Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է կողքի գյուղում ապրող՝ հավանած աղջկա տուն և փախցրել նրան։
Աղջկա մորաքույրը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ տղայի ընտանիքը 4 տարի է, ինչ գալիս է իր քրոջ աղջկան «ուզելու», բայց ո՛չ աղջիկը, ո՛չ էլ նրա ծնողները համաձայն չեն: Իսկ, երբ տղան իմացել է, որ ուրիշ «ուզող» է հայտնվել, նման քայլի է դիմել։
«Երեկ չէ առաջին օրը երեկոյան ժամը 6-7-ի հատվածում այդ տղան իր հոր, հորեղբոր, հորեղբոր տղու, քեռու հետ եկել են քրոջս տուն, իսկ այդ ժամանակ տղամարդկանցից միայն պապիկն է տանը եղել ու փոքր եղբայրը։ Մտել են տուն ու միանգամից սկսել են գոռգոռալ։ Հետո այդ տղան քրոջս՝ իր հավանած աղջկա մորն ասել է՝ նոր փեսա ես ճարե՞լ, աղջիկդ իմը պետք է լինի կամ էլ իրեն կվառեմ։ Հետո իմանում են, որ աղջիկը բաղնիքում է, բաղնիքն էլ դրսում է, այդ տղան դուրս է գալիս, հոպարը, թե քեռին ներսից դուռը փակում են, որ մայրը և տան մյուս անդամները չկարողանան դուրս գան, լոգարանի դուռը ջարդում են, աղջկան սրբիչ-լաթիկով տանում են»,- պատմեց աղջկա մորաքույրը։
Նրա խոսքով՝ նույն օրը ուշ երեկոյան աղջիկը զանգահարել է տուն ու հայտնել, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ստիպել են ցուցմունք գրել, որ իր կամքով է գնացել։
«Քրոջս աղջկան փախցրած տղան աշխատել է Մարտունու պարեկային ծառայությունում, բնականաբար Ոստիկանությունում ծանոթ ունի, բաժնում վախեցրել են, երեխեն դիմում է գրել, որ իր համաձայնությամբ է գնացել, բայց դա հնարավոր չէ, եթե իր համաձայնությամբ լիներ, այլ տարբերակներ ուներ փախնելու։
Հաջորդ օրը հեռախոս է գտնում, թաքուն զանգում է իր քրոջն ու ասում՝ եկեք ինձ փրկեք, թե չէ ես կմեռնեմ, ինձ զոռով են տարել ու ստիպել են, որ այդ դիմումը գրեմ։
Կես ժամ հետո երեխուն ստիպում են փակ համարից զանգի ու ասի, որ իր կամքով է գնացել, իրեն ման չգանք, վաղը կգա։
Մինչև հիմա երեխու հետ ոչ մի կապ չունենք։ Մարտունու ոստիկանությունը գործը փակել է, նույնիսկ դատարան չի հասել։ Ու, երբ գնում ես բաժին՝ ինչ-որ բան իմանալու, քմծիծաղով են խոսում, ձեռ են առնում, թե՝ 2 օրից կոնյակով կգաք, կշնորհավորեք։ Մարտունու բաժինն ընդհանրապես չի աշխատում։ Մենք դիմել ենք նաև ԱԱԾ, Ներքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն»,- ասաց մեր զրուցակիցը։