Տեխասում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը, որի համար ԱՄՆ-ն մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել
ՄիջազգայինՏեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը՝ մեքսիկական ազդեցիկ «Սինալոա» կարտելի առաջնորդ Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադան։ Ավելի վաղ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը մինչև 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել Զամբադային ձերբակալման հանգեցնող տեղեկությունների համար:
76-ամյա Զամբադան «Սինալոա» կարտելը հիմնել է թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս գտնվում է ԱՄՆ բանտում։
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը նշել է, որ Զամբադան և Լոպեսը ղեկավարում են «աշխարհի ամենադաժան և հզոր թմրակարտելներից մեկը»։
Փետրվարին ԱՄՆ իշխանությունները Զամբադային մեղադրանք էին առաջադրել ֆենտանիլ պարունակող նյութի արտադրության և տարածման դավադրության համար:
«Ֆենտանիլը երբևէ մեր երկրին բախված թմրանյութերի ամենամահացու սպառնալիքն է, և Արդարադատության նախարարությունը չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ կարտելի յուրաքանչյուր ղեկավար, անդամ և գործընկեր, որը պատասխանատու է մեր քաղաքացիներին թունավորելու համար, պատասխանատվության չի ենթարկվել», - ասել է Գարլանդը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Զամբադան Մեքսիկայում մի քանի օրինական ձեռնարկությունների սեփականատեր է, այդ թվում՝ կաթնամթերքի ֆերմա, ավտոբուսային ընկերություն և հյուրանոց։
Բացի ֆենտանիլի թրաֆիքինգի մեղադրանքներից, նա նաև մեղադրվում է Միացյալ Նահանգներում սպանության, առևանգման, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության համար:
Զամբադան տասնամյակներ շարունակ կարողանում էր ճողոպրել ԱՄՆ իշխանություններից, բայց, ըստ առկա տեղեկությունների, իր որոշմամբ էր եկել Տեխաս:
Wall Street Journal-ը, վկայակոչելով մեքսիկացի և ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ թմրաբարոնին խաբեությամբ ինքնաթիռ է նստեցրել «Սինալոա»-ի ղեկավարներից մեկը՝ ՀԴԲ-ի և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից իրականացվող գործողության շրջանակում: