Հեղինակազրկված է ամբողջ քաղաքական դաշտը. Վահագն Չախալյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի հետ զրույցում Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, անդրադառնալով Բագրատ սրբազանի հոկետեմբերի 2-ից վերսկսվող պայքարից սպասելիքներին, ընդգծել է, որ մեծ նախադրյալներ չի տեսնում այս պահին, որ ժողովրդական զանգվածները կմոբիլիզացվեն: Նրա գնահատմամբ՝ մինչեւ քաղաքական արմատականություն չլինի այս ամենի մեջ, այս խնդիրը հենց այնպես չի լուծվելու:
— Ընդդիմությունը սխալ է հարցը դնում, թե այսքան մարդ հավաքենք եւ կհեռացնենք իշխանությանը: Անշուշտ, մարդաքանակ պետք է, բայց սա ճիշտ ձեւակերպում չէ: Մարդաքանակով չի լուծվելու այս հարցը, այլ լուծվելու է վճռականությամբ, թե ով է ավելի շատ կազմակերպված, ով է ավելի շատ տեմպ ապահովում: Նաեւ ասեմ, որ այս հարցում ես շատ լավատես չեմ: Ժողովրդի մոտ խոր հիասթափություն կա: Այո՛, մարդիկ չեն ուզում այս իշխանություններին, սա հստակ է, բայց այս պահին նրանց հեռացնելու ճանապարհն էլ չեն տեսնում: Ընդդիմությունը՝ ես էլ մեջները (ինձ չեմ առանձնացնում), չենք առաջարկում հստակ, տեսանելի ճանապարհային քարտեզ, որ ժողովուրդը տեսնի եւ հասկանա, որ մենք ենք այն ուժը, որը կարող է այս խնդիրը լուծել: Մեր ժողովուրդը թեպետ գենետիկորեն հազարամյակների վատ հիշողություն ունի, բայց խորագետ է, զգում ենթագիտակցորեն չի զգում է, որ մենք հստակ պատկերացնում ենք այդ ճանապարհը, թե ինչպես ենք տվյալ պարագայում իշխանություններին հեռացնելու: Դրա համար էլ մարդիկ վերապահումով են մոտենում:
— Պարոն Չախալյան, ստացվում է, որ այսքանից հետո ընդդիմությո՞ւնն էլ այսօր չունի ժողովրդի աջակցությունը:
— Իշխանությունների այն թեզը, թե ընդդիմությունն աջակցություն չունի ժողովրդի կողմից, սա էլ է կեղծ: Բնականաբար, իշխանությանը ժողովրդի աջակցությունը զրո է իրականում, իսկ այդ կապիկ շոուները, որ անում են, ամենահեղինակազրկված իշխանավորն էլ կարող է, օրինակ, մարդիկ գտնել, որ իրեն ծափ տան, իր ձեռքը համբուրեն: Մենք իշխանության չենք, բայց եթե ուզենանք այդպիսի ներկայացում բեմականացնել, մենք էլ կարող ենք: Ուղղակի, նման խնդիր չենք դրել, որ ինչ-որ մեկը գա, մեր ձեռքերը համբուրի կամ փաթաթվի ինձ ու ասի՝ վա՜յ, Չախալյան ջան, էս ինչ ուժեղ տղա ես: Այդպիսի տեսարաններն ինձ հետաքրքիր չէ: Այնպես որ, եթե իշխանությունը նման քայլերի է դիմում, սա չի նշանակում թե իրենք հեղինակություն ունեն: Բայց սա էլ պետք է ֆիքսենք, որ հեղինակազրկված է ամբողջ քաղաքական դաշտը: Այսինքն՝ իշխանության հեղինակություն չունենալը դեռեւս պատճառ չէ, որ ժողովուրդը ուրիշ ուժի ընտրի: Ուզենք, թե չուզենք այդպես է: Ու շատ խորը ցավով եմ ասում, որ նման պատմական սպառնալիքների առջեւ կանգնած երկրում այդպես է, ինչը շատ վատ է: Այո՛, կրկնում եմ՝ բովանդակ քաղաքական դաշտը հեղինակազրկված է: Հիմա անհատ գործիչներ կան, որոնք հայրենասեր են, պետականամետ, սա անքննելի է, բայց բովանդակ քաղաքական դաշտը, որպես այդպեսին, եւ ընդհանրապես քաղաքականությունը հեղինակազրկված է մեր ժողովրդի մոտ: Սա էլ իր պատճառներն ունի: Այնպես չէ, որ ժողովուրդն անհիմն է խույս տալիս քաղաքականությունից, չի վստահում քաղաքական դաշտին: Սա նույն քաղաքական գործիչների պահելաձեւի, վարվելաձեւի հետեւանքն է, որի դառը պտուղներն այսօր քաղում ենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ