ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋԻՑ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵՑ
Իրավական2023թ. դեկտեմբեր ամսին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ավարտվել էր ՀՀ քաղաքացի Ռ.Խ.-ի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի օրինականության ուսումնասիրության գործընթացը և ուսումնասիրությամբ հայտնաբերված՝ ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայցապահանջ էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Գուրգեն Ներսիսյանն ու Արսեն Սարդարյանը, ստանձնելով քաղաքացի Ռ.Խ.-ի և նրա ընտանիքի անդամների ներկայացուցչությունը, դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործի նախնական դատական լսումների փուլում ներկայացրել են ծանրակշիռ իրավական ու փաստական պնդումներ, որոնց հիման վրա դատախազությունը հրաժարվել է հայցից, իսկ 20.08.2024թ. դատարանը կարճել է հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը:
Այս վարույթի շրջանակում փաստաբանների կողմից ի հայտ են բերվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների ու դրանց պրակտիկ կիրառության հետ կապված մի շարք իրավական խնդիրներ, որոնց կանդրադառնանք ավելի ուշ:
«LSA»-ի փաստաբանական թիմը բարձր է գնահատում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքը՝ հատկապես փաստաբանների ներկայացրած իրավական ու փաստական պնդումները լսելու, քննարկելու, օբյեկտիվ գնահատելու և անկաշկանդ գործելու առումով: