Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, հայտնել՝ պատրաստ է ներողություն խնդրել երեխայից և նրա ծնողներից․ փաստաբան
ԻրավականՓոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը (լուսանկարում), որն ավագ խմբի սան Ա. Կ-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրել ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը. «Նա ամբողջությամբ զղջում է կատարված փաստի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչպես ստացվեց, որ երեխային ծեծած կինը հայտնվեց ազատության մեջ ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նույնիսկ միջնորդություն չներկայացվեց: «Հասարակության մեջ եղած այն մոտեցումը, թե եթե անձի նկատմամբ չի ընտրվում ամենախիստ խափանման միջոց կալանքը, նշանակում է՝ անձը խուսափելու է պատասխանատվությունից, թերի պատկերացում է: Ըստ էության, գործ ունենք մի ապացույցի՝ տեսանյութի հետ, որի բովանդակությունը, ամենամեծ ցանկության դեպքում էլ մեղադրյալը՝ ազատության մեջ լինելով, չի կարող խեղաթյուրել: Ըստ էության՝ քանի որ հրապարակային եղավ երեխայի ծնողների դիրքորոշումը, որ բողոք չունեն, ինչը հայտնի դարձավ, երբ մեղադրյալը գտնվում էր անազատության մեջ: Մեղադրյալը չի կարող նաեւ ինքնանպատակ մղում ունենալ ապացուցման գործընթացին միջամտել, որ իր դեմ բողոք չներկայացվի: