«Հրապարակ». Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում երկօրյա աշխատաժողովից հետո, ինչպեսեւ գրել էինք, այցելել են Կիրանց, որպեսզի տեսնեն «փառահեղ սահմանազատումը»: Սակայն այցը հարթ չի ընթացել։ Չնայած ԱԳՆ-ն Կիրանցի համայնքապետարանին նախապես չի տեղեկացրել այցի մասին, որոշել են անսպասելի այցելել, որ մարդիկ չիմանան՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից, սակայն մեզ պատմեցին, որ Արարատ Միրզոյանին եւ դիվկորպուսի ներկայացուցիչներին «ըստ արժանվույն» են դիմավորել։ Դեսպանները եղել են սահմանին եւ փոքր-ինչ խորացել են գյուղամեջ։
ԱԳՆ-ն պաշտոնապես հաղորդեց. «ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մանրամասները»։