Պավել Դուրովը զրկվել է իր 3 երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից
ՄիջազգայինՇվեյցարիայի երեխաների և մեծահասակների պաշտպանության տրիբունալը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին զրկել է երեք երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ձեռնարկատիրոջ նախկին սիրեցյալը՝ երեխաների մայրը՝ Իրինա Բոլգարը։
Հետաքննությունը տրիբունալի նախաձեռնությամբ իրականացվել է Ժնևի խնամակալության մարմինների կողմից։
«Խնամակալության մարմինները բազմիցս, այդ թվում՝ իմ ներկայությամբ, փորձել են կապ հաստատել Դուրովի հետ՝ օգտագործելով բոլոր այն կոնտակտները, որոնք ես տրամադրել եմ, և որոնք ես ինքս ավելի վաղ օգտագործել եմ նրա հետ շփման համար։ Բայց նա չի պատասխանում»,- գրել է Բոլգարը։
Կնոջ խոսքով՝ 2022 թվականի վերջին Դուրովն իրեն վերջնագիր է ներկայացրել՝ ստիպելու նրան տեղափոխվել ԱՄԷ, բայց նա իր տուն չի հրավիրել, և զույգի հարաբերությունները փաստացի ավարտվել են։
«Նա հետագայում արգելափակեց անձնական շփման հնարավորությունը, և նրա օրինակին հետևեց իր ընտանիքը: Այսպիսով, նա ինձ այլ ելք չթողեց, քան կապվել Ժնևի երեխաների և մեծահասակների պաշտպանության տրիբունալի հետ, որպեսզի առաջին հերթին կարողանամ ինքնուրույն թարմացնել երեխաների վարչական փաստաթղթերը», - բացատրել է Բոլգարը: