Քու սրտի դավթրումն է՞լ հռչակագրի մասին վունչիչ չկա գրած
ՎերլուծությունԱյլեւս իրականություն է, որ իշխող ՔՊ-ի պատվերով՝ իր սրտի Սահմանադրական դատարանը կայացրեց քաղաքական որոշում, որը եթե իրավաբանական տերմինաբանությունից բերենք շարքային քաղաքացու համար հասկանալի բնութագրման, ըստ փաստաբան Արսեն Բաբայանի, ստացվում է հետեւյալը. «Այս որոշմամբ՝ ՍԴ-ն պնդում է, որ Հայաստանը դեռ 1995 թվականի Սահմանադրությամբ էր հրաժարվել Անկախության հռչակագրից, իսկ 2005-ին ու 2015-ին ոչինչ այդ մասով չէր փոխել»: Ըստ էության, երկրի ամենաբարձր դատարանը իր այս եզրահանգմամբ՝ չեղարկում է երկրի հիմնարար փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ ՀՀ անկախությունից ի վեր ընդունված բոլոր օրենքներն էլ անօրինական են: Եթե մինչ այս ասվում էր, թե մեր երկիրը կադաստրի թուղթ չունի, հիմա փաստացի զրկում են նաեւ ծննդականից՝ Անկախության հռչակագրից: Եվ մնում է խարդախ առեւտրական Զիմզիմովին ուղղված Պեպոյի հարցը վերահասցեագրել Նիկոլ Փաշինյանին ու իր ՍԴ դատավորներին՝ նորովի. «Քու սրտի դավթրումն է՞լ հռչակագրի մասին վունչիչ չկա գրած»:
Ու այս ամենի առավել ողբերգական կողմն այն է, որ մի ամբողջ ժողովրդի ապրածը փաստաթղթավորված առ ոչինչ է հայտարարվում, ու դրա արձանագրումից անդին՝ ոչինչ տեղի չի ունենում: Թեպետ ինչ-որ բան, այդուհանդերձ, տեղի ունենում է: Հանրապետության հրապարակում կայացավ «Սրբազան պայքար» շարժման խոստացված հանրահավաքը: Իհարկե, ինչպես եւ կանխատեսվում էր, շարժումն այլեւս առաջվանը չէ, եթե մայիսին հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, ապա այժմ ընդամենը մի քանի հազար մարդ էր եկել՝ այն էլ ոչ նախկին ոգեւորությամբ: Բայց, սա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ սպասումները նույն շարժումից եւ դրա առաջնորդող Բագրատ սրբազանից շարունակում են գեներացվել: Իսկ նրանց կողքին կան նաեւ այլ տեսակետներ, գուցե շարժման ակտիվի համար դառն է հնչում, բայց սրտացավությամբ ասված խոսքից նեղսրտելն էլ մի բան չէ:
ՓՈՔՐԻԿ ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞ ՇՈՈՒ
Այն, որ Բագրատ սրբազանի կոչով քաղաքացիները գնացին Հանրային հեռուստաընկերություն, եւ նա հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին, խիստ տարբեր գնահատականների արժանացավ: Օրինակ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն ասում է. «Մի ամբողջ ժողովուրդ եւ պետություն, որոնք կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ, ականատես դարձան անմակարդակ մի շոուի, որն ուներ երկու շահառու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ նրա «արմատական» ընդդիմությունը: Նիկոլ Փաշինյանն այնքան «անհարմար» արտաքին քաղաքական կացության մեջ է, որ պետք ունեցավ Հանրային հեռուստատեսության մակարդակի հասցված «հայրենասիրական» ճառի մատուցման: Պետության պրովինցիալ ղեկավարը չի էլ գիտակցում, որ այդ «հայրենասիրությունը» չի կարող «վաճառել» արտաքին որեւէ գործընկերոջ վրա՝ որպես «դժվար լուծումներն» առժամանակ հետաձգելու ալիբի: Փաշինյանին «օդի ու ջրի» պես նման ընդդիմություն է պետք՝ պաթոսախեղդ տեքստերով, բարդ հարցերից փախչող «բնավորությամբ»:
Ըստ Սուրենյանցի` ի տարբերություն առաջին խնդրի, երկրորդ հարցը Հանրայինը «լուծեց»՝ «արմատական» ընդդիմության նոմինացիան կայացած է, նույնիսկ պետականորեն ազդարարված է այն հավաքի օրն ու ժամը, որտեղ ձեւակերպվելու է ընտրություններ 2026-ի իշխանության հիմնական «ախոյանը». «Ես չեմ հասկանում, թե որ մոտիվն ու նպատակն էր Բագրատ Սրբազանին՝ պատվելի ու հարգված հոգեւորականին, տարել նման արկածախնդրության, որի միակ տեսանելի հետեւանքը կարող է լինել լուզեր, ձախողված Փաշինյանին քաղաքական վերակենդանություն տալը, 2026-ի նրա իշխանական հայտը լեգիտիմացնելը: Ծանր է այս ամենին հետեւելը»:
Իսկ ի՞նչ է առաջարկում Սուրենյանցը: Նրա կարծիքով՝ Սրբազան պայքարի միակ անելիքն այս հանգրվանում, երբ ԱԺ-ն պատրաստվում է քննարկել տխրահռչակ Կանոնակարգը, պետք է լիներ խորհրդարանն ապալեգիտիմացնելը. «Բայց ինչքան հասկացանք՝ ընդդիմադիր պատգամավորներին այդ հարթակը մանդատները վայր դնելու կոչ չի անելու»:
Ի հեճուկս Սուրենյանցի՝ կան նաեւ լավատեսներ: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն այսպես է բնորոշում կատարվածը. «Եթե կարճ, ապա որոշեցինք, գնացինք, պահանջեցինք Հ1-ից ուղիղ եթեր՝ Սրբազանի ուղերձի համար, այդ ուղիղ եթերը ստացանք: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրայինի ուղիղ եթերով դիմեց ուղերձով հայ ժողովրդին: Որպես բոնուս ստացանք նաեւ Պետրոսի կողմից ջղաձգումներ, փորձեր ներքաշել Սրբազանին իր դաշտ, բայց Պետրոսի հաշվարկը սխալ դուրս եկավ: Հարց ու պատասխանի ժամանակ ուղիղ եթերին հետեւող Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ լսեց իր մասին տհաճ փաստեր՝ իրեն իսկ ծառայող եթերով: Կարծում եմ՝ սա առաջին հաղթանակն էր»:
Ուշագրավն այն է, որ քչերն են խոսում, թե ինչ էր ակնկալում հեռուստադիողը լսել: Ի վերջո, ո՞րն է լինելու Բագրատ սրբազանի առաջարկած այլընտրանքային քաղաքականությունը, որը կլինի տարբեր Նիկոլ Փաշինյանից, այդպես էլ հայտնի չդարձավ: Բագրատ սրբազանը չտվեց պատասխան, թե, օրինակ, իշխանության գալու դեպքում ինչպես է վարվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի ընդունած եռակողմ հայտարարության հետ, ինչպես է ապահովելու երկրի անվտանգությունը: Ինչ վերաբերում է Հանրային «ներխուժելուն», իշխանական թիվ մեկ քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչներ Պետրոս Ղազարյանի եւ Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գերակտիվ ոգեւորությունը հաշվի առնելով՝ պարզ է, որ մի բան էլ սպասված էր իրենց համար հարցազրույցը: Օրինակ, ի տարբերություն այլ շարժումների առաջնորդների, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի, պարզվում է՝ Հանրայինը մի բան էլ խնդրում է, որ այս շարժման առաջնորդները ժամանակ առ ժամանակ հյուրընկալվեն իրենց եթերում:
ԻՍԿ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ՞
Ինչեւէ, լիովին արդարացված է նաեւ այն, որ ընդդիմադիրներն իրենց ողջ դժգոհություններով ու հիասթափություններով հանդերձ՝ փորձում են չվնասել շարժմանը, որն այս պահին դեռ, ըստ շրջանառվող լուրերի, յոթօրյա ծրագիր ունի: Իսկ Բագրատ սրբազանը բոլորովին չի պատրաստվում շարժման յոթնուքառսունքը միասին տալ ու գնալ տուն: Եվ բացի այդ, շարքային քաղաքացու մոտ հարց է ծագում՝ իսկ այլ տարբերակ կա՞, հո ձեռքներս ծալած տունը չենք նստելու: Եվ, իրոք, երկիրը պաշտոնապես չեղարկելու նկրտումների ֆոնին անգործությունը հանցավորություն է: Բայց ինչ-որ բան անելու համար առաջին հերթին քաղաքական ծրագիր, ճանապարհային քարտեզ է պետք, կենացներով, պաթոսով ու Նիկոլին «դավաճան» ու «նեռ» ասելով` այլեւս գրավել հանրության ուշադրությունը չի հաջողվի:
Այս ֆոնին բավականին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի հայկական միությունների ֆորումը: Նրանք նախկիններ-ներկաներ հավերժ բախումից անդին՝ առաջարկում են ստեղծել երրորդ ուժ: Ընդ որում՝ նրանց տարածած հայտարության մեջ հատկանշականն այն է, որ հենց Արեւմտյան Եվրոպայի հայերն են գտնում, որ լիբերալիզմը կործանում է Հայաստանը ու պետք է հայացքներս ուղղենք դեպի Ռուսաստան: Ստացվում է, որ սա հասկացել են անգամ Եվրոպայում, իսկ Հայաստանում դեռ «Եվրաքվե» են անում, ոմանք՝ խուսափում արտաքին քաղաքական հարցերից՝ այն փաթեթավորելով հայրենասիրական ճառերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ