Տավուշի մարզում հայր ու որդի վիճաբանել են ալկոհոլ օգտագործելու հարցի շուրջ, որդին փորձել է հորից խլել դանակը, ստացել է մարմնական վնասվածքներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են զանգահարել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 20։20-ի սահմաններում իրենց տան բակում փայտ կտրելու ժամանակ ստացած «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերք, աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Վ․-ն:
Տեղում պարզվել է, որ Հայկ Վ․-ն նշված վնասվածքներից «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերքը» ստացել է նույն օրը ժամը 20։20-ի սահմաններում իրենց տանը հոր, Տավուշի մարզի բնակիչ 66-ամյա Կոլյա Վ․-ի հետ վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ հոր ձեռքից խոհանոցային դանակը խլելու, իսկ «աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածքը» նյարդայնացած պատին հարվածելու հետևանքով:Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Կոլյա Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: