«Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է
ՄիջազգայինՖրանսիայում շաբաթ երեկոյան ձերբակալված «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ըստ նրանց՝ Դուրովի կալանքի գործը վարող հետաքննող դատավորը կիրակի երեկո երկարացրել է այս ժամկետը։ Ֆրանսիայում հարցաքննության համար կալանքի նախնական ժամկետը կարող է տևել առավելագույնը 96 ժամ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ երբ ավարտվի կալանքի նախնական փուլը, դատավորը կարող է ազատ արձակել Դուրովին կամ նրան մեղադրանք առաջադրել և կալանքի տակ դնել։
Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որը ժամանել է Ադրբեջանից։ Տեղական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված։