Հիվանդագին սովորություններ՝ համակարգչային կախվածության մասին
ՀասարակությունՄասնագետներից ոմանք առաջարկում են համակարգչային կախվածությունը ներգրավել թմրամոլության, ծխախոտամոլության կամ նմանատիպ այլ հիվանդագին սովորությունների շարքում:
Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքներն առանց հասկանալի դրդապատճառի և հակասում են թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին:
Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են` համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում, համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում, տնային գործերի անտեսում, մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում, հրաժարում ընկերների հետ շփումից:
Համակարգչային կախվածության հետևանքով կարող է վտանգվել նաև երեխաների և պատանիների առողջությունը` օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են տեսողության խանգարումներ, գլխացավեր, ողնաշարի, դաստակի ցավեր, հոգնածություն, անքնություն և այլն: