Ռուսաստանից զգալիորեն կախված է Հայաստանի գոյության հարցը. Հրանտ Միքայելյան
Ներքաղաքական«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ: Անդրադառնալով ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից դուրս գալու մեր երկրի համար հնարավոր ելքերին՝ նա ընդգծեց, որ պետք է նախեւառաջ պատասխանել այն հարցին, թե ով է, ի վերջո, այդ ելքն իրականացնելու կամ փնտրելու:
— Եվ այստեղ իշխանավորի կամ, այսպես ասած, ինքնիշխանի հարցն է գալիս, թե ով է այդ աստիճանի ինքնիշխան եւ կարող, որպեսզի այդ իրավիճակը փորձի լուծել: Պարզից էլ պարզ է, որ ներկայիս իշխանություններն ամբողջությամբ ինքնիշխանություն չունեն: Այժմ մենք ունենք արեւմտյան պաշտոնական ներկայացուցիչներ՝ պաշտպանության նախարարությունում: Մենք ունենք, օրինակ, ոստիկանության բարեփոխումներ, որոնք թելադրվել են, մենք ունենք ստեղծված արտաքին հետախուզության ծառայություն, որն ուղղված է, որպեսզի Արեւմուտքին սպասարկի եւ այլն: Այսինքն` Արեւմուտքի նկատմամբ ինքնիշխանությունը չկա: Երկրորդը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ինքնիշխանությունը չկա:
— Իսկ ինչու՞ չկա:
— Նախ մենք տեսել ենք, որ բազմաթիվ անգամներ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան ուղիղ կերպով աջակցել են ներկայիս իշխանություններին՝ խառնվելով Հայաստանի ներքին գործընթացներին: Բացի այդ, երբ Ադրբեջանի նախագահը սկսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին խոսել, ապա նկատում ենք, թե ինչպես է Հայաստանի ներկայիս իշխանությունն այդ բոլոր թեզերը վերցնում եւ սկսում վերարտադրել: Ինչ խոսք, բազմաթիվ նման դրվագների ականատեսը եղել ենք, սակայն այս մեկն արդեն ամբողջությամբ բավական է, որպեսզի ցույց տանք, որ Հայաստանը այս պահի դրությամբ նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ իր ինքնիշխանությունը կորցրել է: Հիմա Ռուսաստանը. ՌԴ նշանակալի ազդեցությունը այս տարածաշրջանում այնքան մեծ է, որ Ռուսաստանից զգալիորեն կախված է Հայաստանի գոյության հարցը, որի մասին ՌԴ-ից բազմաթիվ անգամներ ասել են եւ շարունակում են նաեւ խոսել, ու իսկապես այդ ամենը հենց այդպես է: Ով սա ժխտում է, կարող ենք վստահաբար ասել, որ նա կա՛մ չգիտի, կա՛մ ուղղակի, այսպես ասած, հատուկ շահերի է սպասարկում: Այսպիսով, Հայաստանն իրականում Ռուսաստանի նկատմամբ էլ ինքնիշխանություն չունի: Բա ո՞ւմ նկատմամբ ունի: Այսինքն` սեփական տարածքում նույնիսկ Հայաստանը ցանկացած քաղաքականություն մշակելիս հաշվի է առնում բազմաթիվ դրվագներ:
— Եթե իշխանությունն ամբողջությամբ կախյալ է վերոնշյալներից, ընդդիմության մեջ արդյո՞ք կան ինքնիշխան ուժեր:
— Սա շատ լուրջ հարցերից մեկն է: Իմ կարծիքով՝ կախվածություն, ամեն դեպքում, կա տարբեր ուժային կենտրոններից եւ բացի այդ՝ կա եւս մեկ խնդիր: Անգամ եթե ուղիղ կերպով կախվածություն ունի որեւէ մի շրջանում կամ քաղաքական խմբում, քիչ է, արդյո՞ք այդ ուժը պատրաստ է գործել այնպես, որպեսզի արդյունավետ կերպով կարողանա ամեն ինչ փոխել երկրում: Եվ այստեղ հասկանում ենք, որ առաջին հերթին նախ ներքին իրավիճակը պետք է փոփոխվի: Այս իշխանությամբ այդ վիճակը պարզապես չի կարող փոփոխությունների ենթարկվել: Այսպիսով, իշխանությունը պետք է փոփոխությունների ենթարկվի: Եթե իշխանությունը փոխվում է՝ արդյո՞ք այն գնում է դեպի լավը: Իհարկե, բավական դժվար է պատկերացումներ ունենալ այն մասին, որ այս իշխանությունը լավ կամ վատ կարող է լինել, բայց տեսականորեն կարող է, քանի որ պատկերացնենք, որ իշխանությունը փոխվում է եւ Հայաստանի վրա իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարձակում:
Օրինակ, ինչ-որ մի անգրագետ քաղաքականության արդյունքում նաեւ տնտեսությունն է փլուզվում, կամ էլ ինչ-որ մի այլ բան: Այսպիսով, պետք է լինի պատրաստի մի քաղաքական ուժ, որն ունի ծրագիր, ունի կարողություն այդ ծրագիրը իրագործելու համար: Դա կլինի՝ թե՛ կադրային, թե՛ մտավոր, թե՛ քաղաքական, եւ այդ քաղաքական ուժը պետք է գործի նաեւ համագործակցության մեջ այլ ուժերի հետ:
Այդպիսի հայտ այս պահի դրությամբ մենք ունենք, կարելի է ասել, Բագրատ սրբազանին, բայց այստեղ կան նաեւ խնդիրներ: Մի հոգին խորհրդարանական համակարգում չի կարողանա ամեն ինչ փոխել, եւ գումարած դրան Բագրատ սրբազանը նաեւ, կարելի է ասել, ինչպես տեսնում ենք, նոր է փորձ ձեռք բերել տարբեր դրվագներից: Այսինքն` սկզբից շատ բաներ իր համար նոր էին բացահայտվում: Այսպիսով, մենք այստեղ էլ ունենք խնդիր:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ