Կարծում էր, թե «ֆռոնտում» կորած պապի՞ն է գտել
ՎերլուծությունՆիկոլի՝ Էրդողանի գիրքը ձեռքին, երջանիկ ժպիտը դեմքին լուսանկարը Թուրքիայի նախագահի հետ, իհարկե, շատ բան է ասում նրանց հանդիպման մասին: Առավել եւս, երբ դրան գումարվեց Աննայի՝ ոչ պակաս երջանիկ դեմքով հանդիպումն Էրդողանի կնոջ հետ: Չէ, ամենեւին էլ նկատի չունենք այն առաջին տպավորությունը, որն առաջանում է այդ երկու ֆոտոփաստերից:
ՆԻԿՈԼՆ ԱՅԴ ՄԻԱՄԻ՞ՏՆ ԷՐ
Առաջին տպավորությունն այն է, որ Նիկոլը գտել է հոգեւոր հորը եւ ջերմ գրկախառնություններից հետո անհամբեր սպասում է, թե երբ է մենակ մնալու, որ նրա գիրքը կարդա: Աննան էլ ավելի շատ սկեսրոջը գտած խոնարհ հարսի կերպարի մեջ էր: Բայց, կրկնենք, առաջին տպավորությամբ, հաշվի առնելով, որ գոնե Նիկոլի այդ լուսանկարն արդեն իսկ տարաբնույթ հարցեր է առաջ քաշում:
Այսինքն, Նիկոլն իրո՞ք այդ միամիտն է, որ չհասկանար, թե Էրդողանի գիրքը ձեռքին նրա հետ նկարվելն ինչ աղմուկ է առաջ բերելու, որի արդյունքում անգամ սեփական թիմակիցներն ասելու բան չեն ունենա: Ասենք թե այդքան միամիտն է: Կամ եթե այդ նկարի իմաստն այն լիներ, թե, տեսեք, Նիկոլն Էրդողանին առնվազն 1940-ականներին «ֆռոնտում» կորած պապի պես է ընդունում, Էրդողանն էլ Նիկոլին ընկալում է, որպես Հայաստանում իշխանության նստած հոգեզավակի կամ շպիոնի, ապա ի՞նչ կստացվի, որ Թուրքիայի նախագահը միամտաբար կամ դիտավորյալ բացահայտո՞ւմ է իր գործակալին. թուրքական «ծեր աղվեսը» հաստատ նման սխալ թույլ չէր տա: Թերեւս, այդ լուսանկարն ընդամենը ցույց է տալիս, որ Էրդողանը մի քանի գլխով ավելի պատրաստված եւ խորամանք քաղաքական գործիչ է, քան Նիկոլը: Նկատի ունենք հետեւյալը:
Այն, որ այս հանդիպմանըՆիկոլը գնացել էր խնդրողի դերով, դժվար չէ կռահել: Նա Էրդողանի հետ երկու հիմնական հարց ունի: Նախ, որ Թուրքիան վերջապես համաձայնվի բացել սահմանային անցակետը, ապա, որ ազդի Ալիեւի վրա՝ ստորագրել «խաղաղության պայմանագիր» Նիկոլի առաջարկած կիսատ տարբերակով: Այսինքն, պետք է ի ցույց դնել, որ արեւմտյան ուղղությունն այս պահին փակված չէ: Ընդ որում, կա նաեւ այն հարցը, թե դա իրականում Նիկոլի՞ ուզածն է, թե՝ Արեւմուտքի ցանկությունն է, որը դա պարզ ցույց տվեց այն փաստից, թե ինչպես ԵՄ-ի հայաստանյան դեսպանները վազեցին Մարգարայի անցակետ՝ Նիկոլի Նյու Յորք մեկնելու պահին:
Թե ինչու է պետք Հայաստանի՝ արեւմտյան ուղղության հետ կապված դեռ հույսեր քարոզելը, դա եւս կարելի է հասկանալ: Անգամ Նիկոլն էր վերջերս խոսում, թե Եվրոպայի կուրսը կշարունակի, եթե միայն նշաններ տեսնի, որ դա հնարավոր է: Փոխարենը հակառակ նշանները կան: Վրաստանը, շատ մեծ հավանականությամբ, արդեն մեկ ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է վերջնականապես դուրս գալ արեւմտյան գծից, որում, ըստ ամենայնի, Նիկոլն անձամբ համոզվեց վերջերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ: Գումարած, եթե փակ է մնալու նաեւ թուրքական ուղղությունը, ապա դեպի Եվրոպա ֆիզիկական, ըստ այդմ՝ նաեւ քաղաքական ճանապարհ չի մնում, եւ նման կուրսի դեպքում Նիկոլը պարզապես վերածվելու է տարածաշրջանային «սպիտակ ագռավի»: Մեկ ամսից էլ, ինչպես անձամբ է անոնսավորել, Նիկոլը պատրաստվում է Կազան գնալ, որտեղ, ենթադրելի է, որ նրան տեղը-տեղին եւս մեկ անգամ կբացատրեն «սպիտակ ագռավ» դառնալու հեռանկարները:
Թերեւս, այս իրավիճակը Նիկոլից էլ լավ հասկանում են Արեւմուտքում, որ Նիկոլը Կազանում կարող է շատ լավ հասկանալ իրեն բացատրվածը: Այսինքն, պետք է ստեղծել գոնե քարոզչական պատրանք, թե եվրոպական ուղին չի փակվում, միայն թե Նիկոլն Էրդողանին մի լավ խնդրի՝ սահմանը բացել: Ու ավելի նման է, որ «ծեր աղվեսը» առիթը չկորցրեց՝ խնդրանքով իր մոտ եկած Նիկոլին պատասխան խնդրանքով դիմել. Էրդողանի գիրքը ձեռքին նրա հետ նկարվել:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Թե ում եւ ինչ մեսիջ էր Էրդողանը դրանով հղում, այլ հարց է: Ռուսների՞ն էր ցույց տալիս, թե, տեսեք, Նիկոլին ինչպես ցանկանամ, կպտտեմ, Արեւմուտքի՞ն, թե` սա չէ՞ ձեր Նիկոլը, սրան դեռ կհասնենք:
Բայց մինչ այդ, եթե ընդունենք, որ իրոք այս սցենարն է գործել, ապա, կրկնում ենք, դա միայն հիմնավորում է, որ Էրդողանը բազմապատիկ անգամ իր փորձառությամբ գերազանցում է Նիկոլին: Այսինքն, եթե վերջինս սպասում է, թե թուրք նախագահի գրքով նկարվելով եւ դրանով վերջնականապես հայ ժողովրդի «աչքի գրողը» դառնալով (ժեխին նկատի չունենք), ինչ-որ արդյունքների կհասնի, միամտություն է: Առավելագույն արդյունքը, թերեւս, Բլինքեն-Բայրամով-Միրզոյան հանդիպումն էր, որն անոնսավորվեց Նիկոլի եւ Էրդողանի այդ լուսանկարը տարածվելուն պես: Բայց ասել, թե դա կհասցնի Նիկոլի երազանքների կիսատ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, հավանականությունը գրեթե զրոյական է: Ավելի ճիշտ, տեսանելի չեն այն ռեալ գործոնները, որոնք կարող են Ալիեւին ստիպել՝ ամենամոտ ժամանակներս արենայից հեռանալ պատրաստվող Բլինքենի (անկախ ամերիկյան ընտրութունների արդյունքներից, նա հազիվ թե պետքարտուղարի պոստը պահի) ծրագրերին ընդառաջ գնալ՝ կտրուկ փոխելով առնվազն վերջին մեկ տարվա քաղաքական կուրսը: Հանդիպումն էլ ցույց տվեց, որ Բայրամովը շարունակում է առաջին պլանում թողնել Սահմանադրությունը փոխելու պահանջը, որին ընդառաջ գնալու տարբերակ Նիկոլը գործնականում չունի. նման հարցով հանրաքվեի ցանկացած փորձ վերածվելու է Նիկոլի վստահության հանրաքվեի:
Մյուս կողմից, եթե անգամ Էրդողանը համաձայնվի մասնակիորեն բացել սահմանը (երրորդ երկրների համար, ինչպես պայմանավորվել են), դա եւս դեպի Եվրոպա «պատուհան» չի դառնալու: Խնդիրը մի փոքր այլ է, որը, ի դեպ, Նիկոլի համար եւս գլխացավանք է դարձել: Հայաստանում որոշակի արեւմտամոլական ուժեր, ինչպես հայտնի է, փորձում են եվրոպական ուղղության հետ կապված օրինագծեր հաստատել, եւ այս օրերին ստորագրահավաք են անցկացնում: Սրա հետ կապված` երկու հիմնական լուր է շրջանառվում: Նախ, որ նախատեսված 50 հազարի փոխարեն ընդամենը 3 հազար ստորագրություն են հավաքել: Երկրորդը, որ Նիկոլը «տակից» դեմ է գնում այդ գործընթացին: Իրականում 3 հազար ստորագրություն են հավաքել այս պահին, թե մի քանի անգամ ավել, դա էական չէ: Փաստը սա է՝ Հայաստանի քաղաքացիները, ինչպես անգամ անզեն աչքով է տեսանելի, մեղմ ասած, ամենեւին էլ գլխապատառ չեն նետվում «եվրոպական երազանքի» համար ստորագրություն տալ: Պատճառը, ավելի ճիշտ՝ պատճառները եւս կարելի է հասկանալ. շատերի կարծիքով, դա վերջնականապես խաչ կքաշի Հայաստանի անվտանգության մնացորդների վրա, շատերի կարծիքով՝ Հայաստանը ԵՄ անդամ կդառնա այնպես, ինչպես Վրաստանը «դարձավ», շատերի կարծիքով՝ ԵՄ անդամ դառնալու փոխարեն թուրքական վիլայեթ կդառնա, շատերի կարծիքով՝ մեզ նման մառազմատիկ Եվրոպա պետք չէ, եւ այսպես շարունակ: Արդյունքում, փաստն այն է, որ 50 հազար ստորագրություն հավաքելը խնդիր է դարձել, ու ի՞նչ կլինի, եթե հանկարծ նման հարց դրվի հանրաքվեի. ամենահավանական տարբերակը տապալումն է, որից հետո անգամ նիկոլյան իշխանություններն արդեն չեն կարող խոսել «եվրոպական երազանքի» մասին:
Կարճ ասած, այն տպավորությունն է, որ մեր ներքին արեւմտալիբերաստների տերերը նման գործընթաց սկսեցին՝ Նիկոլի համար «եվրազսպաշապիկ» սարքելու համար, բայց սխալվեցին՝ հայաստանյան ներկա իրողությունները շփոթելով Վրաստանի կամ Ուկրաինայի՝ 2000-ականների առաջին տարիների իրողությունների հետ, որտեղ դեռ համատարած էր «դեպի Եվրամիություն» հրճվանքը: Հայաստանում, հասկանալի է, երկար տարիներ տոտալ հակառուսական քարոզ է տարվում, բայց այն օրինակը, որոնք այսօր ի ցույց են դնում նույն Ուկրաինան եւ Վրաստանը, ամեն մի քարոզից էլ ուժեղ է: Ու հիմա այդ ստորագրահավաքի խաղը էլի Նիկոլի գլխին խնդիր է դարձել, բայց մյուս կողմից: Այսինքն, երբ, անկախ այն ամենից 3 կամ 10 հազար ստորագրություն հավաքել են, թե՝ չէ, տեսանելի չէ հանրության ակտիվ շարժն այդ ուղղությամբ, նիկոլյան թիմը գնալով քիչ շանսեր ունի՝ առաջ տանելու համար քարոզը, թե ժողովրդի հիմնական հատվածի պահանջը հենց Եվրոպան է: Իսկ եթե Եվրոպան չէ, մնում է երկու տարբերակ՝ Թուրքիա կան Ռուսաստան: Չբացառենք անգամ այն, թերեւս քիչ հավանական տարբերակը, որ Նիկոլն Էրդողանի գրքով նկարվելով, թուրքական ուղղության հետ կապված մեր ներքին հանրային ռեակցիան էր ստուգում: Եթե անգամ այդպես է, ռեակցիան ակնհայտորեն այն աստիճան սուր է, որ այդ ուղղությունը եւս դառնում է չաշխատող տարբերակ:
ՇԱՏ ԲԱՐԴ ՀՈԿՏԵՄԲԵՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Չնայած, անգամ այս իրավիճակում Նիկոլը դեռ խաղալու տեղ ունի: Եթե հաստատվի, որ Բլինքենը հերթական փորձով եւս չկարողացավ առաջ տանել «խաղաղության պայմանագիրը», ու միաժամանակ ֆիքսվում է, որ Հայաստանի բնակչությունը առնվազն ոգեւորված չէ «եվրոպական երազանքով», Նիկոլը կարող է Արեւմուտքին «պատին դեմ տալ»: Թե ինչ ասեցիք, արել եմ, սա էր արդյունքը, դուք չեք կարողանում գործընթացն առաջ տանել: Ու եթե այս «բագաժով» մեկնի Կազան, արդեն կարող է շատ ավելի ուշադիր լսել, թե ինչ են ասում այնտեղ իրեն: Առավել եւս, եթե հերթական անգամ ֆիքսվի, որ որեւէ «կիսատ պայմանագիր» Ալիեւը չի ստորագրելու:
Բայց այս դեպքում էլ Արեւմուտքը կարող է գնալ նոր հեղաշրջման ճանապարհով: Կարճ ասած, շատ բարդ հոկտեմբեր է սպասվում: