Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին. Վահե Գրիգորյան
Ներքաղաքական Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցված իր ելույթում անդրադարձել էր ՀՀ Սահմանադրությանը, ինչի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրին հակասելու դեպքում՝ կփոխվի ՀՀ Սահմանադրությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Դա խեղկատակություն է պարզապես: Եթե անգամ նման արտահայտություն հնչել է, ապա դա առհասարակ, դուրս է ցանկացած տեսակի՝ իրավական եւ տրամաբանական մտածողությունից, որովհետեւ Սահմանադրությունը պետության իրավական Աստվածաշունչն է: Սահմանադրությունն է, որ երաշխավորում է իրավական պետությունն ու փաստացի ինքնիշխանությունը: Չի կարող որեւէ երկիր, որն իրեն անգամ տեսականորեն համարում է ինքնիշխան, փոխել Սահմանադրությունը, որպեսզի այն համաձայնեցվի կամ համապատասխանեցվի թեկուզեւ խաղաղության միջազգային պայմանագրին: Դա ուղղակի անհնարին է, եւ ես այդ մասին այլեւս մեկնաբանություն չեմ տա, քանի որ դա դուրս է իրավունքի ամբողջ փիլիսոփայությունից: Անգամ նման արտահայտությունն է ինքնին հակասում Սահմանադրությանը:
— Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Սահմանադրությունը, որն իբրեւ թե տարածքային պահանջներ է պարունակում իրենց երկրի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս դիրքորոշմանը:
— Ադրբեջանի ներպետական օրենսդրությունն այդ նույն տրամաբանությամբ եւս խոչընդոտում է խաղաղության գործընթացին, քանի որ Ադրբեջանն իրեն հայտարարել է ադրբեջանական եւ ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, որի իրավասութունը, ըստ ադրբեջանական կողմի, տարածվում է այնպիսի տարածքների վրա, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային ինքնիշխանությունը եւ սահմանային պատկանելի լինելը շատ վաղուց ճանաչված են:
— Արդյո՞ք հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ:
— Այո, քանի որ հենց այդ մասին էր խոսքը: Ադրբեջանի իրավական համակարգը շատ ավելի տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, քան հակառակը:
— Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանն ավելի վաղ Իլհամ Ալիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանի Սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել սա:
— Սահմանադրությունը փոխվում է հանրաքվեի միջոցով, համապետական ընտրության միջոցով, եւ թող ժողովուրդն իր կարծիքը հայտնի, թե արդյո՞ք ինքը ցանկանում է փոխել Սահմանադրությունը Ալիեւի պահանջով, թե՝ ոչ: Տեսեք, թշնամին շատ լավ է ճանաչում մեր հասարակությանը, ինչպես նաեւ մեր պետական եւ հասարակական մտածողությունը եւ անդադար նոր ճնշումներ գործադրելու միջոցով ստանում է այն բոլոր կորզումները, որոնք իրեն անհրաժեշտ են, եւ այդ ամենն անում է շատ աստիճանաբար: Ամեն ինչ իրականում սկսվել է դեռեւս շատ տարիներ առաջ՝ սահմանային լարված իրավիճակից, երբ գնալով մաշեցնում էին դիմադրողականության կարողությունը: Աստիճանաբար առավել քան ավելացնելով իրենց պահանջները, իրենց կատարած քայլերը, եւ ահա նրանք այսօր ունեն այն, ինչ, որ ունեն:
— Ընդդիմությունը մատնանշում էր, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Սահմանադրական տեսանկյունից այս մասին ի՞նչ կասեք:
— Դա առաջինը հենց ինքս եմ ասել 2021 թվականի հունվար ամսին, իսկ այդ հարցի շուրջ մնացյալ մանրամասներին տեղեկանալու համար կարելի է պարզապես հարցնել հենց Նիկոլ Փաշինյանից:
— ԱԳՆ-ը Սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը գնահատում է «կոպիտ միջամտություն» երկրի ներքին գործերին: Ինչպե՞ս պետք է դիմակայել դրան:
— Այո, դա ներքին գործերին չխառնվելու միջազգային սկզբունքներից մեկն է, քանի որ արդեն նշեցի, որ Սահմանադրությունը՝ դա ինքնիշխանության ամենակարեւոր իրավական փաստաթուղթն է ոչ միայն ներքին օրենսդրության, այլեւ առհասարակ, պետության ինքնիշխանության: Հետեւաբար այս մասով զուտ այն արձանագրումը, որ Ադրբեջանը փորձում է խառնվել Հայստանի ներքին գործերին, ակնհայտ է:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ