Ավինյանը «զորացրվո՞ւմ է»
ՎերլուծությունԵրեւանի քաղաքագլուխ Տիգրան Ավինյանի ավելորդ ինքնավստահությունը սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին արդեն ոչ թե շշուկներ են պտտվում իշխանական կուլիսներում, այլ աղաղակում են ՔՊամերձ շրջանակներում՝ պնդելով, թե «Ավինյան Տիկոյի օրերը հաշված են»:
Իսկ ինչո՞ւ ընտրելու իրավունք ունեցող երեւանցիների ընդամենը 28,43 տոկոս ընտրություններին մասնակցածների միայն 32.57 տոկոսի քվեին արժանացած Ավինյանը դարձավ հանկարծ վտանգավոր Փաշինյան Նիկոլի համար: Չէ որ հաշվի առնելով վարչական ռեսուրսն ու 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի անձնական ներդրումը՝ Ավինյանն, ուղղակի, խայտառակ ցուցանիշ ունի եւ, ըստ էության, նա այդպես էլ չվայելեց երեւանցիների մեծամասնության համակրանքն ու վստահությունը: Էլ ուր մնաց` դառնա մրցակից իր շեֆին:
Խնդիրն այն է, որ այլեւս Ավինյանն այն ցածր տոկոսանոցը չէ: Նրան հաջողվել է նախ ավագանիներ իրենով անել այլ խմբակցությունից՝ ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից էլ լեզու է գտել քաղաքի մի շարք օլիգարխների, թաղային լավ տղերքի հետ: Իսկ սա նշանակում է, որ մայրաքաղաքում, ըստ անհրաժեշտության, իրավիճակ փոխելն Ավինյանի ձեռքում է, ինչը բնավ Փաշինյանի սրտով չէ:
Ի՞նչ է ստացվում, Փաշինյանին հաջողվեց եղբոր կնոջ վրա քրգործ հարուցելով՝ չեզոքացնել իրենից ավելի արեւմտամետ դիրքավորված Ալեն Սիմոնյանին, բացի այդ, վերջինիս դեռ կարողանում են զսպել Նիկոլին հավատարիմ ՔՊ-ական պատգամավորները՝ աներձագ Հրաչի գլխավորությամբ: Մյուսը, ով թիմում կարող էր դառնալ մրցակից Փաշինյանին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է, սակայն վերջինիս թափը հերիքում է միայն Մեծ Բրիտանիայի հետախուզության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի մոտ անարդյունք անկեղծանալով: Ակնհայտ է, որ նա` իր արցախյան ծագմամբ, այսօրվա իրադրությունում շատ առաջ չի կարող գնալ: Փաստացի մնում է իշխանական մոլի արեւմտամետներից Տիգրան Ավինյանը, որի դեմ անհրաժեշտ քանակի կոմպրոմատ չգտնվեց` անգամ ընկեր թաղապետերից մեկին կալանավորելով: Ավինյանը շատ հանգիստ հրաժարվեց իր մտերիմ թաղապետից, քան թե կլքեր քաղաքապետի աթոռը:
ՈՎ ԿԴԱՌՆԱ ՆԻԿՈԼԻ ԹԻՎ ՄԵԿ ՄՐՑԱԿԻՑԸ
Եվ ահա Նիկոլը խնդիր ունի՝ ցույց տալ յուր թիմին, որ ինքը եւ միայն ինքն է «ցարի բոգը»: Ավելին՝ ինչո՞ւ միայն թիմին, նաեւ արեւմտյան ու ամերիկյան դեսպանատներին, որոնք եթե ժամանակին Ալեն Սիմոնյանի վրա էին «ստավկա» դնում՝ հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում, ապա հիմա հայացքն ուղղել են դեպի Երեւանի քաղաքապետարան: Սա է պատճառը, որ նրանց լուռ ու անհաղորդ հայացքների ներքո՝ Ավինյանին հաջողվեց Երեւանի ավագանուց հեռացնել երեք ընդդիմադիր ավագանու, որից երկուսը արմատական ընդդիմադիր էին:
Այսպիսով՝ վայելելով արեւմտասորոսական որոշ շրջանակների աջակցությունը՝ Ավինյանը եթե առաջ պատրաստ էր զիջել դիրքերը, ապա այժմ պատրաստվում է գլխավոր ռինգին: Նա Հայկ Մարությանի պես հեշտ հանձնվողներից չէ եւ արդեն իսկ ատամ է ցույց տալիս՝ հիշեցնելով, որ միայն ինքը կարողացավ ՔՊ-ի երեսը փրկել ընտրություններին, երբ քարոզարշավին զուգահեռ արյունաքամ էր լինում ու կործանվում էր Արցախը: Այո՛, Ավինյանը բոլորովին չի կաշկանդվի երեսով տալ իրողությունը, երբ պահը հասունանա, եւ ինչպես ասում են ռուսները՝ «мало не покажется»:
Այս ամենն ուշագրավ է նաեւ այն կոնտեքստում, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի վախերը շարունակում են մնալ սեփական թիմից եւ ոչ թե տիտղոսային ընդդիմությունից, մեկնարկող փողոցային պայքարից:
ՀԻՄԱ ԷԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՍՊԱՍՈՒՄՈՎ
Ուշագրավ է այն, որ Մարզահամերգային համալիրում կայացած «Սրբազան շարժման» հավաքից հետո ընդդիմադիր դաշտն էլ, կարծես, զգուշավոր զուսպ ու լուռ է: Առկա դժգոհությունների մասին չեն խոսում, ոչ էլ ավելորդ ոգեւորվում են. մարդկանց տառապանքը փորձ ունի:
Անդրադառնալով ընդդիմության նախորդ պայքարների դառը փորձին՝ վերջերս Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հիշեցրել է, որ լրացավ «Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառասունքի: Հիշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի օրերին, Երեւանում սկիզբ առավ բողոքի լայնամասշտաբ ինքնաբուխ հավաքներ եւ ստեղծվեց «Ազգային կոմիտե»: Այդ կոմիտեի անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, որ «Ազգային կոմիտե»-ն պատասխանատվություն կկրի ամենի համար, կառաջնորդի ժողովրդին եւ պայքարը կհասցնի իր հաղթական ավարտին: Ի՞նչ եղավ հետո, բոլորս էլ լավ հիշում ենք:
«Ազգային կոմիտե»-ի կազմում ընդգրկվել էին հինգ հոգի՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ հայտարարվել էր որպես վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
«Անհասկանալի կերպով ստեղծված այս մարմինն անհետացավ ոչ պակաս անհասկանալիորեն՝ մոռանալով իրենց ստանձնած «ամենի համար քաղաքական պատասխանատվության եւ պայքարը հաղթական ավարտին հասցնելու» հանձնառության մասին։ Ավելին` այդ ինքնակոչ մարմնում ընդգրկված երկու գործիչ, լինելով նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ, մինչեւ օրս անգամ նախաձեռնություն չեն ցուցաբերել՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու համար», - արձանագրում է Ղազարյանը։
Եվ ինչքան էլ ընդդիմադիր դաշտում փշոտ է ընդունվում նախկին ձախողումների վերաբերյալ քննադատությունը, բայց փաստն այն է, որ սա է նաեւ պատճառը, որ Բագրատ սրբազանի հայտարարած հոկտեմբերի 2-ի հանրահավաքի վերաբերյալ շատերը չեն շտապում մեծ սպասումներ գեներացնել: Օրինակ` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն ասում է. «Սրբազանի հանրահավաքին մթնելու է, մարդիկ գնան տուն»: Իսկ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այլ մոտեցում ունի. «Ընդդիմությանը քննադատելուց հեշտ բան մեկ էլ նստել ու լուրեր նայելն է կամ որեւէ սեղանի շուրջ կենացներ ասելը, բայց ընդդիմություն լինելն էլ հեշտ բան չէ,երեւի թե ավելի բարդ է, քան իշխանություն լինելը: Ասում են՝ «դե ինչքան սենց, էլի տուն գնանք ու ի՞նչ»՝ առանց հասկանալու, որ եթե չկա քայլերի հստակ ծրագիր (ինչն ամենեւին դեռ չի նշանակում,որ հաղթելու ես),չկա հանգամանքների ճիշտ դասավորվածություն,ժողովրդական իրական աջակցություն, ուզում ես մնա փողոցում,ուզում ես գնա, բան չի փոխվելու…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ