ՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են գետնին
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:
Լուրերի համաձայն՝ աշխատակիցներից ոմանց ցանկացել են տանել հարցաքննության:
Ըստ ահազանգի՝ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։
Հիշեցնենք, որ սպանվել էր ավագանու անդամ Արսեն Աֆինյանը:
«Նշենք, որ գործով խուլիգանության համար կալանավորվել է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին՝ Լևոն Բանդուրյանը, ու չի բացառվում, որ քրեական վարույթի շրջանակներում էլ իրավապահները մտել են նրան պատկանող տարածքներ՝ խուզարկության:
Հյուրանոցի տնօրեն Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, ու այն, ինչ փնտրում էին, չեն գտել, ու այս ամենն ավելի շատ նման է շոուի.
«Իրավապահները ընկել են շփոթմունքի մեջ, ու հյուրանոցը կապ չունի Ալիկ Բանդուրյանի հետ, այլ անձի է պատկանում, այն, ինչ ման են եկել, չեն գտել, ուղղակի շոու է: Իրենք ցենզուրայից դուրս բաներ էին պահանջում, ու ես ոչինչ չէի հասկանում, կրկնում եմ՝ շոուի նման էր՝ ցույց տան, թե աշխատում են»:
Հարցին, թե կոնկրետ, ո՞ր ուժային կառույցն է մտել՝ Արկադի Կիրակոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն, ու որեւէ աշխատակցի հարցաքնության չեն տարել»,- գրել է կայքը: