Շատ լուրջ զարգացումներ Հայաստանի շուրջ
Վերլուծություն«Խեղճ» Նիկոլ: Մարդն էսքան տարվա մեջ հազիվ մի ամսով արձակուրդ էր «կպցրել», դա էլ հարամ եղավ. մեկ` Լոնդոն, հիմա էլ՝ Թեհրան:
ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ՄԵԿՆԵՑ ԹԵՀՐԱՆ
Բայց ամեն դեպքում, Նիկոլի իրանական այցը հետաքրքիր դետալներ ունի, որոնք որոշ բաներ հուշում են: Ամենահետաքրքիրը, իհարկե, բուն այցի փաստն է: Մի կողմից` տարածաշրջանում մթնոլորտը ծայրահեղ թեժ է, եւ բոլորը խոսում են Հեզբոլլահի, այն է՝ Իրանի հետ մոտալուտ պատերազմից: Իսկ նման իրավիճակում Իրան գնալը ամենաքիչը արեւմտյան հարթակում պետք է, որ ավելացնեն Նիկոլի հանդեպ խոժոռ հայացքները: Եվ մյուս կողմից՝ Նիկոլն այս այցից զերծ մնալու շատ լավ առիթ ուներ՝ արձակուրդում է: Եթե այդքան պետք է նոր նախագահի երդմնակալութ-յանը մասնակցելը՝ որպես խոշոր հարեւանի նկատմամբ ժեստ, կարող էր չէ՞ պարապ-սարապ ման եկող Խաչատուրյանին ուղարկել. ինչ վատ է՝ նախագահական մակարդակ: Իսկ այսպես ի՞նչ է ստացվում. Միրզոյան Արոն եվրոպաներում իրեն է կոտորում «մեր եվրոպական երազանքները» թեմայով, իսկ Նիկոլը, եղած ռիսկերը հաշվի առնելով, անձամբ է մեկնում Թեհրան՝ միայն դրանով Արոյի կիլոմետրանոց ճառերը ջուրը լցնելով: Եվ միայն այս պատկերից արդեն իսկ այն տպավորությունն է, որ անձամբ Թեհրան այցելելու նպատակն ամենեւին էլ միայն հարեւանի հանդեպ քաղաքավարությունը չէ:
Այս վերջին միտքն էլ ավելի ցցուն տեսք ստացավ արդեն Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում, որտեղ Նիկոլին ընդունեցին Իրանի փոխնախագահ (ոչ առաջին), ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրի մակարդակով: Գումարած սրան, օպերատիվորեն տեղեկացրին, որ Նիկոլին ընդունել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին, ապա նաեւ այս պահին արդեն Իրանի գործող նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Այս ամենը առնվազն մեկ բան ի ցույց դնում է՝ աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանը շարունակում է մնալ Իրանի համար խիստ կարեւոր պետություն, եւ այդ կարեւորությունն էլ ավելի է սրվում ներկա բուռն սրացումների ֆոնին: Խոշոր հաշվով, միգուցե Մերձավոր Արեւելքում այս պահին մեծ պատերազմի հավանականությունը տրամաբանորեն քիչ հավանական է թվում: Բայց նաեւ չմոռանանք, որ այնպիսի ժամանակներ են, երբ ամենահավանական զարգացումներն անգամ ցանկացած պահի կարող են իրականություն դառնալ: Իսկ Հայաստանը, իր ողջ լավ ու վատով, այնուամենայնիվ մնում է իրանական բանակը ռուսականին կապող միակ օղակը. այս պահին հենց Հայաստանի հարավային սահմանին է, որ իրանական եւ ռուսական զինվորականությունն ուղիղ շփման մեջ են: Եվ բնական է, որ Թեհրանը, առավել եւս հենց այս սուր իրավիճակում, ոչ մի պարագայում չի կարող թույլ տալ այդ օղակի խաթարումը: Ընդգծենք՝ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, այդ թվում, եթե Հայաստանը որոշի գնալ նման խզման: Բնական է, որ Նիկոլը եւս դա շատ լավ գիտակցում է, եւ այս այցը կարելի է մասամբ դրանով էլ բացատրել: Նաեւ բնական է, որ Իրանում հիշատակված հանդիպումների ժամանակ պետք է, որ Նիկոլին ավելորդ անգամ հիշեցնեն այդ իրավիճակի մասին՝ հորդորելով չգնալ ռիսկային քայլերի:
ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐՈ՞Ք ԿԱՐՈՂ Է ԿՌՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ
Այս իրավիճակում, իհարկե, մեկ էական նյուանս եւս չպետք է աչքաթող անել: Նկատի ունենք թուրքական գործոնը, որն այս օրերին Մերձավոր Արեւելքի այս ծայրահող սուր զարգացումներում անգամ միանգամայն ընդգծված տեսք ստացավ: Նաև նկատի ունենք Էրդողանի հայտարարությունը Իսրայել ներխուժելու հնարավորության մասին, որը թեեւ կարելի է շփոթել սովորական մեծախոսության կամ խաղի հետ, եթե միայն այն այդ աստիճան սուր եւ աղմկահարույց չլիներ: Իրանական փորձագետի գնահատմամբ. «Ես կարծում եմ, որ Էրդողանի վերջին հայտարարությունը կհանգեցնի լուրջ հետեւանքների։ Սիոնիստական լոբբիներն ու թաքնված ուժերը սա անպատասխան չեն թողնի։ Անպայման արձագանք կլինի, պարզապես հիշեք, որ ձեր աչքերը բաց պահեք։ Հուսով եմ, որ Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա, որ դա տեղի ունենա, քանի որ այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն մեծապես կազդի Իրանի եւ Ռուսաստանի վրա։ Հուսով եմ, որ Էրդողանը նման կոշտ հայտարարություն է արել՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր հետեւանքները»:
Թերեւս, փորձագետը չի սխալվում. Էրդողանը սպառնում է պատերազմով՝ ռազմական ներխուժմամբ Իսրայելին, որն իր թիկունքին ունի Արեւմուտքը՝ դրա տեսանելի եւ անտեսանելի տերերով հանդերձ: Ու նման հայտարարությունը չէր կարող պատահական լինել. առնվազն, Թուրքիան կարող է վերջնականապես կորցնել իր կշիռն իսլամական աշխարհում, եթե այս իրավիճակում մտածի բացառապես խաղեր խաղալու կամ պասիվ դիտորդի դերի մասին: Չէ, նման չէ, որ այս անգամ դա խաղ է. Էրդողանը, իհարկե, շատ լավ է հասկանում, որ Իսրայելին ներխուժման սպառնալիքը արդեն իսկ հարված է այդ պետության թիկունքին կանգնած գլոբալ ուժերի հեղինակությանը, եւ դա անպայման պատասխան ստանալու է: Եվ այն, որ բացի Իսրայելից, արդեն նաեւ Եվրոպայում, մասնավորապես՝ Նիդերլանդներում են պահանջում Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից, այն էլ նման տոնով. «Այս մարդը լրիվ խելագար է։ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից»: Նման «ծեր աղվեսը», ինչպիսին է Էրդողանը, հազիվ թե հենց այնպես, հանուն ինչ-որ հռետորաբանության այդքան հեռուն հասներ:
Այս վերջին նյուանսին, թերեւս, պետք է ավելացնել նաեւ Սիրիայի նախագահ Ասադի հետ հանդիպելու Էրդողանի համառ փորձերը: Ասադը, իհարկե, դեռ վիրավորված է իր երբեմնի ընկերոջից: Բայց այն, որ նա օրերս Մոսկվայում էր, հանդիպեց Պուտինին, եւ հետո սկսեցին խոսակցություններ պտտվել, որ Էրդողան-Ասադ հանդիպումը հնարավոր է արդեն օգոստոսի սկզբներին, այն էլ՝ Մոսկվայում, իր հերթին է ցույց տալիս, որ Իսրայելի հետ Թուրքիայի բախումը, որքան էլ ֆանտաստիկ հնչի, այնուամենայնիվ դարձել է միանգամայն հավանական:
«ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ՄԵՋ «ՍԵՎ ԿԱՏՈՒ» Է ԱՆՑԵԼ
Բայց վերադառնանք Հայաստանին, որի հետ Էրդողանի նույն հայտարարությունը, որտեղ նա խոսում էր նաեւ Ղարաբաղ զորք մտցնելու մասին, ուղղակի առնչություն ուներ: Բայց արդյոք այդ, ըստ ամենայնի, մինչեւ վերջին բառը մտածված հայտարարության տվյալ միտքը Հայաստանի՞ն էր ուղղված: Չէ, տեսանելի չէ, թե ինչու Էրդողանը պետք է նման լուրջ պահի Հայաստանին ինչ-որ բան ակնարկեր: Իսկ ահա Ալիեւին ասվածը շատ բան կարող է հիշեցնել, որ առանց Թուրքիայի Ադրբեջանը 44-օրյա պատերազմում շանսեր չուներ: Եվ նման է, որ հասցեատերն իրոք Ալիեւն էր, հաշվի առնելով, որ իրանական հիշատակված քաջատեղյակ փորձագիտական աղբյուրը մեջբերում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության շուրթերով արված պատասխանը, թե. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման գործողություններին որեւէ երկրի ռազմական անձնակազմի հնարավոր մասնակցության մասին հայտարարությունները որեւէ հիմք չունեն: Թուրքիան եւ Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարությանը»:
Կարծես թե ընդհանրական իմաստը սա է: Էրդողանը ծայրահեղ կոշտ պայքարի մեջ է մտել Իսրայելի հետ, եւ այս ֆոնին «փոքր եղբայրը» բառ անգամ չի արտաբերել` ի աջակցություն «մեծ եղբոր»: Էրդողանի խոսքն էլ արդեն նմանվում է կշտամբանքի, թե եկա, հողերդ գրավեցի: Բաքուն էլ, ի պատասխան, Էրդողանին, ըստ էության, մեղադրում է ստախոսության մեջ: Եթե այս տարբերակն է, ապա շատ պարզ հարց է առաջ գալիս՝ այս ի՞նչ «սեւ կատու» է անցել երկու «եղբայրների» արանքով: Չնայած, այդ հարցի պատասխանն էլ է աչքի առաջ՝ Իսրայել «սեւ կատուն»:
Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: Մոտ երկու տարի, այսպես կոչված՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը չէին հանդիպել: Վերջերս նման հանդիպում քիչ մնաց` պետք է լիներ: Միայն թե, թուրքական կողմը շատ մատչելի կերպով բացատրեց՝ քանի դեռ չկա Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը», ոչ մի տեղաշարժ չի լինի, եւ հանդիպումներն էլ անիմաստ են: Բայց ահա, ոչ մի տեղաշարժ այս պահին էլ չկա, բայց Հայաստան-Թուրքիա սահմանին նման հանդիպում տեղի ունեցավ: Եվս մեկ դետալ. նախորդ ծրագրված հանդիպումից հետո տարածվեցին համառ խոսակցություններ, որ Թուրքիան այն կանգնեցրել է Ալիեւի խնդրանքով: Ու հիմա ի՞նչ, Ալիեւն Էրդողանին ստախոս է անվանում, վերջինս էլ Քըլըչին ուղարկում է Հայաստանի սահման՝ ցույց տալու համար, թե Ալիեւի խնդրանքներն այլեւս չե՞ն աշխատում: Այսինքն` Անկարայից մի գլուխ դեպի Բաքու մեսիջներ են գնում, թե չափիդ մե՞ջ մնա, թե չէ հայաստանյան ուղղությամբ ողջ կուրսը կփոխեմ:
Չնայած, այս իրավիճակին կարելի է մի փոքր այլ կողմից եւս նայել: Հայաստանի ուղղությամբ ներկա իրավիճակում միանգամայն սուր են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի հայացքները: Այն դեպքում, երբ Թուրքիան, ընդառաջ գնալով չգիտես ում օգտին խաղացող Բաքվի լոբբինգին, ենթարկվում է խաղից դուրս մնալու ռիսկին: Ու այն պահին, երբ կան ներկա գերսրացումները, եւ այդ իրավիճակում հայաստանյան սահմանը, ըստ էության, ինչպես իրանա-ռուսական զորքերի համար է շփման հատված, այնպես էլ, խոշոր հաշվով, թուրք-ռուսական, բայց մնում է փակ:
Կարճ ասած, նման է, որ չափազանց լուրջ իրավիճակ է հասունացել Հայաստանի շուրջ: Դժվար է հավատալը, բայց վիճակը կարող է անգամ բավականին շահեկան ընթացք ստանալ Հայաստանի համար: Միայն թե փաստը, որ ունենք նիկոլյան խունտա, էապես նվազեցնում է հաջող ընթացքի հավանականությունը: