10 միլիոն դոլար պարգև՝ ընտրությունների վրա ազդելու փորձ կատարած իրանցիների դիմաց
Մամուլի տեսությունՄիացյալ Նահանգների Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգեւ է խոստացել երեք իրանցիների մասին տեղեկությունների դիմաց, ովքեր կապ ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ եւ փորձել են ազդել ամերիկյան ընտրությունների վրա։ Համաձայն Պետդեպի խոսնակ Մեթյու Միլերի, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սանկցիաներ է սահմանել Իրանի յոթ քաղաքացիների հանդեպ, ովքեր փորձ են արել ազդել ամերիկյան ընտրական գործընթացների վրա։
Առաջիկա նախագահական ընտրությունների մոտենալուն հետ, ըստ ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցչի, իրանական կողմն ավելի ակտիվացնում է այդ ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունենալու իր փորձերը, քանի որ Թեհրանում կարծում են, որ այդ ընտրությունների արդյունքները կազդեն նաեւ Իրանի հանդեպ ԱՄՆ վարելիք ապագա արտաքին քաղաքական գծի վրա։ Երեք իրանցիների հանդեպ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի վրա հաքերային հարձակում իրականացնելու համար։ Նրանց մասին տեղեկություններ ստանալու համար էլ Պետդեպը վերոնշյալ գումարն է նշանակել որպես պարգեւ։