«Ժողովուրդ». Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են եղել:
Թե այս մասին ինչ է մտածում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հարցական է. նա նման դեպքերում անհաղորդ է: Սակայն փաստ է, որ շինարարությանը չխանգարելու համար երեխաների դասերն օնլայն են անցկացվում, ոչ թե, օրինակ, շինարարությունն է դադարեցվում պետության կողմից։
Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերեր կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք «Ռենշին» ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ. «Ինժեներիա՝ ARUP. ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը՝ միջազգային Laguarda.low ընկերության կողմից»։
«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը. նրանք հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին 50/50 մասնաբաժիններով։ Հավելենք, որ զինվորական հոսպիտալի նախկին շենքը, որի տարածքում էլ իրականացվում է շինարարությունը, օտարվել է 2020 թվականին, եւ գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 մլրդ 716 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 19 մլն ԱՄՆ դոլար։ Համաձայն 2020 թվականի կառավարության որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացնող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։ Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ եւ ձախ հատվածամասերում մինչեւ 12 հարկանի շինություններ կառուցելու, սակայն այժմ նախագիծը ենթադրում է 35 հարկանի 5 երկնաքեր։
Արդյոք սա նորմերի խախտում չէ՝ հարցական է։ Կոռուպցիոն ռիսկերի մեջ թաթախված եւ ակնհայտ արտոնություններ ունեցող այս ընկերությունը նշում է՝ նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջում: Ստացվում է, որ երեխաները պետք է դասերը երկու տարի անցկացնեն օնլայն, որ իշխանության «սրտի» կառուցապատողն ավարտի անթույլատրելի հարկերի քանակով շինարարությունը։
Բացի սրանից, ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումներից անպակաս ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ստեղծված իրավիճակին. երեխաներից եւ ծնողներից ներողություն խնդրելու փոխարեն՝ նա մի նոր եւ տխրահռչակ օրենքի նախագիծ է մշակում։
Կարելի է արձանագրել, որ այս իշխանությունների օրոք կրթությունն անկում է ապրում, իսկ բնակարանաշինությունը` աճ։ Սա խոսում է իշխանության կողմից սերմանվող կրթական կեղծ արժեքների մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում