Ինչպես միշտ, ամերիկացիները մեզ գցում են կրակը, իրենք ձեռքերը լվանում, մի կողմ քաշվում. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄինչ միջազգային հանրությունն արդեն քիչ է մնում զոռով, բայց ԶԱԳՍ-ով ամուսնացնի Հայաստանին ու Թուրքիային, միայն թե որեւէ պաշտոնական թղթի վրա ամրագրվի, որ իբր կարգավորել են հայ-թուրքական հարաբերություններն ամերիկյան ու եվրոպական սցենարով՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ ՎԵԴԱՆՏ ՊԱՏԵԼԸ զարմանալի անկեղծություն է ցուցաբերել: Նա ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները մեկնաբանելուց: «Ես մեկնաբանություններ չունեմ։ Երկու շահագրգիռ երկրներին հնարավորություն կտայի խոսել այս հարցի շուրջ»,- ճեպազրույցում ասել է Պատելը` ի պատասխան Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբինյանի եւ Քլըչի 5-րդ հանդիպման եւ ընդհանրապես բանակցությունների վերաբերյալ լրագրողների հարցադրմանը: Այո, ինչպես միշտ, ամերիկացիները մեզ գցում են կրակը, իսկ իրենք ձեռքերը լվանում, մի կողմ քաշվում, «как ни в чём не бывало»:
Ի դեպ, Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Այս մասին անվրդով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆԸ: Տարիներով Միացյալ Նահանգների կողմից Վրաստանին գովելուց ու սիրաշահելուց հետո՝ Բլինքենը հիմա զարմանալիորեն մուննաթ է գալիս. «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Մինչ մենք այս գործողությունների պատճառով դադարեցնում ենք Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնությունը, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդին օգուտ բերող ծրագրերին եւ գործողություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները և տնտեսական զարգացումը»: Իսկ ի՞նչն է դարձել Բլինքենի վրդովմունքի պատճառը, հիմնականում այն, որ Վրաստանն ընդունել է օտարերկրյա գործակալների գործունեությունն արգելող օրենք իր երկրում, երբ համանման օրենք կա անգամ ԱՄՆ-ում: Բայց, արի ու տես, որ ամերիկացիները սրտնեղել են. կշարունակեն ֆինանսավորել ոչ թե Վրաստանի կառավարության, այլ՝ կառավարության հիմքերը սասանող ՀԿ-ների հետ՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, անկախ լրատվամիջոցներ անվան տակ ՝ իրականացնելով իրենց սեւ գործը:
Ասացինք ֆինանսավորում, հիշեցինք Երեւանի պետական համալսարանին: Ըստ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի, ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ, ինչի համար էլ ստեղծել են «ԵՊՀ-ի բարեկամներ» հիմնադրամը եւ որոշել են ԱՄՆ-ից գումար հավաքել: Այս համատեքստում մեզ զարմացրեց ԵՊՀ այսրոպեական ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ասածը. «Սատարելով ԵՊՀ-ին` դուք աջակցում եք Հայաստանին»: Թե ինչո՞ւ է ԵՊՀ-ին գումար անհրաժեշտ, եւ ի՞նչ կապ ունի այդ գումարը Հայաստանի հետ, անհայտ է: Սակայն, Կ. Հեքիմյանի գնահատմամբ՝ մի բան է պարզ. «ԵՊՀ-ին մեծ գումար է անհրաժեշտ եւ ոչ թե մասերով, այլ ամբողջությամբ` սկուտեղի վրա»: Նա հիշեցնում է, որ ժամանակին այսպիսի իրավիճակում էր հայտնվել Օստապ Բենդերը, սակայն վերջինս շուտ հասկացավ լեյտենանտ Շմիդտի որդու դերի մանրությունը եւ սկսեց միլիոնատեր փնտրել. «Ըստ այդմ, ինչպես Օստապ Բենդերը, ԵՊՀ այսրոպեական ռեկտորը պետք է գումար փնտրի ոչ թե ԱՄՆ-ի բազմամիլիոնանոց բնակիչների, այլ ամերիկյան ինչ-որ միլիոնատերի գրպանում: Իսկ ԱՄՆ-ում միլիոնատերեր շատ կան: Օրինակ, Թրամփ Դոնալդը: Վերջինիս արտասովոր կերպարը հնարավորություն կտա «սկուտեղի վրա» մեծ գումար ստանալ: Ի դեպ, հենց այդպես վարվեց Թրամփի նախկին զուգընկերուհի Էլիզաբեթ Ջին Քերոլը, որը վերջինիս հաղթեց դատարանում եւ մեծ գումար կորզեց: Եվ ուրեմն՝ ի գործ»:
Զարմացած է «Իրավունք»-ը