Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով
Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
«2024 թվականի հունիսի 26-ին ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին բյուջետային աջակցության նպատակով 75 մլն եվրո վարկային միջոցներ տրամադրելու մասին: Ծրագիրը կազմված է 3 հիմնական բաղադրիչներից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»,- նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ սահմանել են բարեփոխումների հետևյալ ոլորտային ուղղությունները՝ արտաբյուջետային պլանավորման թափանցիկության, ռիսկերի կառավարման և պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում, կորպորատիվ թափանցիկության ընդլայնում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:
Նախարարն ասաց, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նշված ուղղությունների ներքո նախապայմանների ձևով սահմանվել են երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության կոնկրետ գործողություններ, որոնք արդեն իսկ ապահովված են:
«Սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլն ավարտվել է 2022 թվականին:
Մենք նաև քննարկումներ ենք սկսել 3-րդ փուլ ունենալու համար, ինչի շուրջ կսկսենք աշխատանքներն առաջիկայում»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը հատկանշական համարեց, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է, իսկ ԱԶԲ-ի վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում ԱԶԲ խորհրդի կողմից հաստատվելուց հետո:
«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2024 թվականի Պետբյուջեի մասին օրենքով սահմանված պակասորդի ֆինանասավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց. «Ունենք լողացող տոկոսադրույք, հաշվի առնելով հուլիսի 27-ի տոկոսադրույքը՝ այն մոտավորապես կկազմի 4.178 տոկոս: ՀՀ կառավարությունը կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի առանց որևէ լրացուցիչ վճարի, որը կդառնա անփոփոխ մինչև համաձայնագրի ավարտը: Մայր գումարի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, և մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2029 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2044 թվականի մարտի15-ը»: