Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHub
ԹեմաԿիրանցի հատվածում սահմանազատման հետևանքով Հայաստանից զիջված տարածքներում ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, որոնք տեսանելի են հայկական գյուղերից։ Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը մեծածավալ աշխատանքների մասին է։
«Գիշեր-ցերեկ աշխատում են։ Կիրանցեցիներն անգամ ասում են, որ այդ տարածքներն ականապատվում են, ինչը ենթադրում է, որ խաղաղությունը ոչ թե մոտենում է, այլ ընդհանրապես դրա մասին խոսելն օր-օրի անիմաստ է դառնում։ Իսկ ի՞նչով է զբաղված հայկական կողմը։ Առանձնապես ոչ մի բանով։ Սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ, անվտանգության հարցը լուծված է»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Ղազարյանի՝ Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում։ Նոր դիրքերում կահավորման աշխատանքներից ու 2-րդ գծում ամրաշինական աշխատանքերից բացի, հաճախակի մեղադրանքները թե՝ «Հայաստանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը», արդեն իսկ խոսում է այն մասին, որ խաղաղության պայմանագիրը հերթական «կուտն է», որ մատուցվում է հայ ժողովրդին։
«ՀՀ-ն զավթած սրիկայախմբի ղեկավարը փլուզեց մեր երկրի ամենաամուր՝ Տավուշի բնագիծը, մեր դաշտ ու դուրանները զիջեց թշնամուն, Ադրբեջանին հանձնելով ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերը»,- հավելեց Կարեն Ղազարյանը։