Դոնբաս մեր այցելության մեջ գեոպոլիտիկ շեշտադրում չկա. Մանուկ Սուքիասյան
ՆերքաղաքականՏեղի հայ համայնքի հրավերով՝ օրերս «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ պավիրակություն էր մեկնել Դոնբաս՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն։ Վերջիններիս խոսքով՝ այցը կրում էր մարդասիրական, ճանաչողական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական բնույթ։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ, ով եւս Դոնբաս մեկնածների թվում էր:
— Դուք այցելել էիք Դոնբաս, հետաքրքիր է՝ սա նշանակո՞ւմ է, որ «Մայր Հայաստանը» ճանաչում է Դոնբասը՝ Ռուսաստանի անքակտելի մաս:
— Մենք Դոնբասում եղել ենք հայ համայնքի հրավերով: Հանդիպել ենք ե՛ւ Դոնեցկում, ե՛ւ Լուգանսկում հայ համայնքների հետ, տարբեր միջոցառումների ենք մասնակցել: Մեր հանդիպումները կրում էին նաեւ հումանիտար բնույթ: Հումանիտար օգնություն ենք փոխանցել ժամանակավոր կացարաններում ապրող տարբեր մարդկանց, ինչպես նաեւ արյան կենտրոնին ենք համապատասխան օգնություն ցուցաբերել: Ունեցել ենք քաղաքական հանդիպումներ եւս եւ ամենաառաջնահերթ հարցը, որը բարձրացրել ենք եւ արել ենք ամեն ինչ, որպեսզի տեղում արդիականություն ստանա, արցախահայերի վերադարձի իրավունքի հարցն է եղել:
— Պարոն Սուքիասյան, իսկ «Մայր Հայաստանը» Ղրիմը ճանաչո՞ւմ է՝ որպես ՌԴ անքակտելի մաս:
— Եթե նկատեցիք, ես որեւէ գեոպոլիտիկ շեշտադրում չկատարեցի իմ խոսքի մեջ, եւ ունենք այս պահին Դոնեցկ եւ Լուգանսկ կատարած այց:
— Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր քաղաքական ուժը նույն Դոնբասի վերաբերյալ ավելի վաղ հայտարարությամբ հանդես չէր եկել:
— Որեւէ արտառոց բան ես դրանում չեմ տեսնում: Հայտարարություն շատերը շատ թեմաներով կարող են անել: Մենք փաստացի մեր գործունեությամբ ցույց տվեցինք Հայաստանի ռազմավարական շահերի մեր առաջնահերթությունները:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ