Ինչու հանկարծ Նիկոլը որոշեց մեկնել BRICS-ի գագաթաժողով
ՎերլուծությունՆախօրեին բազմանշանակ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Ըստ նրա` Հայաստանը պատրաստվում է մասնակցել ոչ միայն BRICS-ի ամենամյա գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 22-24-ը Կազանում, այլ նաեւ` ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այսպես որ գնա, երեւի, նաեւ ՀԱՊԿ-ի միջոցառումների՞ն կսկսեն մասնակցել…
ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ ԳՆԱԼ BRICS
Թե ինչ մակարդակով է Հայաստանը մասնակցելու մասնավորապես BRICS-ի գագաթաժողովին, փոխնախարարը չմանրամասնեց: Բայց չմոռանանք,որ խոսքը կազմակերպության լիդերների հանդիպման մասին է, մասնակցելու է Չինաստանի նախագահ Սին, Հնդկաստանի, Իրանի եւ մյուս անդամ երկրների լիդերները, Էրդողանը եւ, ըստ ամենայնի, Ալիեւը, ինչին դեռ կանդրադառնանք: Այս մակարդակով հանդիպմանը, բնական է, Նիկոլը պետք է անձամբ գնա. Եթե մեկ ուրիշին ուղարկի, կարող են անգամ «դռնից ներս չթողնել»:
Հաջորդ հարցը. Նիկոլը գնում է BRICS-ի գագաթաժողովին, որ ի՞նչ, նպատակը ո՞րն է: Մինչ այս, թեեւ այս կազմակերպության հետ կապված Հայաստանին որոշակի ակնարկներ եղել են, սակայն անդամակցության մասին էական քննարկումներ տեղի չեն ունեցել: Հայաստանից եւս նման հայտ կամ գոնե BRICS-ին ինչ-որ անորոշ ապագայում անդամակցելու մասին հայտարարություններ չեն լսվել: Ավելին` ներկա փուլում հայաստանյան պաշտոնյաներն աղմկում են դեպի Եվրոպա գնալու մասին, իսկ BRICS-ը դրան 180 աստիճանով հակադիր թեւն է: Ստացվում է, որ այդ մասնակցության հարցին պետք է մոտենալ ոչ թե պրակտիկ՝ անդամակցելու կամ նման բաների տեսանկյունից, այլ՝ քաղաքական ուղղությունից: Ըստ այդմ, երբ Նիկոլը հանկարծ հիշում է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, ու դրանից հետո թեկուզեւ փոխնախարարի մակարդակով օրակարգ են բերում BRICS-ի գագաթաժողովին մեկնելու ծրագրերը, ապա դա արդեն իսկ կզայրացնի շեֆին՝ ԱՄՆ դեսպանին: Բայց փոխարենը, Մոսկվայում կարող են նման քայլի համար Նիկոլի գլուխը մի թեթեւ շոյել: Այս մեսի՞ջն է գալիս ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարությունից, առավել եւս, որ նա խոսում է նաեւ ԱՊՀ գագաթաժողովի մասին. շատ նման է: Բայց ինչո՞ւ հանկարծ Նիկոլը որոշեց նման սեթեւեթանքներ հղել դեպի Մոսկվա՝ անգամ չվախենալով ամերիկյան դեսպանի սպասելի զայրացած հայացքներից. Այ, սա արդեն առանցքային հարցն է:
Այն, որ վերջին ժամանակներս, ավելի կոնկրետ՝ Պուտինի հետ վերջերս կայացած հայտնի հեռախոսազրույցից հետո Նիկոլի մոտ սկսել են դեպի Մոսկվա ուղղված նման «տարօրինակ» հայացքներ հաճախակի նկատվել, անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Ավելին` դեռ ամիսներ առաջ է հասկացվում, որ արեւմտյան ուղղությամբ հասնելով փակուղու` Նիկոլի համար միակ տարբերակ է դառնում մոսկովյան վեկտորի մասին հիշելը՝ ցուկցվանգային իրավիճակում չմնալու համար:
Մեկ այլ գործոն եւս այստեղ չպետք է հաշվից հանել. ամռան կեսերին Մոսկվայից սկսեցին մեկը մյուսի հետեւից ազդակներ գալ, որ Հայաստանը լավ կանի, որ սկսի գործակցել BRICS-ի Bridge համակարգի հետ, որը գործարկվում է որպես արեւմտյան Swift-ին այլընտրանք ֆինանսական փոխանցումների համակարգ: Ընդ որում, BRICS-ի սպասվող գագաթաժողովին, շատ մեծ հավանականությամբ, այդ համակարգը վերջնականապես կհաստատվի եւ կմտնի պրակտիկ գործարկման փուլ: Եվ այն իրավիճակում, երբ Հայաստանի ֆինանսական կապերի առյուծի բաժինը Ռուսաստանի հետ է, ֆինանսական այդ համակարգի հետ չգործակցելը սպառնում է ծայրահեղ բարդ հետեւանքներով: Առավել եւս, երբ այս հարթակն են տեղափոխվում Հայաստանի բազում այլ տնտեսական գործընկերներ: Եվ այսպես շարունակ. կան մի շարք գործոններ, որոնք քաղաքական, տնտեսական տեսանկյունից Նիկոլին ոչ թե հուշում, այլ պարտադրում են մեկնել BRICS-ի սպասվող գագաթաժողով: Եվ այս օրերին այդ գործոններին ավելացավ եւս մեկ էական հանգամանք:
ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՅԼԸ
Ոչ պաշտոնական խոսակցությունները, թե Էրդողանը BRICS-ին Թուրքիայի անդամակցության հայտ է ներկայացրել, նախօրեին պաշտոնական տեսք ստացավ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատեց այդ լուրերը՝ մանրամասնելով, որ Թուրքիայի հայտը կքննարկվի սպասվող գագաթնաժողովում: Նաեւ, որ այդ նպատակով Էրդողանին պաշտոնական հրավեր է հղվել, եւ նա ընդունել է դա: Իսկ մի փոքր ավելի վաղ Ադրբեջանն էր խոսել BRICS-ին անդամակցելու ծրագրերից, Ալիեւը հարցը քննարկել էր Պուտինի` Բաքու կատարած վերջին այցի ժամանակ, եւ դատելով հաջորդած զարգացումներից, այդ քննարկումը հաջող էր: Նաև դատելով նրանից, որ Նիկոլի մեկնելը լուրջ շրջանառության մեջ դրվեց Ուշակովի այդ հայտարարությունից անմիջապես հետո, այստեղ կապ պարզապես չի կարող չլինել:
Բայց նախ հասկանանք, թե ինչ է նշանակում BRICS-ին ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամության համար տարիներով պայքարող, մի խոսքով՝ Արեւմուտքի մասին Թուրքիայի այդ հայտը: Թուրքիայի անդամակցության հայտը BRICS-ին, իհարկե, առաջին հայացքից նոնսենս է թվում. լինել մեկ գլոբալ համակարգի մասնիկ եւ փորձել դառնալ նաեւ հակառակ բեւեռի մասնիկը, դա տիպիկ էրդողանական ոճով է: Ընդ որում, նա այդ մասին հայտարարում է առանց թաքցնելու, որ Թուրքիայի ապագա զարգացումը տեսնում է միաժամանակ այդ երկու գլոբալ համակարգերի հետ գործակցության մեջ:
Բայց, միաժամանակ երկու աթոռի նստել, իհարկե կցանկանար ամեն մի պետություն: Ամբողջ հարցն այն է՝ կարո՞ղ ես: Էրդողանը այդ հարցում վարպետ է, նա տեւական ժամանակ կարողանում է խաղալ այդ երկու աթոռների խաղը: Միայն թե BRICS-ի պարագայում պատկերը «մի փոքր» այլ է: Այստեղ նախ հիշենք, որ այս հուլիսի սկզբներին Աստանայում կայացած Պուտին-Էրդողանը հանդիպմանը զուգահեռ, արտգործնախարար Ֆիդանը շրջանառության մեջ է դրել լուրը, թե Թուրքիան պատրաստվում է BRICS-ին անդամակցության հայտ ներկայացնել: Երկրների ղեկավարները այդ հարցը քննարկեցին, որից հետո ռուսական կողմը պարզ ակնարկեց, որ արեւմտյան բլոկը ներկայացնող Թուրքիան չի կարող մաս դառնալ նաեւ արեւելյան բլոկին: Այսինքն, միգուցե, այս ընթացքում կուլիսային մակարդակներում ինչ-որ բան փոխվել է, բայց բուն սկզբունքը կա՝ Էրդողանը պետք է շարժվի կա´մ-կա´մ սկզբունքով: Այսինքն, կա´մ այս բլոկի լիիրավ անդամ ես՝ մյուս բլոկի հետ համագործակցելով որպես միայն գործընկեր, այլ ոչ անդամ, կամ` հակառակ տարբերակը: Ինչպես, ասենք, Սաուդյան Արաբիայի դեպքում է. դարձավ BRICS-ի անդամ, եւ պահպանում է արեւմտյան թեւի հետ համագործակցություն, բայց` ոչ անդամի կարգավիճակով: Եվ դրանում տրամաբանություն կա. երկու բլոկներում էլ կան մեխանիզմներ, որոնք բացառում են այլ բլոկի անդամ լինելը, թեկուզեւ այն իմաստով, որ մի բլոկում մյուսի շահերի դեմ որոշումներ կայացնելիս «երկանդամի» սեփական շահը կդառնա մյուսներին խանգարող գործոն: Այսինքն` կրկնակի անդամին երկու թեւում էլ ամենաքիչը կդիտարկեն որպես «սպիտակ ագռավ», եթե ոչ դավաճան կամ հատուկ նպատակներով ներդրված «ական»: Ընդ որում, խաղադրույքները չափազանց բարձր են, BRICS-ն իր գոյությամբ արդեն իսկ հարվածում է ամերիկյան «սրբության սրբոցին»՝ դոլարին, եւ նման խաղադրույքների դեպքում կողմերից ոչ մեկը չի ցանկանա իր թիմում ունենալ մյուս թեւ «շպիոնի», եթե անգամ դա կասկածների մակարդակում է:
Այսինքն, եթե Էրդողանը գնում է նման լուրջ քայլի, ընդ որում՝ շատ լուրջ ուժերի հետ գործակցելիս, ապա կարող ենք այս երկու տարբերակը դիտարկել: Անկարան այսպիսով կա´մ փորձում է ինչ-ինչ հարցերով ծանր ճնշում բանեցնել Արեւմուտքի, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի վրա, եւ ստանալով զիջումներ, վերջին պահին կարող է BRICS-ի իր հայտը հետ կանչել: Կա´մ, որ Անկարան վերջնականապես է կողմնորոշվել ապագայի հարցում, եւ առաջին հերթին փորձում է դուրս գալ դոլարի ճնշումայի ազդեցությունից, որը դարձել է շատ լուրջ մահակ. վկան թուրքական լիրայի խայտառակ փոխարժեքն է: Ընդ որում, ունենալով ռեալ եւ ծանրակշիռ տնտեսական պոտենցյալ, ազատվելով դոլարային նման ճնշումից, Թուրքիան իր այդ պոտենցյալը էապես զարգացնելու հեռանկարներ BRICS-ի հետ գործակցությամբ կունենա: Այն դեպքում, երբ Արեւմուտքում միայն անորոշություններ են, եւ այն կարգի, որ, օրինակ, գերմանական առաջատար ընկերություններն են նախընտրում հենց Գերմանիայում դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը: Իսկ այն պահին, երբ ԱՄՆ-ում նման խառը վիճակ է, Անկարայի համար հարմար առիթ է անցնցում այդ գործընթացն առաջ տանելու համար:
ՄԻԱՅՆ BRICS-ՈՎ ՉԷ
Այսպիսով, շատ նման է նրան, որ Թուրքիան որոշել է իսկապես առնվազն տնտեսական իմաստով գնալ քաղաքական ճամբարափոխության: Իսկ դա Նիկոլի համար հերթական լուրջ խնդիրն է դառնում: Այսինքն, եթե մինչ այս նա փորձում էր առաջ տանել այն տրամաբանությունը, թե կբացվեն թուրքական սահմանները, եւ դա կդառնա դեպի Եվրոպա տանող ունի, հիմա պարզվում է, որ սահմանները կարող են եւ բացվել, բայց դա կդառնա՞ եվրոպական ուղի՝ մեծ հարց է: Սրան, իհարկե, պետք է գումարել նաւե Վրաստանը, որտեղ թեեւ ամերիկացիներն ակնարկում են հեղաշրջման հեռանկարների մասին, սակայն այն վարկանիշը (տարբեր գնահատումներով՝ 60-70 տոկոս), որն ունի իշխող ուժը, դա դարձնում է քիչ հավանական, առավել եւս, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին:
Ի դեպ, օրերս ՀՀ մեկ այլ փոխարտգործնախախար՝ Վահան Կոստանյանը Սլովենիայի Բլեդի համալսարանում (ունեցած ելույթում իրեն էր կոտորում, թե Եվրոպան պետք է արագ ընդունի Հայաստանին, քանի դեռ ներկայիս թիմն իշխանություն է. «Մենք պետք է գնահատենք մեզ տրված ժամանակը, քանի որ ինչ-որ մեկը կարող է դռնից դուրս գալ եւ մեզ դուրս բերել»։ Դա կարելի է ինքնախոստովանություն համարել, այսինքն, որ ներկա եվրոպական երազանքները հայաստանյան գործող իշխանական համակարգի արեւմտամոլների ձգտումներն են, եւ ամեն պահ կարող են նրանց քշել, ու պատկերը կփոխվի: Միայն թե Կոստանյանը մեկ բան երեւի լավ չի պատկերացնում. իսկ Եվրոպային պե՞տք է կամ կարո՞ղ է իր ներկա խառը վիճակում, դեռ մի բան էլ խցկվել բոլոր կողմերից ոչ եվրոպամետներով շրջապատված Հայաստանը: Բայց ի տարբերություն Կոստանյանի, Նիկոլն անձնական պատասխանատվության խնդիր ունի, որն էլ նրան ստիպում է մեկնել BRICS-ի գագաթնաժողով:
Չնայած, այնպես չէ, որ կարող է մի բան որոշել եւ անել: Այս օրերին Մոսկվան Նիկոլին նաեւ «հիշեցրեց», որ Հայաստանը, այսպես թե այնպես, դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ եւ պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները: Այսինքն` պետք են ամբողջական որոշումներ, եւ ոչ թե այս մեկը կանեմ, այն մեկը՝ ոչ: