ՀՀ–ն ուզում է ԵԱՏՄ–ի հետ գործակցել` լուծելու լոգիստիկ խնդիրները. էկոնոմիկայի փոխնախարար
Հասարակություն«2024 թ. հունվար–օգոստոսին ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը աճել է 7.3 տոկոսով»,-այդ մասին Երևանում ԵԱՏՄ 3–րդ համաժողովի պանելային քննարկումներից մեկի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հիմա ՀՀ կառավարությունը ունի երկու պետական ծրագիր, որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու լոգիստիկ կենտրոններ։
Խոջոյանի խոսքով` ծրագրերից մեկի արժեքը 5 մլն դոլար է, որից կառավարությունը սուբսիդավորում է ՀՀ դրամով` 10 տոկոսի չափով, դոլարով` 6 տոկոսի չափով։
«Սա լիզինգային ծրագիր է, որի նպատակն է ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստներ, ձեռք բերել սառցարաններ, վերամշակման և լոգիստիկ կենտրոնների սարքավորումներ»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է 2–րդ ծրագրին, ապա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ դրա միջոցով ՀՀ կառավարությունն ուզում է բեռնափոխադրումների համար գնել տրանսպորտային միջոցներ։
Խոջոյանը նշեց, որ այս քննարկումից հետո կցանկանար այս հարցերի շուրջ ավելի մանրամասն խոսել համաժողովի մասնակիցների հետ։
«Լոգիստիկ այս հարցերով ՀՀ–ն մի փոքր հետ է մնում, այսինքն այն մակարդակի վրա չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել։ Այդ առումով ես ուզում եմ հասկանալ` եթե ԵԱՏՄ–ի հետ կա՞ն համագործակցության ինչ–որ տարբերակներ։ Սա այն բնագավառն է, որի շուրջ մենք կարող ենք կառուցել մեր համագործակցությունը»,– վստահեցրեց Խոջոյանը։
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա նրա խոսքով` ՀՀ–ն մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների կապիտալ վերանորոգման վրա։ Միայն 2024 թվականին այդ նպատակով հատկացումները կազմել են 50 մլն դոլար, իսկ 15 մլն դոլար հատկացվել է տեխնիկական շտկումների համար։
«Եվրասիական ագրոլոգիստիկայի» գլխավոր տնօրեն Ալևտինա Կիրիլովան արձագանքեց` նշելով, որ, ցավոք ՀՀ հետ Ռուսաստանը չունի ընդհանուր սահման, այդ իսկ պատաճառով Հայաստանի հետ կարող են աշխատել միայն ջրային տրանսպորտի միջոցով։
«Ես ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարին կխնդրեի մեզ հնարավորություն տալ հայ բեռնափոխադրողների հետ ստորագրելու երկարաժամկետ պայմանագրեր, ինչպես նաև միանալու ՀՀ կառավարության ծրագրերին»,– հատարարեց նա։
Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Աղբյուր՝ arm.sputniknews.ru