Իմ թեժ հանգիստը կարողացա կազմակերպել հենց քաղաքի մեջ. Սուրեն Առուստամյան
ՄշակութայինՀասցրիք հանգստանալ, թե՝ ոչ, բայց, այդուհանդերձ, ժամանակն է կամաց-կամաց ամփոփելու ամառային արձակուրդներն ու թարմ ուժերով դիմավորելու աշնանը: Իսկ թե ինչպես է իր արձակուրդը կազմակերպել հաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, նա փակագծեր է բացել «Իրավունք»-ի հետ զրույցում:
— Սուրեն, այս ամառ Ձեզ համար թեժ հանգստի՞, թե՞ թեժ աշխատանքային շրջան էր:
— Այս ամառ աշխատանքային էր, բայց ես իմ թեժ հանգիստը կարողացա կազմակերպել հենց քաղաքի մեջ՝ լողավազան, արեւ ու լավ տրամադրություն:
— Իսկ սովորաբար ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում՝ ծովափնյա՞, սարերո՞ւմ, թե՞ այլ տեղ։
— Ես միշտ նախընտրում եմ ծովափնյա հանգիստ՝ ծով, արեւ, շա՜տ արեւ: Հենց սկսվում է նոյեմբերը, ես արդեն սկսում եմ հետհաշվակը, քանի որ չեմ սիրում ձմեռը, ցուրտը, անձրեւը: Անհամբեր սպասում եմ, որ գա գարունը, ամառը, ու նորից արեւ լինի շատ:
— Պլանավորում եք Ձեր հանգիստը ինքնուրո՞ւյն, թե տուրիստական գործակալության միջոցով:
— Միշտ փորձել եմ ինքնուրյուն, բայց մեծամասամբ եղել են գործնական այցեր արտերկիր, ու համատեղվել են հանգիստը եւ աշխատանքը: Եթե անկեղծ ասեմ, ես երկար հանգստից էլ եմ ձանձրանում:
— Բայց պասի՞վ, թե՞ ակտիվ հանգստի կողմնակից եք:
— Ակտիվ հանգստի կողմնակից եմ, ես ինքս իմ տեսակով ավելի ակտիվ մարդ եմ ու դրա համար էլ հանգիստը սիրում եմ ակտիվ անցկացնել, նոր բաներ բացահայտել, քայլել շատ, մարզասրահ գնալ:
— Ի՞նչ զավեշտալի կամ անմոռանալի դեպքերով առանձնացավ այս ամառը:
— Զավեշտալի կամ անմոռանալի դեպք չի եղել այս ամառ, քանի որ, ինչպես ասացի, ավելի շատ աշխատանքային էր:
— Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենաարտասովոր կամ էկզոտիկ արձակուրդը:
— Արտասովոր եւ առանձնահատուկ են իմ բոլոր արձակուրդները եւ ընդհանրապես իմ կյանքի բոլոր օրերը: Ինչո՞ւ, որովհետեւ ես այդպես եմ ուզում ու ամեն ինչ անում եմ, որ այդպես լինի: Հակառակ դեպքում՝ կյանքը կդառնա ձանձրալի եւ անհետաքրքիր:
— Թա՞նկ հաճույք է լավ հանգիստ կազմակերպելը, թե՞ բավարար է լավ տրամադրությունը:
— Թանկ են մարդիկ, որոնք միշտ քո կողքին են եւ ոչ մի պարագայում քեզ չեն դավաճանում: Լավ տրամադրությունն էլ, բնականաբար, յուրաքանչյուրս ենք ստեղծում: Իսկ այն, ինչ կապված է գումարի հետ, դա պետք է ընդունել՝ որպես ուղղակի գումար եւ ծախսել լավ ժամանակի համար եւ վերջ (ժպտում է, - հեղինակ):
— Հաճա՞խ եք լողավազաններ այցելում, ի՞նչ է կատարվում երեւանյան լողավազաններում:
— Երեւանում արդեն մի քանի տարի է ունեմ ինձ համար հարազատ դարձած լողավազանը՝ Vahagni pool-ը, որտեղ միշտ գնում եմ: Բարի ու դրական տեղ է, որտեղ միշտ կա արեւ, լավ երաժշտություն ու ժպտացող մարդիկ:
— Ձեր ամառային ֆոտոշարքերին կնախանձեն Ձեր տարեկիցները: Ի վերջո, ո՞րն է մշտապես բազմազբաղ, բայց լավ մարզավիճակում գտնվելու գաղտնիքը:
— Ես երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր ասում են՝ շատ եմ ուզում գնամ մարզասրահ, բայց ժամանակ չունեմ: Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ուրեմն՝ ժամանակ գտնում ես, առավել եւս, եթե դա կապված է առողջ ու գեղեցիկ ապրելու հետ: Ես արդեն 15 տարի է ժամանակ գտնում եմ եւ գնում եմ մարզասրահ՝ ինչքան էլ զբաղված լինեմ: Իսկ ես, հավատացեք, շատ զբաղված եմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ