Ի լուր աշխարհի ասում եմ՝ Փաշինյանը ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրում. Ղազարյան
ՆերքաղաքականՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների գործունեությունը ՀՀ սահմանադրությանը համապատասխան լինելու ՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է: Ավելին, ըստ նրա, ՍԴ-ն անգամ այդ փաստաթուղթը վարույթ ընդունելու իրավունք չուներ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին:
— Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրում: Իսկ այս գործընթացի մեջ նրա ստորագրությունն ընդհանրապես չկա. Մհեր Գրիգորյանը ստորագրել է կանոնակարգը, ՍԴ կայացրած որոշումը Արման Դիլանյանն է ստորագրել, ԱԺ-ն կվավերացնի՝ Ալեն Սիմոնյանի ստորագրությունը կլինի, վերջում փաստաթուղթը կստորագրի նաեւ Վահագն Խաչատուրյանը: Պարզ է չէ՞, որ վաղն աշխարհը կարգավորվելու է, ու երբ նրան կանչեն, հարցնելու է, թե ինքն ի՞նչ է ստորագրել, իր ստորագրությունը ոչ մի տեղ չկա: Երկրորդ՝ մեր օրենսդրությամբ կա միջազգային պայմանագրերի երկու խումբ. պայմանագրեր, որոնք ենթակա են ազգային ընթացակարգով վավերացման եւ պայմանագրեր, որոնք վավերացման ենթակա չեն: Օրենսդրությունը դա հստակ տարանջատում է: Պայմանագրերը, որոնք վավերացման ենթակա չեն, ստորագրում եւ հաստատում է հանրապետության նախագահը: Իսկ որոնք ենթակա են, մտնում է ՍԴ, դրական եզրակացությամբ՝ ԱԺ: Այս կանոնակարգը այդ ցանկին չի համապատասխանում: Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ Հայաստանը որեւէ երկրի հետ չունենա դիվանագիտական հարաբերություններ ու դրա հետ կնքի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բացառությամբ այն դեպքերի, որ այդ պայմանագիրը վերաբերում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: