ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ Լուսանկար
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հրաժարականի դիմում է գրել նաև ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։
ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստացի չհերքեցին, որ դիմում ներկայացվել է, միայն նշում են, որ այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները։
Հիշեցնենք, որ Ամբակում Գրիգորյանի նշանակմանն ի սկզբանե դեմ է եղել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ բացահայտ հայտնելով իր դժգոհությունը Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելու Գրիգոր Մինասյանի որոշումից։
Այդ մասին Քոչարյանը հայտարարել է անգամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին։ Մասնավորապես, մարտի 26-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արդեն հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին ասել էր. «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ տնօրեն, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես, լինելով փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ղեկավար։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է նախկին իշխանությունների օրոք ստեղծված Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավարը։ Նա Մինասյանից հետաքրքվել էր, թե Ա.Գրիգորյանի նշանակմամբ «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ են, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ:
Փաստացի՝ Անդրանիկ Քոչարյանի մոտ դժգոհությունն առաջացնող պաշտոնյաներն են լքում համակարգը։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք Քոչարյանը չի պնդի նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանի հրաժարականը՝ նկատի ունենալով, որ Բաբայանը եւս նախկին իշխանությունների ժամանակ եղել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը։
Իսկ այս իշխանությունների օրոք «Մարտ 1-ի» գործով առանձնապես որեւէ նոր բացահայտում չի եղել ու չեն կարողացել գեթ մեկ մահվան կամ իրավապահների կողմից մարտական զենքի կիրառման դեպք բացահայտել։