Նիցշեն, Հայաստանն ու Բաքուն. Լիլիթ Գալստյան
Ներքաղաքական«Վերջերս ԱԺ-ում հանդիպեցի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի շատ ներկայանալի և բազմանդամ պատվիրակությունը՝ Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի ղեկավարությամբ։
Բնականաբար, խոսքիս առանցքում Արցախն էր, արցախահայության ՎԵՐԱԴԱՐՁ-ի իրավունքը։ Հետո խոսեցինք կրթական ու մշակութային հարաբերությունների կարևորության ու ժողովրդական դիվանագիտության մասին։ Ասացի նաև, որ Գերմանիայի հետ բարեկամական խմբում ընդգրկվելս ոչ այնքան քաղաքական, որքան զգացական ընտրություն է՝ պայմանավորված Բեռլինում ապրածս մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ու գերմանացիներին մարդկային բոլորովին այլ դիտանկյունից բացահայտելու չջնջվող զգացողությամբ։
Հանդիպման ավարտին ինձ բազմաթիվ մտածումներ արթնացնող անակնկալ էր ապասվում։
Նաումբերգի քաղաքապետ Արմին Մյուլլերը տեղին հպարտությամբ բարձրաձայնեց, ու գերմանացի մեծ փիլիսոփա և ազատ գեղագետ Ֆրիդրիխ Նիցշեն իրենց համերկրացին է, ծնվել է Անհալթում, սովորել է Նաումբորգի համալսարանում։ Հետո ինձ նվիրեց Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատության հայերեն առաջին թարգմանությունը, որ հրատարակվել է Բաքվում, 1914-ին։
Իսկապես անակնկալ էր, խառն ապրումներ առաջացնող․ Նիցշեի մահից 14 տարի անց Վ․ Խորենի ընտիր թարգմանությամբ Բաքվում Նիցշե է հրատարակվում։ Որ մեր թարգմանական դպրոցը հնագույններից է, և աշխարհի հետ երկխոսելու մեր տաղանդն ու ձգտումը դարերի վրա է ձգվում, նույնպես անհերքելի է։
Փաստ է, որ պատմականորեն մենք մշակութային, քաղաքակրթական բովանդակություն ենք հաղորդել և հաղորդում Հայաստանից, մեր բուն օրրանից դուրս տարբեր աշխարհագրություններում, երբ մերը լքված է, անղեկ կամ անխնամ։ Թիֆլիս, Ստամբուլ, Երուսաղեմ, Բաքու, Մադրաս, Սինգապուր, Վիեննա, Մոսկվա, Աստրախան, Վենետիկ․ դարերի վրա ձգվող հայկական ներկայություն․․․
Հիմա, հայկական ժառանգության կամ քաղաքակրթական հետքի մեծ մասը փոշիացվել է, մի մասը յուրացվել օտարների կողմից, մի մասն էլ՝ պարզապես մահացել։
Մահացել է, որովհետև արմատը սեփական հողում չի, մի օր չորանում է էդ արմատը։ Չի ապրում, որովհետև դա իր կենսական միջավայրը չի, իր թթվածնի միջավայրը չի։
Ու մենք մի տեսակ շարունակ ԳՆԱՑՈՂ ԱԶԳ ենք։
Բայց մյուս կողմից, ինչո՞ւ չենք կարողանում, դարեր շարունակ չենք կարողանում մեր բնօրրան տարածքների վրա կենսունակ միջավայր ստեղծել, որ հայ մարդու աչքն օտար ափերի վրա չլինի։ Ինչո՞ւ չենք կարողանում մեր մեղքն ու պատասխանատվությունը տեսնել։ Մերն այստեղ, այս հողում կերտել ու արարել․ ուրիշի կառուցածի վրա հե՞շտ է․․․
Ինչո՞ւ մեր մեջ չի կարծրանում ՏԵՐ լինելու կոդը։ Մհերն ինչո՞ւ անձավ մտավ ու դեռ դուռն էլ փակեց։ Էս հարցը կեղեքելու շատ ցավեցնում է ինձ, շատ վաղուց․․․
2012-ին /այն ժամանակ հաղթած էինք, ինքնավստահ ու արժանապատիվ/, երբ Եվրանեստի վեհաժողովին Բաքու էինք մեկնել, գլխավոր պողոտայի վրա հայ ճարտարապետների փառահեղ ժառանգությունն էր, այդ թվում՝ Բաքվի թատրոնի շենքը։ Հիմա իրենցն է, առանց հայկական հետքի հիշատակման։ Մեր եկեղեցին, որ պահանջեցինք մեզ տանել, Ալիևի անվ. գրադարան էր դարձել, բնականաբար՝ առանց խաչի․․․
Թիֆլիսի 40-ից ավել հայ քաղաքապետների փաստն էլ է անհերքելի, պատմության դասագրքի դրվագ, այն էլ՝ ոչ միշտ բարձրաձայնվող։
Ինչուները շատ են։ Մենք՝ գնալով մաշվող ու փսոր, ու պատմությունը մեզ ԴԱՍ չի դառնում։ Որովհետև անկեղծ չենք, անղեկ ու մոլորված, մեր ազգային ծրագրի ու տեսլականի սահմանը սեփական հաշվեհամարից այն կողմ չի անցնում։ Մենք մեր հողի վրա հեղինակություն չենք հանդուրժում․ վկան այսօրվա հորիզոնական քաոսը․․․ինքնասպանության հասնող քաոսը․․․
Ու արդեն կազմակերպված ձեռքը հայկական հետքը մեր սեփական հողի վրա ջնջելու ծրագիր է իրականացնում՝ սողացող վարքով, բայց թիրախավորված ու երկարաշունչ։ Պետական մշակութային մի շարք կազմակերպություններից հեռացնում են ազգային կարգավիճակը, ինչպես կիսագրագետ փախնախարարն ասեց՝ «բառը»։
Ու այդ ընթացքում Նաումբերգի քաղաքապետ Արմին Մյուլլերից նվեր եմ ստանում 1914-ին Բաքվի հայկական տպարանում հրատարակված Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» գիրքը։
Նրանք խոսում են սեփական մշակույթը արժևորելու և մեծարելու լեզվով, մենք՝ ատելության, անհանդուրժողականության, օրեցօր ավելի խորացող ստի ու մաղձի լեզվով, որ պետականության և ազգայինի հետ ոչ մի աղերս չունի», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ և հորդորել՝ եկեք խոսենք-մտածենք: