«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար ընդունված է, որ երբ ՀՀ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում են որեւէ երկիր, նրանց ուղեկցող պատվիրակության կազմում անպայման ընդգրկվում են տվյալ երկրի հետ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարները: Ասենք, ԱՄՆ մեկնելիս վարչապետին ու ԱԺ նախագահին, որպես կանոն, ուղեկցում է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Գերմանիա մեկնելիս՝ ԱԺ-ի հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Բայց դա չի վերաբերում ընդդիմադիր պատգամավորներին, որոնցից ոմանք նույնպես բարեկամական խմբերի ղեկավարներ են:
Հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանած ՔՊ-ական իշխանությունը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ է, փաստորեն, բարեկամաբար տրամադրված, իսկ հայկական ընդդիմությանը համարում է իր թշնամին»: