Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀայաստանի կառավարությունը հաստատել է, որ ժողովրդի թիկունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը հանձնել է Ադրբեջանին։ Այս մասին հայտարարությունների ժամին Ազգային ժողովի նիստում արդարացիորեն փաստել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Զարմանալի է չէ՞, մի ՀՅԴ-ական պատգամավոր արձանագրում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը հանձնվել է Ադրբեջանին, իսկ մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր՝ ի դեմս ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ, խոսում է անկախությունից ու ինքնիշխանությունից՝ վախենալով, որ հանկարծ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի մեջ Հայաստանը չմտի: Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր:
Իսկ ՀՀ կրթության, գիության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հայտարարում է, որ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրք չկա, որովհետեւ չեն ունեցել երաշխավորված դասագիրք եւ հատուկ գնում են այնպիսի մի եղանակի, որ նաեւ պատմության ուսուցումը դարձվի իբրեւ ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի եւ ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաեւ երեխաների մտածողությունը: Ժողովրդական լեզվով ասած՝ քսեռոքսի թղթերով են աշակերտները դաս սովորելու: Անկախ երկրում, համաձայնեք, որ նման ԿԳՄՍ նախարարին վաղուց տուն էին ուղարկել՝ թեւի տակ դնելով մի քանի քրեական գործերի թղթապանակ:
Ուշագրավ փակագծեր է բացել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՄԻՔԱՅԵԼ արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ։ Նա իր հարցազրույցներից մեկում ասել է, թե Նիկոլ Փաշինյանը, նախագահը, ԱԺ խոսնակը հրավիրված են սեպտեմբերի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Նա ընդգծել է, որ իրենց հեռախոսները լսում են, եւ իշխանությունը գիտեր, որ նման որոշում կա, սակայն մեկ օր առաջ հատուկ հայտարարել են, թե Փաշինյանը հրավեր չի ստացել։ Ըստ Սրբազանի` Մայր Աթոռը, անկախ ունեցած տարաձայնություններից, որոշում է ընդունել պատշաճ հրավեր ուղարկել, սակայն անգամ դրա կարիքը չկար։ «Եթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային», - ասել է նա ու չի բացառել, որ իշխանությունը կարող է եւ ներկա գտնվել։ Ի՞նչ ասես, արժե՞ր մյուռոնին թույն խառնել…
Զարմանալի վարքագիծ է դրսեւորում Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԸ: Պարզվում է՝ նրա դիմումի հիման վրա քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում որպես վկա ներգրավված է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Ըստ Թովմասյանի` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավորը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պատժել իրեն, որ վերջինս հրապարակային հայտնել է, թե Արմեն Աշոտյանի կալանքը քաղաքական հրահանգի արդյունք է եւ դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով խախտվող իրավունքների վրա: Դատավոր Դոլմազյանը պատգամավորի գործունեությունը համարել է իբրեւ միջամտություն իր եւ արդարադատության գործունեությանը ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել պատգամավորին:
Զարմացած է «Իրավունք»-ը