Միշուստինը կարևորեց Տիգրան Սարգսյանի ծրագիրը. ԵԱՏՄ տարածքը՝ թվայնացման ճանապարհին
ՀասարակությունՀայաստանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը խոսեց «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հավելված մասին, որը ծրագրվել ու ստեղծվել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից։
«Այս ծրագիրը օգնում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին գտնել համապատասխան աշխատանք ԵԱՏՄ տարածքում և ստանալ պետական ծառայություններ», - նշել է Միշուստինը և հավելել, որ այն «օգտակար ու պահանջված նախաձեռնություն է»։ Հավելվածը ստեղծած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավարը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Նրա գլխավորած հիմնադրամը զբաղվում է ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կյանքի դյուրացմանն ուղղված թվային նորարարություններով, որոնցից մեկն էլ հենց «Աշխատանք ԵԱՏՄ»-ում ծրագիրն է։
Այսպես, հավելվածը հնարավորություն է տալիս պայմանական Հայաստանի քաղաքացուն գտնել աշխատանք Եվրասիական տնտեսական միության անդամ այլ ցանկացած երկրում՝ ընդ որում իր կյանքը նախապատրաստելով հեռահար կարգով՝ վարձել տուն, ստանալ ժամանակավոր կեցության իրավունք, տեղավորել երեխային դպրոց կամ մանկապարտեզ և այլն։ Այսինքն, այն ինչ մինչև հիմա ծախսատար ու ժամանակատար էր, հնարավոր է իրականացնել հեռախոսի միջոցով՝ գտնվելով ոչ այդ երկրի տարածքում։
Ընդհանրապես, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է այնպիսի հավելվածներ, որոնք հնարավորություն են տվել հաղթահարել ստեղծված ճգնաժամները։ Օրինակ, 2020-ից սկսված կորոնավիրուսային համավարակի փակ սահմանները ԵԱՏՄ տարածքում և հետագայում այլ երկրների միջև հնարավոր եղավ հաղթահարել «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածի շնորհիվ, որը ներդնելուց հետո բացվեցին դեպի Ռուսաստան և հետ թռիչքների հնարավորությունները բազմաթիվ երկրների՝ այդ թվում և Հայաստանի համար։
Ի դեպ, Հայաստանում ընթացող նույն համաժողովի ժամանակ թվայնացման կարևորության մասին խոսեց Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը՝ կարևորելով թվայնացման շնորհիվ հասնել ԵԱՏՄ տարածքում բժշկական տեղեկանքների փոխադարձ ճանաչմանը։ Պայմանական, եթե մարդը ստանում է բժշկական տեղեկանք Հայաստանում, ապա ընդհանուր թվային շտեմարանի միջոցով այն պետք է ուժի մեջ ճանաչվի մյուս անդամ պետությունների տարածքներում։