«Արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողում». Իսրայելի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր, հայտնում է Times of Israel-ը:
Կացը բողոքել է, որ Գուտերեշը «հավուր պատշաճի» չի դատապարտել Իրանի երեկվա հրթիռային հարձակումը:
«Որևէ մեկը, ով միանշանակ չի դատապարտում Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողին: Սա հակաիսրայելական գլխավոր քարտուղար է, որն աջակցում է ահաբեկիչներին, բռնաբարողներին և մարդասպաններին», - ասել է ԱԳ նախարարը:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:
«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: