Ի վերջո, ՍԴ դատավորների ասելու ժամանակը ե՞րբ է գալու. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքի տակ, իր պաշտպանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՄԱԿ-ի բարձր ամբիոնից արված հայտարարությանը: Աշոտյանը նկատել է, որ Փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան հայտնի տողերը՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը: Առաջին հայացքից ոչ մի զարմանալի ու տարօրինակ բան չկա, բայց պարզվում է՝ այդպես չէ: Հնչեցված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությունից, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս «Եհովայի վկաների»-ի ու նման այլ ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։ Այս մասին նշում է Ռուբեն Մելիքյանն ու հարց բարձրացնում՝ ի վերջո, ի՞նչ կրոնական պատկանելություն ունի Փաշինյան Նիկոլը:
Ասել ենք ու էլի կասենք՝ Հայաստանում շարունակում է անխաթար աշխատել միայն բումերանգի օրենքը: Հիշո՞ւմ եք ՔՊ-ական պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ում կեղծ ցուցմունքի հիման վրա քաղակտիվիստ, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման դեմ պայքարող Արթուր Ալեքսանյանի նկատմամբ 2020 թ.-ին հարուցված էր քրեական գործ՝ իբրեւ նրա հեծանիվի տակ է ընկել: Իհարկե, քրեական հետապնդումը տարիներ անց դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։ Եվ ահա հիմա մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, թե ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր, փաստաբան Ն. Բաղդասարյանի կինը՝ 78-ամյա կնոջ է մեքենայի տակ գցել, վերջինս մահացել Է: Ու զարմանալին այն է, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց ձերբակալված անձ չկա։ Մինչդեռ Արթուր Ալեքսանյանին Նիկոլայ Բաղդասարյանի կողքով հեծանիվ քշելու համար՝ տարել էին կալանքի: Այստեղ են ասել՝ փոս փորողն ինքն է մեջն ընկնում:
Տարօրինակ մեկնաբանություն է տվել Սահմանադրական դատարանի նախագահ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ՝ լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքին՝ ասել է. «Ես որպես անձ՝ ուշադիր հետեւում եմ այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չեմ միջամտում քրեական գործի քննությանը: Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ, երբ կգա մեր ասելու ժամանակն, անպայման կասենք»,-նշել է նա: Դիլանյանը նույնը կրկնել է Կիրանցի հատվածում տեղի ունեցած սահմանազատման հարցում. «Ես այս պահին որեւէ գնահատական չեմ տա: Ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք այդ գնահատականը կասենք»: Համաձայնեք, որ զավեշտալի է դարձել այսօր լսել՝ «երբ կգա մեր ասելու ժամանակն, անպայման կասենք» նախադասությունը: Բա արդեն վեց տարի է` Սահմանադրությունն օրվա իշխանությունը ոտատակ է տվել, ի վերջո, ՍԴ դատավորների ասելու ժամանակը ե՞րբ է գալու:
Նշեցինք «ասելու ժամանակը», հիշեցինք ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: Հայաստանի նկարիչների միությունում երեկ տեղի ունեցավ ասուլիս-հանդիպում լրագրողների ու արվեստագետների հետ՝ ՀՀ ստեղծագործական միությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու, եւ գույքերը պետականացնելու կառավարության մտադրության վերաբերյալ: Արվեստագետները բորբոքված, խիստ եւ արդարացի ելույթներ էին ունենում: Բայց կներեք, տիկնայք եւ պարոնայք արվեստագետներ, ինչո՞ւ էիք մինչեւ հիմա լուռ, սպասում էիք ուխտը ձեր դռանը չոքի, որ նոր բարձրաձայնեի՞ք խնդիրների մասին: Արցախը հանձնելը, հայաթափելը, ՀՀ տարածքները կտոր-կտոր հանձնելը հեչ, ձեր միությունների տանիքները, որ ուզում են պետականացնել՝ մե՞ջ:
Զարմացած է «Իրավունք»-ը