություն եւ շփումներում չափազանց քաղաքակիրթ են:
Մտնում ես գյուղ ու քեզ թվում է, որ հայտնվում ես աշխարհից կտրված` ռուսական գողտրիկ անկյունում, մարդիկ խոսում են ռուսերեն, նրանց տները հենց այնպիսին են, ինչպես ռուսական գյուղերում` հիմնականում միհարկանի եւ փայտից, ներկված կապույտ գույնով: Լերմոնտովոյի դպրոցը ունի երկու սեկցիա` հայկական եւ ռուսական դասարաններով: Մոլոկանները այնքան էլ չեն ձգտում, որ երեխաները բարձրագույն կրթություն ստանան: Միայն այս վերջին տարիներին որոշները գնում են Ռուսաստան, երբեմն էլ` Երեւան սովորելու: Մոլոկանները հայերեն հասկանում են, բայց շատ վատ են հայերեն խոսում:
-Ասում են նրանց հարսանիքներն էլ են տարբերվում` այդպե՞ս է:
- Հարսանիքն անցնում է ավանդության համաձայն՝ առանց խմիչքի, թեյով ու տարբեր ուտեստներով: Հարսնաքույրն ու հարսնեղբայրը մոլոկանների մոտ անպայման ամուսնացած պետք է լինեն: Հարսնացուն սպիտակ զգեստ է հագնում եւ «չուպիկ» կոչվող հուլունքներով գլխարկ կրում: Ի պատասխան համաձայնության՝ հարսնացուն փեսային սպիտակ թաշկինակ է նվիրում, ծնողներն էլ՝ քաղցրեղենով լի պայուսակ: Ոսկյա զարդեր մոլոկանները միմյանց չեն նվիրում: Փոխարենը աղջկա ծնողները հարուստ օժիտ են պատրաստում: Հարսնացուի կուսությունը հաստատող որեւէ հանգամանք ու պարագա մոլոկանները չեն ընդունում: Ամուսնական հարաբերություններն առանց դրա էլ օրհնում է այն ուղղության առաջնորդը, որին պատկանում են փեսան ու նրա ընտանիքը: Մեկ անգամ ամուսնանալով՝ մոլոկանները հետդարձի ճանապարհ չունեն: Ամուսնությունը ողջ կյանքի համար է, հակառակ դեպքում քեզ կարհամարհի ու չի ընդունի քո իսկ սեփական համայնքը: Հարսանիքին առանց հրավերքի ոչ ոք չի կարող ներկա լինել:
Մալական կանայք ու տղամարդիկ սովորաբար տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Ամուսնացած տղամարդիկ մորուք են պահում: Կանայք կրում են շղարշից կամ ժանյակից գլխաշոր, անպայման երկար փեշ, երբեք` տաբատ: Բացի դրանից, ունեն հատուկ հանդիսավոր հագուստ, որը հագնում են աղոթելիս, ուրախ կամ տխուր առիթներին: