Վայ պատմաբաններ, վայ արվեստագետներ
ՀրապարակախոսությունԱնցյալում դպրոցական դասագրքեր և ձեռնարկներ գրել են տարբեր բնագավառների անվանի և փորձառու գիտնականներ, որոնք հեղինակել էին մի քանի ծավալուն և արժեքավոր հետազոտությունների և մենագրությունների և հարյուրավոր գիտական հոդվածներ: Այսօր հասարակության մեջ մեծ ճանաչում չունեցող հեղինակներ՝ իրենց բնագավառում որևիցե կշիռ չունեցող, ինչ-ինչ ճանապարհներով թույլտվություն ստանալով և գրանտներ շահելով, կազմում են դպրոցական դասագրքեր: Անդրադառնանք «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դպրոցական դասագրքին: Մի կողմ թողնենք այլ բնագավառի դասագրքերը, սակայն «Հայոց պատմություն» դասագիրքը ամեն մի պատմաբան գրելու իրավունք չունի, որովհետև այդ դասագիրքը պետք է աշակերտին դաստիարակի որպես հայ, հայրենասեր զինվոր, իր հողի ու ջրի պահապան երիտասարդ հայ: Այդ գիրքը պետք է ծառայի ազգի լուսավորության գործին, իսկ դասագիրք գրողը պետք է հեռու մնա քաղաքականությունից և չհարի որևէ քաղաքական խմբավորման:
«Հայոց պատմություն» դասագիրքը նաև պետք է ունենա դաստիարակչական, գիտական, կրթական և այլ նպատակներ:
Դասագրքի հեղինակը պետք է լավագույնս տեղյակ լինի գրվող և ներկայացվող նյութերին: Ամենագլխավորը, սակայն, այն է որ դասագրքի հեղինակը պետք է քաջ գիտակցի, որ Հայոց պատմությունը նման չէ եվրոպական որևէ երկրի և ժողովրդի պատմությանը, որովհետև նրանց մեծամասնությունը նորաստեղծ պետություններ են, չունեն դարավոր պատմություն:
Վերջերս հայ հասարակությանն առաջարկվեց հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրք, որի հեղինակներն են պ.գ.թ., դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը, որը նաև Թոնդրակ անվամբ ելույթ է ունենում որպես բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու Ալա Խառատյանը և արվեստագիտության թեկնածու Զարուհի Հակոբյանը:
7-րդ դասարանի համար գրելով «Հայոց պատմություն» դասագիրքը և ենթարկվելով խիստ քննադատության՝ Ս. Հովհաննիսյանն այս անգամ որոշեց գիրք գրել համահեղինակությամբ: Ինչպես ասում են. «Ընկերովի մահը հարսանիք է»:
Եթե ծանոթանալով Ս. Հովհաննիսյանի կողմից գրված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին և նկատելով տասնյակ պատմական սխալներ և անճշտություններ՝ ես մամուլի էջերում չանդրադարձա դրանց, ապա Ս. Հովհաննիսյանի այս երկրորդ դասագիրքը ինձ անտարբեր չթողեց: Դա էր պատճառը, որ չկարողացա այլևս լռել:
Գրքի պատմական մասը գրող Սմբատ Հովհաննիսյանն իր այս ձեռնարկով անցավ բոլոր թույլատրելի կարմիր գծերը, և իմ տեսակետով այս դասագիրքը նման տեսքով չի կարող հրատարակվել: Եվ այսպես, անդրադառնանք բուն դասագրքին:
Ծանոթանալով դասագրքին՝ հանգում ես այն եզրակացության, որ հեղինակները, իրար կապելով դասագրքի գլուխները, ստեղծել են մի ուղղություն, որով իրենց առջև մի քանի նպատակ են դրել՝ ա. Ներկայացնել Ռուսաստանը՝ որպես հայ ժողովրդի թշնամի և բռնակալ պետություն: բ. Նսեմացնել Հայ եկեղեցու դերը հայոց հազարամյա պատմության ընթացքում՝ ցանկանալով մի դասագրքում միավորել հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմությունը՝ դրանով իսկ հաստատելով այն թեզը, որ ոչ մի անհրաժեշտություն չկա առանձին առարկայով դասավանդելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:
Ս. Հովհաննիսյանին և նրա թիմին պետք է ասեմ, որ Հայ եկեղեցական պատմությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է այն գոնե մի տասը տարի ուսումնասիրել և նոր փորձել այն ներկայացնել լայն հասարակության դատին: Քանիցս ասվել է, նաև հոգևոր դասի կողմից, որ անհնարին է Հայ եկեղեցու պատմությունը լիարժեք «տեղավորել» Հայ ժողովրդի պատմության մեջ, որովհետև այն շատ ծավալուն է և ունի իր իսկ առանձնահատկությունները: Հենց դա են լավագույնս վկայում Հայ եկեղեցու և Հայ կաթոլիկ եկեղեցու հայրերի՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, Բաբգեն աքեպիսկոպոս Կյուլեսերյանի, Ղևոնդ վարդապետ Ալիղանի, Միքայել վարդապետ Չամչյանի բազմահատոր աշխատանքները:
Նաև անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ դասագրքի հեղինակներն ընդհանրապես ծանոթ չեն համաշխարհային պատմությանը և ընդհանրապես անտեղյակ են աշխարհագրությունից:
Առաջին գլխի 1.2 ենթագլխում, որը կոչվում է «Հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների. Զաքարյան իշխանությունը» 16-րդ էջում գրված են հետևյալ տողերը «Վրացական թագավորությունը Զաքարեի և Իվանեի ռազմական ծառայության դիմաց Հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրված բազմաթիվ շրջանների կառավարումը վստահեց նրանց… Ուշագրավ է այն, որ ենթակա մուսուլմանական իշխանությունները հարկը վճարում էին Զաքարյաններին և ոչ թե Վրաստանի արքունիքին»:
Հեղինակները ոչ մի տեղ չեն նշում, թե դա որտեղից է վերցրած: Այս տողերի համաձայն՝ ստացվում է, որ Զաքարյանները ոչ թե վրաց արքունիքի սպասավորներ էին, այլ անկախ հայոց տիրակալներ: Հեղինակները կամ չգիտեն, կամ էլ իսկապես անտեղյակ են, որ Վրաստանի թագավորությունը բաժանված էր 9 վարչառազմական օկրուգների-նահանգների, և ամեն մի օկրուգն ուներ իր վարչառազմական ղեկավարը՝ էրիսթավ, և սպասալարը՝ սպարապետ: Եվ այդ ինը նահանգներից մեկն էլ Հյուսիսարևելյան Հայաստանն էր, այսպես կոչված «Զաքարյան Հայաստանը», որը ղեկավարում էին Զաքարյան եղբայրները:
1.3. ենթագլխում (էջ 20)՝ «Հայաստանը քաղաքակրթական նոր մարտահրավերների առջև (XIIIդ. կեսեր-XIVդ.). մոնղոլական արշավանքները» գրված է հետևյալը «Դարեր շարունակ մոնղոլ-թաթարական ցեղերն ապրում էին Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ընդարձակ տափաստաններում, որտեղ քոչվորական կենսակերպ էին վարում»:
Այստեղ զգացվում է հեղինակի աշխարհապատմական գիտելիքների պակասը: Մոնղոլական տափաստանները Բուրյաթիան, «Թաթարիան», Տիվան, Անդրբայկալյան տարածքները, որտեղ ապրում էին մոնղոլական ցեղախմբերը երբեք չեն մտել Չինաստանի կազմի մեջ: Դա էր պատճառը, որ հետագայում նրանց մեծ մասն անցավ Ռուսական պետության ներքո:
Նաև 20-րդ էջի շարադրանքից զգացվում է Ս. Հովհաննիսյանի՝ միջնադարյան պատմության դեպքերից տեղյակ լինելու պակասը: Նա գրում է «Հյուսիսային Չինաստանը գրավելուց հետո Չինգիզ խանը զորքերը շրջեց դեպի Արևմուտք: Մոնղոլական բանակը մտավ Պարսկաստան և գրավեց Կասպից ծովին հարող տարածքները»: Ըստ հեղինակի՝ ստացվում է, որ Չինաստանից մոնղոլները թև առան և մեկ էլ հայտնվեցին Պարսկաստանում: Նույնիսկ դպրոցականին է հայտնի, որ Չինաստանը երբեք չի ունեցել համատեղ սահման Պարսկաստանի հետ: Դարձյալ պնդում եմ, որ դասագրքի հեղինակն անտեղյակ է միջնադարյան պատմաբանությունից և՛ հին, և՛ միջնադարյան տարեգրություններից: Կարելի էր ծանոթանալ մոնղոլական արշավանքներին նվիրված ժամանակագրություններին, մոնղոլական, եվրոպական և հայ պատմաբանների գործերին: Պնդել, որ Չինգիզ խանը զորքերը շրջեց դեպի Արևմուտք, սխալ է: Ճիշտն այն է, որ Չինգիզ խանը անձամբ չի մասնակցել այդ արշավանքներին: Մոնղոլական զորքերն այս արևմտյան արշավանքի ընթացքում ղեկավարում էին Զեբե Նոյինը և Սուբադայ Բահատուրը: Նրանք սկզբում Մոնղոլիայից ներխուժեցին Մերձբայկալյան երկիրը, գրավեցին այդ տարածքները և ստիպեցին տեղի մոնղոլ-թաթարական ցեղերին մասնակցել իրենց արևմտյան արշավանքին, որից հետո մեծաքանակ ուժերով ոչնչացրին Միջին Ասիայի Խորեղմշահերի պետությունը և նոր մտան Անդրկովկաս:
21-րդ էջի «Պայքար մոնղոլ զավթիչների դեմ» ենթագլխում գրված է. «Ի վերջո ծանր հարկերն ու հեռավոր երկրներում զինվորական ծառայության ծանր բեռն ապստամբության պատճառ դարձան: Հատկապես նշանակալի էր 1259թ. ապստամբությունը: Հայ և վրաց միացյալ ուժերն ապստամբելով փորձում էին թոթափել մոնղոլական գերիշխանությունը: Ապստամբությունը, սակայն, ի վերջո ճնշվեց»:
Անհասկանալի է, արդյոք հեղինակը, նմանվելով ադրբեջանցիներին, բացեիբաց սկսել է թալա՞նել վրացիների պատմությունը: Պատմության այս հատվածը վերցրել է Վրաստանի պատմիչների գործերից: Այդ հակամոնղոլական ապստամբությունը տեղի է ունեցել 1259թ. և Հայաստանի հետ կապ չունի: 1259թ. մոնղոլների դեմ ապստամբեց վրաց թագավոր Դավիթ VI Նարինը (1247-1293): Նա ջախջախեց Վրաստանում կանգնած մոնղոլների կայազորները, սակայն երբ մոնղոլական մեծ բանակը ներխուժեց Վրաստան, Դավիթ VI-ը անցավ Իմերեթիա (Արևմտյան Վրաստան) և այստեղ հիմնեց Իմերեթիայի թագավորություն՝ Քութայիսի մայրաքաղաքով:
1261թ. Քարթլիում տեղի ունեցավ մի նոր ապստամբություն Դավիթ Ուլա թագավորի գլխավորությամբ, սակայն մոնղոլներից գրավելով մի քանի ամրոցներ ՝ հետո նահանջեցին Քութայիսի՝ Դավիթ Նարինի մոտ: Հայերի մասնակցության մասին խոսք չկա:
33-րդ էջում նշված է 2.2 ենթագլուխը, որը կոչվում է «Հայոց եկեղեցու հարաբերությունները Կիլիկյան հայկական պետության հետ», կազմում է ընդամենը 8 տող: Ըստ դասագրքի հեղինակ Ս. Հովհաննիսյանի՝ ստացվում է, որ Կիլիկյան պետությունը, որը գոյատևել է 1080-1375թթ., այսինքն՝ 300 տարի, երբ Մայր Աթոռը Հայսատանից տեղափոխվեց, Հայոց եկեղեցին ոչ մի հարաբերություն չի ունեցել արքունի իշխանությունների հետ: Չեն եղել ո՛չ Գրիգոր Գ Պահլավունին, Ներսես Դ Կլայեցին (Ներսես Շնորհալին), ո՛չ Գրիգոր Դ Տղան, Գրիգոր Ե Քարավեժը, Գրիգոր Զ Ապիրատը, ո՛չ Կոստանդին Ա Բարձրբերդցին և ուրիշ կաթողիկոսներ, ինչպես նաև չկար նրանց պայքարը կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հետ: Միայն դասագրքի 33-րդ էջում գրված է. «Պետության կառավարման գործերին հաճախ մասնակցում էին նաև կաթողիկոսն ու Սսի արքեպիսկոպոսը»:
2-րդ գլխի «Կիլիկյան Հայաստանը XIII-XIV դարերում» ենթագլխում (էջ 35) գրված է. «Շուտով խնամակալի պաշտոնն իր ձեռքը վերցրեց Կոստանդին Գունդստաբլը»: Այստեղ պետք է գրվի ոչ թե խնամակալ, այլ Պայլ և ոչ թե Կոստանդին Գունդստաբլ, այլ ինչպես որ պատմական ավանդույթներում է ընդունված՝ Կոստանդին Պապերոնցին (անգլ. Constatine of Baberon):
Երրորդ գլխում (էջ 45-48)՝ «Հայկական մշակույթը XI-XIV դարերում», միջնադարյան բոլոր հոգևորականների անունները գրված են աշխարհիկ ձևով՝ Մխիթար Գոշ, Ներսես Մշեցի, Գրիգոր Տաթևացի, Սարգիս Պիծակ, Կիրակոս Գանձակեցի: Պետք է լինի Մխիթար վարդապետ Գոշ, Ներսես վարդապետ Մշեցի, իսկ Գրիգոր Տաթևացուն նաև նշել որպես Հայ եկեղեցու սուրբ: Էջ 46-ում թռուցիկ նշվում է հանրաճանաչ Գլաձորի համալսարանի մասին, սակայն ոչ մի տեղ անգամ չի նշվում նրա գիտակրթական գործունեության, ուսանողների, դասախոսական կազմի մասին և նրա նշանակությունը հայ ժողովրդի կրթամշակութային զարգացման վրա:
Այս գլխում գրեթե ոչինչ ասված չէ Լոռու և Տավուշի վանքերում՝ Սանահին, Հաղպատ, Հաղարծին, Խորանաշատ, XII-XVդդ. գործող արևելյան կամ «Հյուսիսային կողմանց» վարդապետների, այդ թվում՝ Գրիգոր վարդապետ Տուտեորդու, Դավիթ վարդապետ Քոբայրեցու, Մխիթար վարդապետ Գոշի գործունեության մասին: Լինելով Հայ եկեղեցու ծիսադավանական կարգի ընդգծված ավանդապահներ՝ նրանք հանդես են եկել Հայ եկեղեցու ավանդությանը սպառնացող նորամուծությունների դեմ:
Գլխավոր հեղինակը ՝ Սմբատ Հովհաննիսյանը, իրեն վերցնելով Թոնդրակ գրական անունը, աղանդավոր-թոնդրակեցի Սմբատ Զարեհավանցու նման երևի թե չի ընդունում Հայ եկեղեցու պատմության առանձին դրվագներ, այդ պատճառով էլ չի նշում «Հյուսիսային կողմանց» վարդապետների՝ հայապահպան եկեղեցահաճո գործունեության և նաև եկեղեցական ժողովների մասին:
67-րդ էջում նշված ենթագլխում՝ «Միասնական պետության վերականգնմանն ուղղված առաջին ձեռնարկները», գրված է հետևյալը « 1547թ. Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսը հրավիրում է գաղտնի ժողով: Ժողովի որոշմամբ կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնում Եվրոպա՝ հայությանը մահմեդականների տիրապետությունից ազատելու համար քաղաքական աջակցություն խնդրելու: Այս առաքելությունը արդյունք չի տալիս»: Այսքանը: Սակայն պետք է նշենք, որ այս պատվիրակությունը մեծ ջանքեր գործադրեց: Ստեփանոս Ե-ն հանդիպեց Վենետիկի դոժի, Հռոմի պապերի, Հռոմեական Սրբազան կայսր Կարլի հետ, ապա Լեհաստանի Սիգիզմունդ II Ավգուստ թագավորի, ինչպես նաև Լվովի և Ղրիմի հայության հետ և վերադարձավ Էջմիածին: Իսկ դասագրքում Ստեփանոս Սալմուստեցու առաքելության մասին ոչինչ գրված չէ:
«Հայաստանը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարում. Ծրագրեր, խոստումներ և ազատագրական շարժումներ» 5-րդ գլխի «Հայաստանի ներքին և արտաքին դրությունը XVII դ. երկրորդ կեսերին- XVIIդ. սկզբին» ենթագլխի 70-րդ էջում գրված է «Արևմուտքից ակնկալություններ ուներ նաև Էջմիածինը: 1677թ. Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում հրավիրեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր գործիչներ: Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Եվրոպա՝ աջակցություն ստանալու համար: Պատվիրակությունը Կոստանդնուպոլսում էր, երբ կաթողիկոսը անսպասելիորեն մահացավ»:
Ոչինչ չի ասվում այն մասին, որ կաթողիկոսը Եվրոպա գնալիս Թբիլիսիում հանդիպում է վրաց թագավոր Գեորգի XI-ի և վրաց եկեղեցու պատրիարքի հետ, որտեղ որոշվում է համատեղ հայ-վրացական պայքարի մասին:
67-րդ էջում գրված է. «Հայկական կողմը դեռևս թերագնահատում էր Հայաստանի ազատագրման գործընթացում սեփական ուժերի նշանակությունը» ենթագլուխը: Անհասկանալի է, թե ինչ է ուզում այս ենթագլխի անվամբ ասել հեղինակը:
Որո՞նք էին սեփական ուժերը՝ անզեն գյուղացի ազգաբնակչությու՞նը, որը հեծում էր իր թուրք-պարսկական լծի տակ: Այս նույն էջում հեղինակը գրում է, «…Հայ բնակչությունը տուրքեր էր վճարում, ինչպես նաև ուներ տարբեր աշխատանքային պարտականություններ՝ ճանապարհների, ջրանցքների կառուցում և այլն: Հարկերը հավաքվում էին մեծ կամայականությամբ և իշխանավորների կողմից կատարվող չարաշահումներով»:
Դասագրքի 72-րդ էջում Ս. Հովհաննիսյանը գրում է, «Օրիի ծրագիրը, սակայն, մնում է անավարտ, քանի որ 1711թ. նա մահանում է Աստրախանում: Նրա գործը շարունակում են Արցախ վերադարձած կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը և ուրիշներ»: Հարց է, Օրին մահացա՞վ, թե՞ նրան թունավորեցին: Իսկ նրա գործը շարունակեց Ռուսաստանում մնացած Օրու մտերիմ ուղեկիցը՝ Մինաս Վարդապետը (Տիգրանյանը), որը հետագայում ձեռնադրվեց եպիսկոպոս:
77-րդ էջում՝ «Հովսեփ Էմինը և Հայաստանի ազատագրման ծրագիրը» ենթագլխում, հեղինակը գրում է. «Էմինի նպատակն էր Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծել վրաց-հայկական դաշնակցային թագավորություն: Նա եղավ Ռուսաստանում և կանցլեր Վորոնցովին ներկայացրեց իր ծրագիրը: Այնուհետև նա նույն նպատակով այցելեց վրաց թագավոր Հերակլ II-ին: Ազատագրական շարժումները կազմակերպելու ծրագրով Էմինը եղավ նաև Հյուսիսային Կովկասում և Արցախում: Արցախում նա տեսավ, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով հրամայել է չընդունել ու չօժանդակել իրեն, և ի վերջո վերադարձավ Հնդկաստան»: Ըստ հեղինակի՝ ստացվում է, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը դեմ էր հայ ազատագրական պայքարին: Ս. Հովհաննիսյանին նորից պետք է առաջարկենք դասագիրք գրելուց առաջ ուսումնասիրել աղբյուրագիտական բազան և թեմային նվիրված առաջնային աղբյուրների, օրինակ՝ ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի կողմից 1989թ. հրատարակված «Иосиф Эмин» գիրքը, որում մանրամասն ներկայացված են Հ. Էմինի կյանքը և գործունեությունը, որը, ըստ այս գրքի, ուղարկվեց իր անգլիացի «խնամակալների» կողմից Օսմանյան կայսրության և պարսկական լծի տակ անզեն հայերին ապստամբելու նպատակով՝ չմտածելով նրա հետագա (ճնշումից հետո) ճակատագրի մասին: Նրա այդ արկածախնդիր նպատակներն իմանալով՝ վրաց Հերակլ II թագավորը Վրաստանից, իսկ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը նրան Հայաստանի տարածքից վռնդեցին Հնդկաստան: Իսկ մինչ այդ կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին հրամայեց Հ. Էմինին ձերբակալել Էջմիածնի բանտում:
Ներկայացնելով Ռուսաստանը որպես բռնակալ պետություն (6-րդ գլուխ)՝ «Հայաստանը՝ կայսրությունների մրցակցության կիզակետում (XIX դար), կորուստներ, ձեռքբերումներ և հեռանկարներ» (էջ 81-97) Ս. Հովհաննիսյանն այս գլխում ցանկացել է պետականություն չունեցող Արևելյան Հայաստանը նմանեցնել Վրաստանի թագավորությանը, որը Ռուսաստանը միացրեց իր կայսրությանը՝ «լուծարելով վրաց թագավորությունները»: Հենց այդ պատճառով էլ այս գլխի 6.1 ենթագլուխը կոչվում է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին (էջ 82-88)»:
Լուսաբանելով 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը և ավարտին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը՝ հեղինակն անգամ ոչ մի դրական տող չի գրում այս իրադարձությունների ազդեցության մասին հայ ժողովրդի վրա: Կարծես 300 տարի ոչ թե հայն էր ռուսներին խնդրում գալ և ազատել իրեն մահմեդական Թուրքիայի և Պարսկաստանի լծից, այլ ռուսն էր դիմում հայոց արքաներին:
17-րդ դարում Հակոբ Ջուղայեցին օգնություն է խնդրել ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ ցարից (տե՛ս Армяно-русские отношении в 17в, Е 1953, էջ 58), ևս Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը 1718թ. սեպտեմբերի 25-ին օգնություն է խնդրել Պետրոս I-ից (տե՛ս Армяно-русские отношении в первой трети XVIII века հ II, մաս1, Ե. 1964, էջ 373-375) և այլն:
Եվ երբ 1826 թվականին ռուս «սոլդատը» եկավ և ազատագրեց Արևելյան Հայաստանը՝ տալով հազարավոր զոհեր, մեկ էլ դարձավ հայոց երկրի թշնամի, և այդ իրադարձությունները կոչվեցին «բռնակցում» և ոչ թե հայերի՝ մահմեդականների լծից ազատագրում: Հեղինակը, նշելով 1827թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցավ հայտնի Օշականի ճակատամարտի մասին, որ ռուսական երեքհազարանոց զորքը և հայ կամավորները ջախջախեցին պարսիկ թագաժառանգ Աբբաս-Միրզայի 30-հազարանոց զորքերը՝ փրկելով պաշարված Էջմիածնի Մայրավանքը ոչնչացումից: Ոչ մի խոսք չի ասվում Սարդարապատի, Աբաս-Աբադի ճակատամարտի մասին, անգամ մի բառ չի ասվում ռուս հերոս-հայասեր գեներալ Աֆանասի Կրասովսկու մասին, ոչ էլ ռուսական բանակի քաջ գեներալներ, իշխաններ Վալերիան Մադաթովի, Վասիլի Բեհբութովի, Մովսես (Մոյիսեյ) Արղության-Երկայնաբազուկի գործունեության մասին: Ամենաանհասկանալին այն է, որ հեղինակը չի նշում նաև ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի և նրա հայրենապաշտ գործունեության մասին, որն իր ղեկավարած ռուսական դեսպանատան աշխատակիցների հետ միասին զոհվեց՝ փրկելով հայերի կյանքը:
85-րդ էջում՝ «Փոփոխություն և շարունակություն» բաժնում, հեղինակները գրում են. «Նոր գրավված Արևելյան Հայաստանը, մասնավորապես Արաքսի գիծը հուսալի էթնիկական տարրով բնակեցնելու խնդիրը, մինչև Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, ցարական կառավարության մտահոգություններից էր: Նրա ծրագրում էր այդ խնդիրը լուծել՝ այնտեղ շուրջ 80 հազար կազակներ վերաբնակեցնելու միջոցով»: Ու միանգամից հեղինակները հայ աշակերտներին են տալիս սադրիչ հարց, «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլիներ, եթե հանկարծ Նիկոլայ I-ի այս նախագիծն իրագործվեր: Ի՞նչ հնարավոր հետևանքներ և խնդիրներ կառաջացներ այն, ինչու՞ կամ ինչպե՞ս»:
Այս նույն քաղաքականությունն իր ժամանակին տանում էին հայ բոլշևիկները (Սարգիս Կասյանը և ուրիշներ): Առաջին աշխարհամարտի տարիներին բորբոքելով ազգին՝ ասելով, թե ռուսական իշխանությունները Կովկասյան ցարական բանակի կողմից ազատագրված արևմտահայոց տարածքներում բնակեցնելու է կազակներին և ստեղծելու է Մերձեփրատական կազակական զորք: Այդ նույն պրովոկացիան անում են դասագրքի հեղինակները միայն այն տարբերությամբ, որ քաղաքականացնում են հայոց դպրոցը և հայ աշակերտներին:
Էջ 86 6.2 ենթագլուխը՝ «Արևմտյան Հայաստանը և Հայկական հարցի միջազգայնացումը»: Այս ենթագլխում հեղինակները «մոռացել են» հիշել 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ռազմաբեմը, կոմս Պասկևիչի կողմից Էրզրումի գրավումը, Էրզրումի հայ ազգաբնակչության հոգևոր առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ հայերի վերաբնակեցումը Ջավախքում, ինչպես նաև Ա. Պուշկինի ճանապարհորդությունը դեպի Էրզրում:
Նշելով Պետրոս ցարի հայանպաստ քաղաքականության մասին՝ հեղինակը գրում է, որ Ռուսահայոց թեմը ենթարկվում էր Գանձասարի կաթողիկոսությանը, որը ճիշտ չէ: 1717թ. (այլ տվյալներով 1706թ.)՝ իր ստեղծման պահից, Աստրախանի հայող թեմը ենթարկվում էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին: Առաջին թեմակալն էր Ստեփանոս արքեպիսկոպոս Գալատացին, ում նշանակել էր հայոց կաթողիկոս Աստվածատուր I Համադանցին: 1730-1762 թթ. թեմը ենթարկվում էր Գանձասարի կաթողիկոսությանը: Եկատերինա II կայսրուհին Ռուսաստանի հայոց թեմը նորից ենթարկեց Էջմիածնի կաթողիկոսությանը և թեմակալ նշանակվեց էջմիածնապատկան Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը:
89-րդ էջում՝ «Բեռլինի վեհաժողովն ու Հայկական հարցի միջազգայնացում» բաժնում անգամ մի տող չի գրվում Մեծ տերությունների՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի թշնամական վերաբերմունքի մասին Հայկական հարցի նկատմամբ, որոնք թույլ չտվեցին Խրիմյան Հայրիկի գլխավորած Հայկական պատվիրակությանը մասնակցելու վեհաժողովին: Հայ ժողովրդի պատմության մեջ մնաց միայն անգլիացի վարչապետ Ռ.Սոլսբերիի թևավոր խոսքը, թե «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայկական լեռները»:
Գերմանացիներն աջակցեցին թուրքերին հայոց ցեղասպանությունն իրագործելուն, իսկ ֆրանսիացիները Կիլիկիան հանձնեցին թուրքերին: 7-րդ գլուխը էջ 97-109 վերնագրված է «Ազգային կյանքի կազմակերպումը և մշակույթի զարգացումը» (XV դարից մինչև XX դարի սկիզբ): Այսինքն՝ այս գլխի հեղինակ բանասեր Ալա Խառատյանը դասագրքի 12 էջում կարողացել է տեղավորել հայ ժողովրդի 500 տարվա պատմությունը, հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային պատմության մեջ: Այս գլխում չի հիշատակվում Վրաստանի հայ գաղութը: Վրացական արքունիքի հայերը եղել են թավադներ (մեծ իշխաններ): Հանրաճանաչ են Վրաստանի արքունիքի հայոց իշխանական տոհմերը՝ Արղության – Երկայնաբազուկներ, Բեհբուդյաներ, Մելիքյաններ, Աբամելիքովներ, Ամատունիներ, Բեքթաբեկյաններ, Սումբաթովներ, Թումանյաններ և այլն: Մեծ ճանաչում ունեին Թիֆլիսի հայ քաղաքագլուխները և առևտրականները:
Ւ մի բերելով վերը նշվածը՝ պետք է ասեմ, որ դասագիրքը ո՛չ սկիզբ ունի և ո՛չ էլ վերջ: Դասագիրք գրողները նախ պետք է իրենք ինչպես հարկն է ծանոթանան մեր պատմությանը և հետո միայն ունենալով լավ խորհրդականներ և գիտական խմբագիրներ, ստանձնեն Հայոց պատմությունը գրելու բարդ ու պատասխանատու աշխատանքը: Հասկանալի է, որ այսօր բացակայում են մեր հարգելի և լուսահոգի մեծ պատմաբանները՝ ակադեմիկոսներ Մկրտիչ Ներսիսյանը, Վարդգես Միքայելյանը և ուրիշներ, սակայն պատմության դասագիրք գրելն էլ դյուրին չէ, չի կարելի նախադեպ ստեղծել, որ ազգը ծիծաղի առարկա դառնա:
ՀՀ բարձրագույն կրթության նախարար ժ. Անդրեասյանին խնդրում ենք, որ շատ շտապ ձևավորի պատմաբան-գիտնականների մի խումբ՝ բաղկացած ՀՀ պատմության ինստիտուտի, ԵՊՀ և Մանկավարժական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնների առաջատար մասնագետներից, որոնք ստանձնեն գրել «Հայոց պատմություն» դասագիրքը՝ օգտագործելով համեմատական – պատմական մեթոդաբանությունը: Թե չէ ստացվում է, որ դասագիրք գրող հեղինակը կամ հեղինակները, ոչ մի հիմնարար աշխատություն չհեղինակած, միանգամից ցանկանում են դասագրքի հեղինակներ դառնալ:
Այնուամենայնիվ, որոշողը մենք չենք, այլ Հայաստանի կառավարությունը և ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը, որոնց մի անգամ ևս խնդրում ենք ընթերցել դասագիրքը և հանգել համապատասխան եզրակացությանը:
Ստեփան Կերտող/Ստեփանյանց/
ՌԴ և ՀՀ պատմական գիտությունների դոկտոր
ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ղեկավար աշխատողների կադրային ռեզերվի անդամ