Նիկոլի վերջին «հետախուզական» այցը Ռուսաստան մեկնել-չմեկնելուց առաջ
ՄիջազգայինՄերձավոր Արեւելքում այս պահին առաջացած ծանր մթնոլորտին զուգահեռ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=294378&l=am), վերջին ժամանակներս աստիճանաբար ակտիվանում է նաեւ Ալիեւը: Բավական էր, որ Նիկոլն ակնարկեր Սահմանադրություն փոխելու մասին, որ հիմա էլ Ալիեւը պահանջում է դատել արցախյան պատերազմների հերոսներին: Գումարած` «Արեւելյան Ադրբեջանի» թեման, եւ միանշանակ է դառնում, որ Նիկոլի երազանքների «խաղաղության պայմանագիրը», մեղմ ասած, դեռ շատ հեռվում է: Համենայնդեպս, քանի դեռ Նիկոլն առաջ է գնում ներկա կուրսով:
Ասենք, նա եւս նույն բանն է խոստովանում: Օրինակ, ԱԺ վերջին հարցու պատասխանին Նիկոլը հայտարարեց. «Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, դա նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու»: Բայց նաեւ պնդում է, թե ոչ մի ռազմավարություն էլ չի փոխելու, այլ պարզապես. «Մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը եւ մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»: Ալիեւն էլ, Նիկոլի պատկերացմամբ, նման հայտարարություններ անում է միայն նրա համար, որ՝ «Մեզ շեղի մեր ռազմավարությունից»:
Ու սա ասվում է դեմքի ամենալուրջ հայտարարությամբ, որից հետո արդեն իմաստ էլ չունի հարցնելը, թե այդ «ռազմավարությունը», եթե տեղին է այդ տերմինը, որեւէ շանս ունի՞, որ դառնա ձեր իսկ խոստացած «խաղաղության պայմանագիրը»:
Արդյունքում Նիկոլը, իր այդ «ռազմավարությամբ հանդերձ», մեկնեց Փարիզ: Պաշտոնական նպատակը Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթաժողովին մասնակցելն է, թեեւ դժվար չէ կռահել, որ հիմնական իմաստը Մակրոնի հետ հանդիպումն է: Հիշեցնենք, վերջերս կային խոսակցություններ, որ Մակրոնը գալու է Հայաստան: Մեր ենթադրությունն այդ ժամանակ արդարացավ. Մակրոնը ոչ միայն չեկավ, այլ ընդամենն ուղարկեց իր արտգործնախարարին, որին տուն վերադառնալուն պես գործից հանեցին: Ու ահա, եթե` «Լեռը չի գալիս Մուհամմեդի մոտ, Մուհամմեդն է գնում լեռան մոտ»: Կարճ ասած, ակնհայտորեն Նիկոլին շատ է պետք տեսնել Հայաստանի արեւմտյան «կուրատոր» Մակրոնին՝ գոնե հասկանալու համար, թե նրանից ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ: Մի քանի «Ցեզար» խոստացան, եւ վե՞րջ: Թե՞ հույսեր կան, որ Մակրոնն իր ներքին գործերը կկարգավորի եւ կվերադառնա իր «կուրատորական» ֆունկցիաներին: Այսինքն, ԱՄՆ ձախողված այցից հետո պետք է վերջապես հասկանալ՝ կարո՞ղ է Արեւմուտքի վրա հույս դնել, թե՞ գոնե մինչ ամերիկյան ընտրությունները մնացել է ինքն իրենով, իսկ ընտրություններից հետո էլ ով իմանա:
Ու սա շատ արագ է պետք հասկանալ: Մի երեք շաբաթից ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովն է, պետք է վերջնականապես գոնե ինքն իր համար հստակեցնի՝ գնո՞ւմ է, թե՝ չէ (թեեւ հայտնել է գնալու մասին): Կամ եթե գնում է, ի՞նչ է անելու, եթե «պատահաբար» այնտեղ գտնվող Ալիեւն առաջարկի՝ շատ էիր ուզում բանակցել, հիմա երկուսս այստեղ ենք, արի բանակցենք: Այն դեպքում, երբ Հեյդարովիչի կողմից այս վերջին սրացումներից հետո մի տեսակ «անհարմար կլինի» նրան մերժելը: Կարճ ասած, ի՞նչ է կարծում Մակրոնը, Նիկոլը պետք է գնա՞, թե՝ ոչ, ու եթե չգնա, Արեւմուտքը պատրա՞ստ է նրա թիկունքին կանգնել:
Բայց ասել, թե իր սեփական խնդիրները թողած, որոնք Մերձավոր Արեւելքի ներկա սրացումները բազմապատկել են, Մակրոնը կարող է Նիկոլին ռեալ բան ասել, միամտություն կլինի: Մյուս կողմից, անկախ նրանից, թե Մակրոնը ինչ կասի, նույն Մերձավոր Արեւելքի ներկա վիճակը Նիկոլին, ասենք նաեւ Ալիեւին են շատ լուրջ մտածելու տեղ տալիս: Միանգամայն հավանական տարբերակ է, որ այս բոլոր զարգացումներից Իրանը դուրս կգա էլ ավելի ամրացած դիրքերով: Ընդ որում, եթե սրա հետ մեկտեղ նույն ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում ստորագրվի նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության աղմուկ հանած պայմանագիրը, ապա ՌԴ-Իրան ուղղությանը դեմ գնալու ամեն մի քայլ շատ վտանգավոր է դառնում ինչպես Նիկոլի, այնպես էլ՝ Ալիեւի համար: Ալիեւի գործը հեշտ է՝ նա մակրոններին չի այցելում, ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Իրանի հետ հարաբերություններում ունի հավասարակշռված մոտեցում, որն էլ ավելի կհղկի՝ հաշվի առնելով Իրանի՝ Իսրայելին նման հարված հասցնելու փաստը: Եվ ոչ միայն դա, նաեւ այն աշխարհաքաղաքական դիրքերը, որոնք Ռուսաստանը շարունակում է ձեռք բերել ուկրաինական պատերազմում: Ընդ որում, այդ դիրքերը կարող են էապես էլ ավելի ամրանալ, եթե, օրինակ, հաշվի առնենք ոչ անհայտ The Telegraph-ի հետեւյալ դիտարկումը. «Ուկրաինայում պատերազմը թուլացրել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը Իրանի հարձակման դեմ»: Իմաստը հասկանալի է, եւ այն ամենեւին էլ միայն հակաօդային պաշտպանության մասին չէ: Ուկրաինա ուղարկվող զենքի պատճառով Իսրայելն է խնդիրների մեջ, ահա ողջ իմաստը: Իսկ ենթատեքստում պետք է հասկանալ՝ կորչի Ուկրաինան, կարեւորն Իսրայելն է: Իսկ որ դա կազդի պատերազմի վրա եւ ոչ Ուկրաինայի օգտին, անգամ Կիեւում քաջ գիտակցում են:
Այսինքն, մի կողմից Իրանն է իր այդ հարվածներով նոր գլոբալ հայտ ներկայացնում, մյուս կողմից՝ ռուսներն են Ուկրաինայում արագ առաջ գնում: Փաստեր, որոնք, միանշանակ, Ալիեւը մանրակրկիտ ներառում է իր հաշվարկներում:
Փոխարենը Նիկոլի ողջ հույսը մնացել է Մակրո՞նը: Թե Փարիզում սպասվող շատ հավանական հուսախաբությունը կազդի նաեւ Նիկոլի տրամադրության վրա. կտեսնենք մոտ օրերս: