Դրախտ ընկնելը երաշխավորող օրենքի նախագիծ՝ ի հեճուկս Եվրոքվեի. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՊարզվում է՝ «ԵՎՐՈՔՎԵ» օրենսդրական նախաձեռնության հեղինակ 51 անձանցից, որոնց թվում են «իրավաբաններ», «քաղաքագետներ», «միջազգայնագետներ», առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» եւ այլն, ոչ ոք չգիտի անգամ այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են, որ անդամակցի Հայաստանը: Այս մասին նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւ մանրամասնել. «51 հոգուց կազմված նախաձեռնող խումբը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Արտակ Զեյնալյանն է (ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո), Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել՝ օրենքի նախագծում նշելով «Եվրոպայի Միություն», հետո նոր իմացել են, որ այդ կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանն անդամակցի, ունի այլ անուն՝ «Եվրոպական Միություն»։ Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»։ Ապշա՞ծ եք, սա դեռ ամենը չէ, նախաձեռնողները նաեւ Հայաստանի Հանրապետության մեջ են տառասխալ արել՝ «հանրապետություն»-ը գրելով փոքրատառ: «Դե մարդկանց նպատակը պետությունն առհասարակ վերացնելն է, կարող է լինել նաև այդպես։ Սրանք մինչեւ նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն, ժամանակ չի մնա 50.000 ստորագրություն հավաքեն»,- եզրակացրել է Ղազարյանը եւ կիսվել նաեւ մի ուրախալի լուրով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումում Արտակ Զեյնալյանն իր անունն ու ազգանունը ճիշտ է գրել՝ առանց վրիպումների»։
Շարունակելով «Եվրոքվե»-ի թեման՝ նշենք, որ այս հարցում ուշագրավ, եթե չասենք զարմանահրաշ առաջարկով հանդես է եկել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա հեգնում է. «Ես էլ եմ որոշել հանրաքվե նախաձեռնել։ Հանրության դատին եմ ներկայացնելու «Մահվանից հետո ՀՀ քաղաքացիների դրախտ ընկնելը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»: Ըստ Մելիքյանի, եթե առանց Եվրամիությունից մեզ կանչելու՝ Խզմալյանն ու Զեյնալյանը հանրաքվե են ուզում անցկացնել, թե՝ մենք էլ ենք գալիս ԵՄ, կարելի է միանգամից դրախտ էլ գնալ՝ առանց հրավեր: Ընդ որում՝ նա ընդգծում է, որ իր այս նախաձեռնությունը պակաս լուրջ չէ, քան Խզմալյան-Զեյնալյանենց «Եվրոքվե»-ն:
Ի դեպ, երեւի, ոգեւորված Խզմալյան-Զեյնալյան տանդեմի նախաձեռնությունից՝ դեկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվելիք «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է ո՛չ ավել, ո՛չ պակաս տրանսգենդեր ԴԻԱՆԱ ՂԶՐՈՅԱՆԸ: Այլ կերպ ասած՝ Հայաստանն այդ մրցույթին կներկայացնի մեկ ուրիշ Մելինե Դալուզյան՝ Մել: Հիշո՞ւմ եք, չէ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տրանսգենդեր դարձած ծանրամարտիկ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Եվ ահա տրանսգենդերներն արդեն Հայաստանն են ներկայացնում: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն սա է, այլ այն, որ տարբեր մրցույթներում հաղթած հայ գեղեցկուհիները, որոնք չէին ներում ռուս գեղեցկուհուն, որը Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիզերեք» մրցույթին, զարմանալի լուռ են, որ ինչ-որ նախկին Արթուր, որը դարձել է տրանսգենդեր, ներկայացնի Հայաստանը` տրանսգենդերների համար նախատեսված մրցույթում: Ընդհանրապես, Հայաստանն այդ մրցույթում ի՞նչ գործ ունի:
Զարմացած է «Իրավունք»-ը