Ովքեր պաշտպանեցին նախարարին եւ փուռը տվեցին փոխնախարարին
ՆերքաղաքականՊարզվում է՝ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին սկսել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դեմ, որի քավորը ո՛չ ավել, ո՛չ պակաս ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր: Սակայն գործընթացը ցանկալի սցենարով չշարունակվեց, որովհետեւ իշխանական մի շարք պատգամավորներ դեմ էին արտահայտվել Մինասյանին հանիրավի պաշտոնանկ անելուն: Ըստ էության, նրա դեմ միակ փաստարկը բերվում էր այն, որ նա Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է: Բայց սա առանձնապես բացահայտում չէ, այդ մասին գիտեին բոլորն ու ի սկզբանե:
ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության նիստին Արփի Դավոյանն անկոտրուն է մնացել եւ հայտարարել, թե ովքեր չեն ստորագրում Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար, իրենց հարցը պետք է քննվի առանձին եւ ուսումնասիրվի՝ ի՞նչ կապ ունեն, այսպես ասած, նախկինների հետ:
Նույն աղբյուրներն ասում են, թե նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի «դուխն» է հերիքել բարձրաձայնել, որ իր սրտով չէ այս ստորագրահավաքը: Այո՛, պնդել է, թե ինքն էլ է տեսնում խնդիր, որ իրենց արդարադատության նախարարը Միքայել Մինասյանի եղբայրն է, բայց, միեւնույն ժամանակ, չի կարելի աչք փակել նրա պրոֆեսիոնալիզմի վրա եւ չնկատել, որ արդարադատության համակարգը բավական մեծ առաջընթաց է ունեցել նրա օրոք:
Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանին հաջողվել է հասնել նրան, որ նախարարի հրաժարականը փոխարինվի փոխնախարարի հրաժարականով: Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանին հասկացրել են, որ իր ինքնակամ հրաժարականը կարող է մեղմել իրավիճակը, չէ որ նրա նշանակումն էր պատճառը, որ բողոքի ալիք բարձրացավ Մինասյանի դեմ: Իսկ Սիրվարդ Գեւորգյանի «մեղքն» այն էր, որ նա ՀՀ երկրորդ նախագահի դստեր ընկերուհին է եւ համացանցում լայն տարածում էր գտել նրա լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին:
Սեփ. լրատվություն