Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ:
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:
Նշված վայրից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 հոգու տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներին մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության պատճառը եղել է ավտոմեքենան կայանելու շուրջ ու կասկածյալների մեջ են հարազատ եղբայրներ: