Աննա Հակոբյանը մայոնեզ սիրում է, իսկ խնձոր՝ ոչ․ մի անհարմար պատմություն
ՀասարակությունԹեև արդեն մի քանի օր է անցել միջադեպից, բայց Փաշինյանի ուղղությամբ վերևից ընկած խնձորի շուրջ քննարկումները չեն դադարում։ Տուժածներ չկան, բայց վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տղամարդուն ընդհուպ երկու տարվա ազատազրկում է սպառնում։
Իհարկե, այսպիսի ընթացք գուցե չստանար միջադեպը, եթե թիրախում Նիկոլ Փաշինյանը չլիներ, բայց քանի որ վարչապետն է, ոստիկանները հաշված ժամերի ընթացքում և՛ տունն էին գտել, և՛ խնձորը նետող տարեց տղամարդուն։
Այս պահին տարեց տղամարդու խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Միջադեպի վերաբերյալ չդադարող խոսակցություններին զուգահեռ տեղին է հիշել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ տարիներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը։
2018 թ․ փետրվարին, երբ դեռ հեղափոխության քայլերթն էլ չէր սկսել Փաշինյանը, ընդդիմադիր հայացքների տեր Աննա Հակոբյանի ուշադրությունը գրավել էր Բելգիայում տեղի ունեցած մի միջադեպ․ ակտիվիստները հարձակվել էին Բելգիայի վարչապետի վրա և նրան ողողել մայոնեզով, սակայն վարչապետի անվտանգության ծառայությունը ակտիվիստ աղջիկներին չնկատելու էին տվել և հեռացրել դահլիճից: Աննա Հակոբյանն էլ, կիսվելով այս միջադեպով, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Պատկերացնում եք, էս աղջիկներից ոչ մեկին չեն ապտակում, մազերը չեն քաշում, գլխին չեն հարվածում, կրծքերին ու մարմնի այլ մասերի ձեռք չեն տալիս, վարչապետի վրա մայոնեզ լցնող աղջիկներին ընդհանրապես չնկատելու են տալիս եւ ուղղակի վարչապետին հեռացնում են դահլիճից, ղզիկ եվրոպացիներ են էլին....»։
Բելգիայի՝ մայոնեզով ողողված վարչապետը այնքան ծանր չի տարել միջադեպը, որքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խնձորն ամենևին էլ չի դիպել, բայց դա չի խանգարել որ հենց նույն րոպեին իրարանցում սկսվի ու տարածքը շրջապատեն իրավապահները, գործի անցնեն փրկարարները։
Հավելենք նաև, որ ապացուցված էլ չէ՝ խնձորը նետվել է վարչապետի վրա, որովհետև չի բացառվում, որ խնձորը 71-ամյա տղամարդու ձեռքից պարզապես ընկել է։