Պատահական չէր, որ Իրանի հարվածն անմիջապես հետեւեց ՌԴ վարչապետի այցին
ՎերլուծությունԱյն, որ Իրանի շուրջ տեղի ունեցող ներկա իրադարձություններն ամենաուղղակի հետեւանքները կարող են ունենալ նաեւ Հայաստանի համար, միանշանակ է: Իրանն այս ամենի արդյունքում կբարելավի՞ իր տարածաշրջանային ու միջազգային դիրքերը, դա Հայաստանին եւս խոստանում է բարենպաստ հետեւանքներ: Կամ հակառակը՝ կթուլանա՞ Իրանը, դա միանշանակ կաշխատի թուրք-ազերիական տանդեմի օգտին՝ մեզ համար միանգամայն հնարավոր հետեւանքներով հանդերձ:
ԻՐԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԻՍԼԱՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
Ուրեմն, ի՞նչ զարգացումների պետք է սպասել Իսրայելին հասցված Իրանի այսքան աղմուկ հանած հարվածներից հետո: Բայց հետեւանքներից խոսելու համար նախ պետք է գլուխ հանել բուն այդ հարձակումից, որի շուրջ տարաբնույթ պնդումների եւ ենթադրությունների պակաս այս պահին չկա: Հիմնական շրջանառվող վարկածների մի ծայրակետը կարելի է համարել այն պնդումը, որ Իրանը դիմացավ-դիմացավ եւ որոշեց նման պատասխան տալ՝ ցույց տալով բոլորին, թե Թեհրանի հետ նման խաղերն անվտանգ չեն: Մյուս ծայրակետն էլ այն վարկածն է, թե իրականում այդ հարվածը բեմականացում էր՝ Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածության արդյունքում: Մյուս վարկածներն տվյալ միջակայքում են՝ այս կամ այն չափով մոտենալով այս երկու ծայրակետերից մեկին:
Հասկանալի է, այդ երկու ծայրահեղ վարկածների օգտին էլ թեր կամ դեմ փաստարկներ բերվում են: Ասենք, պայմանավորված հարվածի վարկածը փորձում են հիմնավորել, թե Իսրայելը ռեալ կորուստներ չկրեց, չկան զոհեր եւ վիրավորներ, կամ, ասենք, այն 20 իսրայելյան F-35 ինքնաթիռները, որոնց մասին ասվեց, թե ոչնչացվել են ավիաբազայում, իրականում մուլյաժներ են եղել, Իսրայելն էլ, իր պնդմամբ, որսացել է հրթիռների մեծ մասը: Իսկ մյուս ծայրակետային վարկածն էլ հիմնավորվում է, թե տեղի ունեցածն առաջին հերթին հարված էր ոչ թե ռազմական ինչ-որ օբյեկտների, այլ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հեղինակությանը, եւ դա նշանակում է, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չէր կարող լինել:
Թերեւս, շատ ավելի հավանական տեսք ունի հենց այս վերջին տեսակետը, որն իրականում շատ ավելի խորն է: Իրականում քանի հրթիռ արձակեց Իրանը, քանիսը իրականում Իսրայելը որսաց, գործնականում անհնար է հստակ պատասխան տալ: Այդ պատասխաններն ունեն Իրանն ու Իսրայելը, սակայն նրանք տարբեր բաներ են խոսում, եւ մնում է կուրորեն հավատալ սրան կամ նրան: Բայց մեկ փաստ կա այստեղ, որն անհերքելի է. վերջին հաշվով աշխարհը տեսավ դեպի Իսրայել թռչող տասնյակ ու տասնյակ հրթիռներ եւ բազում պայթյուններ. առկա գործնականում բոլոր տեսանյութերը հենց դա են ցույց տալիս, այլ ոչ թե իսրայելական օդանավակայանում գտնվող F-35 ինքնաթիռների մուլյաժները: Աշխարհը տեսավ Նեթանյահուի դողացող ձեռքերը, որը նույնքան պերճախոս էր, որքան այդ տասնյակներով հրթիռների թռիչքները: Եվ հետեւություններն էլ արվում են հենց այդ տեսածներից ելնելով, ինչքան էլ որ կատարվածի մասին բազում ուլտրահեղինակավոր վարկածներ պտտվեն:
Հենց այդ տեսածի վրա արված եզրակացություններն են, որ բերում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար ծայրահեղ վատ իրավիճակի: Արաբական աշխարհում, անգամ այն երկրներում, որոնք Թել Ավիվի հետ խաղերի մեջ են, հանրային զանգվածային տոն էր՝ դեպի Իսրայել թռչող հրթիռների տեսքից: Թուրքական հեռուստաընկերություններից մեկում` ուղիղ եթերում քաղցրեղեն էին մատակարարում: Բազում այլ՝ ոչ իսլամական երկրներում հիմնականում այն կարծիքն են, որ լավ է, այսքան սանձարձակ դարձած Իսրայելին վերջապես պատժող գտնվեց, եւ այսպես շարունակ: Այսինքն, ոգու, ոգեւորության, ռազմատենչության ու նման բաների այն թռիչքը, որն առաջացավ մասնավորապես իսլամական աշխարհում, կարող է Իսրայելի եւԱՄՆ-ի գլխին շատ չար խաղ խաղալ, եթե պարզվի, որ իրոք պայմանավորված հարվածի տարբերակն է եղել կամ նման մի բան:
Ընդ որում, այդ պատկերն անմիջապես էլ անդրադարձավ նաեւ քաղաքական դաշտում: Օրինակ, Էրդողանը ստիպված էր նախանձոտ տեսքով աջակցություն հայտնել Իրանին: Գրեթե անմիջապես Թեհրան շտապեց սունի իսլամի առաջնորդ համարվող Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան՝ հանդիպելով Մասուդ Փեզեշքիանի հետ՝ դատապարտելով Գազայի եւ Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունները եւ խոստանալով, որ Սաուդյան Արաբիան ոչ մի դեպքում դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ, քանի դեռ Պաղեստինի անկախ պետություն չի ստեղծվել: Այսինքն, այդ ուղղությամբ ԱՄՆ-ի տարիների քաղաքական ծանր աշխատանքը մի ժամում ջուրը գցվեց: Ու նման օրինակները բազմաթիվ են:
Ռազմական տեսանկյունից եւս տեղի ունեցածը դաժան հարված էր Իսրայելի համար: Այն, որ արաբական աշխարհով շրջապատված Իսրայելի անվտանգության հիմնական երաշխիքը անպարտելիության եւ ԱՄՆ-ի անվերապահ օգնության մասին պատկերացումներն են, հայտնի բան է: Բայց հիմա բոլորի աչքի առաջ այն փաստն է, որ Իսրայելի անպարտելիության գագաթնակետ ներկայացվող «Երկաթե գմբեթը» ամենեւին էլ այն անխոցելի համակարգը չէ, ինչպիսին հրամցվում է: Օրերս այն ցուցադրաբար «ծակեցին» հուսիթները՝ ընդամենը մեկ հրթիռով, որի դեմ իսրայելական երկու տասնյակի չափ հակահրթիռներն անզոր էին: Հիմա այն «մաղի» վերածեց Իրանը, ընդ որում, հարվածելով հիմնականում հին նմուշի հրթիռներով: Ընդ որում, անգամ Իսրայելին պաշտպանելու եկած ամերիկյան գերհզոր նավատորմը չկարողացավ օգնել: Ու նման պատկեր տեսնելով, հակաիսրայելական մյուս բոլոր ուժերի մոտ որքանո՞վ է մեծանալու իրենց հերթին հարվածելու գայթակղությունը:
Վերջապես, Իրանի այդ հարվածները սեփական մաշկի վրա զգացին նաեւ ռմբապաստարաններ մտած իսրայելցիները: Դատելով հաջորդած արձագանքներից, իսրայելցիների մոտ կա անապահովության զգացողության կտրուկ անկում, ընդ որում, մեղադրանքները հիմնականում ուղղված են սեփական վարչակազմին: Առանց այդ էլ Նեթանյահուի վարկանիշը մի բան չէր, եւ այս իրավիճակում կանխատեսվում է վարկանիշային կատաստրոֆիկ անկում:
ՈՒՄ Է ՊԵՏՔ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Հենց սրանք են Իրանի հարվածների տեսանելի եւ շոշափելի հետեւանքները, անկախ այն բանից, թե քանի իսրայելյան ինքնաթիռ է խոցվել կամ չի խոցվել: Հաջորդած քարոզչական արշավը, թե ամեն ինչ լավ է, տեսեք թե ինչ ենք անելու, քիչ բան կտա: Նեթանյահուի վարչակազմը կարող է նման ծանր իրավիճակը փոխել միայն կոնկրետ եւ էֆեկտիվ քայլերով: Ու հենց դա է, որ այս պահին ամենակարեւոր հարցն է առաջ քաշում՝ կարո՞ղ է, թե՝ ոչ: Ավելի կոնկրետ. հասցնել այնպիսի հարված, որից հետո բոլորը հասկանան, որ Իրանը պարտված է: Եթե ոչ, ապա Իրանը տարածաշրջանային պետությունից վերածվելու է ողջ իսլամական աշխարհի լիդերի՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար բխող միանգամայն տեսանելի հետեւանքներով հանդերձ:
Իհարկե, Իսրայելը դեռ ունի միջուկային զենքի դիմելու կամ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորություն: Սակայն այստեղ մեկ հետաքրքիր հարց կա՝ իսկ պատահակա՞ն էր, որ Իրանն իր այս հարձակումը իրականացրեց ՌԴ վարչապետի՝ Թեհրանից մեկնելու հենց հաջորդ գիշերը: Այսինքն, կարո՞ղ է այնպես լինել, որ Իրանին հասցված միջուկային հարվածների պատասխանը լինի միջուկային հարվածների տեսքով. իսրայելյան հետախուզությունը պետք է որ այս հարցի պատասխանն ունենա:
Ամեն դեպքում, որ Իսրայելը ստիպված է պատասխանել, ենթադրում են ամենատարբեր հեղինակավոր աղբյուրները: Ավելին, որ կա ԱՄՆ-ի «դաբրոն»` բայց նաեւ միջուկային օբյեկտներին չհարվածելու պայմանով: Կան նաեւ խոսակցություններ, որ իսրայելյան կառավարական ռազմական խորհուրդը հաստատել է «Իրանին դաժան պատասխան հասցնելու» որոշումը: Իրանն էլ իր հերթին է հայտարարել, որ ամեն մի պատասխանի դեպքում կլինի նոր հարված Իսրայելին, այս անգամ ավելի մասշտաբային: Այսինքն, միանգամայն ռեալ է, որ այս հարվածների փոխանակումը դեռ մեկ-երկու փուլ կշարունակվի, որը, սակայն, դժվար թե հանգեցնի այս պահին եղած, այսպես ասենք, ստատուս-քվոյի փոփոխության: Առավել եւս, որ Լիբանանում էլ Իսրայելն առանձնապես հաջողություններ դեռ չունի, ռեալ առաջխաղացումներ չկան, կորուստները ավելանում են, եւ այս ամենը եւս նեգատիվ է ազդում ինչպես ներիսրայելյան մթնոլորտին, այնպես էլ՝ գործող իշխանությունների ու Նեթանյահուի վարկանիշի վրա:
Այսինքն, Իսրայելին պետք է ռեալ ճեղքում եւ առաջին հերթին քաղաքական, հոգեբանական իմաստով, որն էլ կախված է ռեալ ռազմական հաջողություններից: Իսկ նման հաջողություններն այս պահին քիչ իրատեսական են թվում, եթե Նեթանյահուին չհաջողվի ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ: ԱՄՆ-ին էլ նախ պետք է, ինչպես միշտ, կոալիցիա ստեղծել, ու այստեղ էլ հարցեր կան: Այսպես, Իրաքում գործող պրոիրանական ռազմականացված ուժերը նախօրեին տարածեցին հայտարարություն՝ «Անգամ մեկ կաթիլ նավթ եւ գազ Մերձավոր Արեւելքից դուրս չի գա», եթե Արեւմուտքն անցնի հարձակման: Դա իրականացնելը դժվար է, ու հիմա հարց է՝ Եվրոպան ձմռան շեմին, ունենալով նաեւ խնդիր ռուսական էներգակիրների հետ, կգնա՞ նման ռիսկի:
Մյուս կողմից, Իրանի դեմ Արեւմուտքի զանգվածային հարվածը առաջին հերթին կնշանակի այդ երկրից մասնավորապես դեպի Չինաստան էներգառեսուրսների կանգ: Չինաստանը, ճիշտ է, օգտվում է ռուսական էներգակիրներից, սակայն իրանական նավթի կանգ առնելը ծանրագույն հարված է նաեւ չինական տնտեսությանը: Այս պարագայում Պեկինը կարո՞ղ է պասիվ դիտորդի դերի մեջ մնալ, էլի մեծ հարցական կա:
ԱՄՆ-ի համար, վերջապես, ներկա իրավիճակում՝ նախագահական ընտրությունների քվեարկության շեմին նպատակահարմա՞ր է Իրանի դեմ նման ծանր պատերազմի մեջ մտնելը. էլի հարցականներ:
Նման է, որ մեծ պատերազմը պետք է միայն Նեթանյահուին, ու նա դեռ ի զորու է նման պայթյուն առաջացնել: Կկարողանա՞ Արեւմուտքը նրան զսպել, թերեւս հենց սա է այս պահին եղած հարցերի հարցը: