Ալիեւ-Նիկոլ՝ զուգահեռ մշակութային ջարդ. արվեստագետներն այլեւս չեն լռի
ՄշակութայինԿրկին ջարդ, այս անգամ` մշակութային: Նկարիչների միությունում մթնոլորտը թեժ էր: Հավաքվել էին մշակութային գործիչներ, մտավորականներ, ստեղծագործական միությունների եւ հասարակական կազմակերպությունների նախագահներ: Խնդիրը շենքերի պետականացման վերաբերյալ դատական գործընթացին էր վերաբերում: Նկարիչների, գրողների, կույրերի, խուլ ու համրերի ու մի քանի այլ միությունների ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ պետությունը որեւէ հիմք չունի իրենով անել մինչ այս պահը կադաստրով իրենց սեփականությունը համարվող շենքերը։
«ՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ԿՈՂՄԵՐԻՆ ԼՍԵԼՈՒ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ»
Պարզվում է՝ Հայաստանի ստեղծագործական միությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն ուզում են անվավեր ճանաչեն եւ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկով՝պետականացնում են: Այս ամենն արվեստագետները «բացահայտ պետական ռեկետ» են որակում:
Ըստ Նկարիչների միության նախագահ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ, սա օրենքի խստագույն խախտում է, քանի որ այն կետերը, որոնք ներկայացվել են Ազգային ժողովում, անգամ իրենք դրանց ծանոթ չեն եղել: Ու հիմա չունեն քայլերի ժամանակ, քանի որ հոկտեմբերի 30-ին կկայանա վարչական դատական նիստ, որտեղ միանգամից կկայացվի վճիռ՝ առանց կողմերին լսելու, իսկ բողոքարկելու հնարավորություն չեն ունենա:
Իսկ Նկարիչների միության փաստաբան ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ նշում է, որ այս գույքերը, որոնց վերաբերյալ, այսպես ասած, պետականացման հայց է ներկայացվել, դեռ խորհրդային տարիներից պատկանել են հենց այդ ստեղծագործական միություններին:
«Որեւէ ապացույց ներկայացրե՞լ եք, որ Նկարիչների միության, օրինակ, Աբովյան 16 շենքը, մյուս ստեղծագործական միությունների շենքերը խորհրդային տարիներին եղել են պետական: Նման ապացույց, նման հիմնավորում չի ներկայացվել, որ եղել են պետական ու 1990 թվականի օրենքով դարձել են Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Այս օրենքը վերաբերում է բացառապես պետական կազմակերպությունների ունեցվածքին», - ասաց Կարեն Մեժլումյանը:
«Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որը Գրողների միության պաշտպանությունն է ստանձնել, իր խոսքում նկատեց, որ ԽՍՀՄ տարիներին բոլոր ստեղծագործական միությունների գույքը՝ լիներ Դիլիջանում, Ծաղկաձորում, Երեւանում եւ այլն, եղել է բացառապես վերջիններիս սեփականությունը: Ուստի՝ նման պայմաններում կառավարության այսպիսի գործառույթը տոտալ ունեզրկում է նշանակում:
«ՊԵՏՔ Է ԳՈՌԱՆՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՍ ՀԱՎԱՔՆԵՐՆ ՈՒ ԽԵԼՈՔ ՄՏՔԵՐԸ ՈՉԻՆՉ ԵՆ»
Նկարիչների միության փոխնախագահ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանին տվեց 3-4 օր ժամանակ՝ հարցին լուծում տալու համար:
«Այսօր հավաքվել ենք այս մտքերի շուրջ, սակայն պետությունը բոլորովին այլ բան է անում՝ ոտնահարելով հայ մարդու իրավունքները: Ու դեռ այսքանից հետո՝ մտածում ենք, ինչպե՞ս անենք, որ մեզ լսելի դարձնենք: Մենք պետք է գոռանք, որովհետեւ այս հավաքներն ու խելոք մտքերը ոչինչ են: Մենք վարչապետին ժամանակ ենք տալիս, եթե չընդունի մեզ, կտրուկ գործողությունների կգնանք: Խեղճացած, վիրավորված ինչքա՞ն պիտի շարունակենք: Ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարին հրավիրեցինք քննարկման, փափուկ բարձ դրեց գլխներիս տակ ու գնաց: Արդյունքում կանգնեցինք նման փաստի առաջ: Այսինքն՝ պետությունը սուտ է խոսո՞ւմ: Եթե իշխանությունը պետականության դեմ է գնում, պետք է իմանանք, թե ինչ պետության հետ գործ ունենք»- իր խոսքն ավարտեց փոխնախագահ Լեւոն Աբրահամյանը:
«ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱ՛Ն, ԻՆՉ-ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔՈՒՄ ԳՈՐԾԻՔ ԵՍ ԴԱՐՁԵԼ»
Նկարիչների միության անդամ ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ այս ամենը համարեց «Ալիեւ-Նիկոլ զուգահեռ մշակութային ջարդ»:
«Առաջարկում եմ այս պահին բոլոր միության նախագահներին, հակընդդեմ հայց ներկայացնել կառավարության դեմ: Իսկ Սիսակ Գաբրիելյանին կասեմ՝ չհաջողված լրագրող, լակոտ, Քաջ Նազարի բախտով դարձել ես ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ոչնչից գաղափար չունես ու ինչ-որ մարդկանց ձեռքում գործիք ես դարձել: Նա սկզբում այլ առաջարկ էր ուղարկել, իսկ մի քանի օր առաջ` բոլորովին այլ առաջարկ, որտեղ բացահայտ երեւում է, որ ամեն բան գնում է մեզ ունեցվածքից զրկելու ուղղությամբ», - շեշտեց Մուրադյանը:
«ԶՐԿՎԱԾ ԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻ ԿԱՐԵՒՈՐ ՈԼՈՐՏԻՑ»
Իսկ Կույրերի միության նախագահ ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մտահոգված է հետագա գործունեությամբ, քանի որ միությունները հիմնականում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրենց շենքերի տարածքների մեծ մասը վարձով են տրամադրում։ Օրինակ, Կույրերի միավորումը Իսահակյան 18 հասցեում նման տարածքներ ունի, եւ կոմերցիոն տարածքների ստացված հասույթը փոխանցվում է միավորման անդամներին: Նպաստներ են տրամադրում, կրթաթոշակներ՝ ուսանող անդամներին։ Հիմա, սակայն, ասում է՝ դրանից էլ զրկվելու վտանգի առաջ են:
«Այսօր զրկված ենք տնտեսական գործունեության մի կարեւոր ոլորտից՝ վարձակալությամբ տարածքները հատկացնելուց», - ասաց Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Կույրերի, Նկարիչների, Գրողների ու այլ միությունների դեմ հայցերը դեռ դատարաններում են, եւ վարչական դատարանը վճիռ կկայացնի հոկտեմբերի 30-ին, սակայն առանց կողմերի ներկայության:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ